HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրիտանացի բուժաշխատողները կաջակցեն հայ բժիշկներին COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործում

Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել հինգ բուժաշխատողներ, որոնք կաջակցեն հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը ընդունել է Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբին (ՇԲԽ): Բուժաշխատողներն արձագանքել էին ԱՀԿ-ի հրավերին և գործուղվել Հայաստան՝ Առողջապահության նախարարության, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության և ԱՀԿ-ի աջակցությամբ:

«Այս խումբն ունի արժեքավոր փորձառություն: Համավարակի ընթացքում նրանք գործուղվել են բազմաթիվ երկրներ, նաև աշխատել են Միացյալ Թագավորությունում COVID-19-ի դեմ ծավալված միջոցառումների շրջանակում: Վստահ եմ, որ այս պրոֆեսիոնալ խումբը կարող է փոխանցել իր գիտելիքներն ու հմտությունները հայ բուժաշխատողներին՝ աջակցելով COVID-19-ով տառապող հիվանդների բուժմանը»,- նշել է Զայցևը:

«Առաջիկա ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիայի ՇԲԽ-ն կանցկացնի վերապատրաստման դասընթացներ, կհամակարգի հիվանդանոցների աշխատանքը և կհամագործակցի բուժանձնակազմերի հետ՝ երաշխավորելով բարձրակարգ ու որակյալ բժշկական սպասարկում»,- ասված է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Խումբը կաջակցի Առողջապահության նախարարությանը՝ հզորացնելու առողջապահական ծառայությունները COVID-19-ի համավարակի և այլ հիվանդությունների դեմ պայքարի գործում։

Մեծ Բրիտանիայի շտապ բուժօգնության խումբը դասակարգված է որպես ԱՀԿ նախաձեռնություն, որի նպատակն է ձևավորել նախնական որակավորում ունեցող, արտակարգ իրավիճակներում բժշկական օգնություն տրամադրող շտապ բուժօգնության խմբերի համաշխարհային ցանց։ ԱՀԿ-ի այս դասակարգումը վկայում է հիվանդներին անմիջականորեն բուժում ցուցաբերելու խմբի կարողության մասին՝ ԱՀԿ միջազգային ստանդարտներին համապատասխան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter