HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու գործով ձերբակալված 12  անձինք ազատ են արձակվել, կատարվել են խուզարկություններ

Նոյեմբերի 20-ին օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու գործով ձերբակալված բոլոր 12 անձինք ազատ են արձարկվել: Դատարանները նրանց ձերբակալման որոշումները ճանաչել են ոչ իրավաչափ։ Քննչական կոմիտեն ձերբակալված անձանց անունները չի հրապարակել, մենք պարզել ենք նրանցից 11-ի ինքնությունը։

Այսպես, ձերբակալված են եղել, ապա ազատ արձակվել «Ադեկվադ» միաբանության ղեկավար  Արթուր Դանիելյանը, «ՎԵՏՕ նախաձեռնության անդամներ Նարեկ Մալյանը և Ռոբերտ Մելքոնյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը, ՀՀԿ-ի անդամ Հայկ Մամիջանյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ՀՅԴ-ի անդամներ Սևակ Նազարյանը, Գերասիմ Վարդանյանը, Աշոտ Հովհաննիսյանը և Սարգիս Կարապետյանը։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը, «Հետք»-ի հարցին ի պատասխան, հայտնեց, որ քրեական գործով շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ։

Նշենք, որ օրենքով սահմանված կարգի խախմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու՝ Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համարվում է ոչ մեծ ծանրության արարք,  սանկցիան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով տուգանք է  կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ 

Գործը քննվում է  Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ այն վերաբերում է նոյեմբերի 20-ին՝ Սարյան և Դեմիրճյան փողոցներում, Բաղրամյան, Մաշտոցի պողատաներում, ինչպես նաև Հանրապետության հրապարակում և նոյեմբերի 19-ին՝ Երևան քաղաքի Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ պողոտա խաչմերուկում, Թբիլիսյան խճուղում, Մյասնիկյան, Բաղրամյան, Իսակովի, Գայի պողոտաներում, Ամիրյան փոցող-Մաշտոց պողոտա խաչմերուկում և հարակից տարածքներում հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքերին։

Ինչպես արդեն վերը նշեցինք, քրեական գործի շրջանակներում խուզարկություներ են իրականացվել։ Դրանցից մեկը կատարվել է Միհրան Հակոբյանի բնակարանում։

Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ խուզարկություն իրականացնելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ հստակ նշելով, թե ում բնակարանում պետք է իրականացվի խուզարկությունը, ինչպես նաև, թե ով պետք է իրականացնի այն՝ ինչ առարկաներ փնտրելու նպատակով։

 Ըստ դատարանի որոշման՝ Հակոբյանի բնակարանում խուզարկություն  իրականացնելու թույլտվություն ստացած  քննիչն այնտեղ կարող էր փնտրել հավաք կազմակերպելուն առնչվող առարկաներ, օրինակ՝ բարձրախոս, թուղթ, որի վրա հավաքի մասնակիցների անուններ կլինեին, էլեկտրոնային կրիչ։

Խուզարկությունը, սակայն, իրականացրել է մեկ այլ քննիչ,  ըստ որում՝ առկա չի եղել որևէ գրություն այն մասին, որ խուզարկությունն իրականացրած քննիչին է հանձնարարավել այն իրականացնել կամ որ այս գործով ձևավորվել է քննչական խումբ։

Շխիմյանի խոսքով՝ խուզարկություն իրականացնելու ընթացքում հայտնաբերվել է երեք որսորդական հրացան, ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր թե՛ զենք կրելու թույլտվության, թե Հակոբյանի՝ Որսորդմիության անդամ լինելու վերաբերյալ։

«Որսորդական հրացանները տեսան, մոռացան՝ ինչու են եկել, դրանք վերցրին ու գնացին»,- կես կատակ- կես լուրջ պատմեց Շխիմյանը։ Պաշտպանը պատրաստվում է բողոքարկել խուզարկության թույլտվության որոշումը։

Անդրադառնալով գործի հանգամանքներին՝ Շխիմյանը նշեց, որ որևէ ապացույց չկա այն մասին, որ Միհրան Հակոբյանը ցույց է կազմակերպել կամ անցկացրել։

«Ոստիկաններից մեկը զեկուցագիր էր ներկայացրել, որ տեսել է Միհրան Հակոբյանին՝ լոզունգներ հնչեցնելով քայլելիս, սակայն դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ որոշմամբ արձանագրել է, որ անձին հավաքի ընթացքում տեսնելը չի նշանակում, որ նա հավաքի կազմակերպիչը կամ անցկացնողն է»,- ասաց Միքայել Շխիմյանը։

Նշենք, որ այսօր խուզարկություն է իրականացվել նաև Սարգիս Կարապետյանի և  այլ անձանց բնակարաններում, որոնք մասնակցում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքներին։

Քիչ առաջ «Հետք»-ի հետ զրույցում Արթուր Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իրավապահներն այցելել են նաևԴանիելյանի բնակարան՝ խուզարկություն իրականացնելու։ Այս պահին խուզարկությունն ավարտվել է, թե ոչ, մեզ հայտնի չէ։ Աթանեսյանը հայտնեց նաև, որ թեև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ Դանիելյանը ձերբակալումից ազատ է արձակվել, ինքը դատարանի որոշումը բողոքարկել է, քանի որ դրանում առկա հիմնավորումների հետ համամիտ չէ։

Բացի այդ՝ պաշտպանը նաև դիմել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատավոր Մելիքսեթյանը ձերբակալման դեմ բողոքի գործով որոշում կայացնելու համար 16 ժամով հեռացել է խորհրդակցական սենյակ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Արցախում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունից հետո բազմաթիվ հասարակական, քաղաքական ուժեր, որոնց թվում՝ «Ադեկվադ» միաբանության անդամները, ամեն օր բողոքի ակցիաներ ու հավաքներ են անցկացնում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter