HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական ակտիվությունը հոկտեմբերին 8.1%-ով նվազել է. առավելապես տուժել են առևտուրն ու ծառայությունները

Պատերազմի պատճառած վնասները Հայաստանի տնտեսությանն արդեն արտացոլվում են տնտեսական ցուցանիշներում: Վիճակագրական կոմիտեն այսօր (նոյմբերի 25) հրապարակել է հոկտեմբերի սոցիալ-տնտեսական օպերատիվ տվյալները, ըստ որոնց  2020 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.1%-ով նվազել է: Սեպտեմբերին գրանցված դրական դինամիկայից հետո, որը ցույց էր տալիս նվազման տեմպերի դանդաղում, տնտեսության պատկերը կրկին վատացել է: Հունվար-հոկտեմբերի կտրվածքով ՏԱՑ-ը նվազել է 6.7%-ով:

Հոկտեմբերին առավելապես տուժել են առևտրի ու ծառայությունների ոլորտները: Կրճատվել են նաև արդյունաբերության ծավալները: Միայն շինարարության ոլորտում է, որ զրոյին մոտ աճ ունենք:

Մասնավորապես, արդյունաբերության ոլորտում հոկտեմբերին գրանցվել է 3% անկում: Տարվա տասն ամիսների կտրվածքով՝ հունվար-հոկտեմբերին, արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 1 տրլն 628 մլրդ դրամ՝ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 0.5%-ով: Աճին նպաստել են տարվա առաջին երկու ամիսներին գրանցված դրական ցուցանիշները:

Շինարարության ոլորտում հոկտեմբերին գրանցվել է 0.3% աճ: Այս տարվա հունվար-հոկտեմբերին շինարարությանն ծավալները կազմել են 271 մլրդ դրամ՝ նվազելով 13.3%-ով:

Պատերազմի հետևանքով առավել մեծ հարված են ստացել առևտրի ու ծառայությունների ոլորտները, որոնք մինչ այդ էլ կրում էին համավարակի ազդեցությունը:

Հոկտեմբերին առևտրի շրջանառությունը, 2019 թվականի նույն ամսվա համեմատ, կրճատվել է 20.9%-ով: Հունվար-հոկտեմբերին ներքին առևտրաշրջանառությունը Հայաստանում կազմել է  մոտ 2 տրլն 277 մլրդ դրամ՝ նվազելով 12.5%-ով:

Ծառայությունների ոլորտում հոկտեմբերին անկումը կազմել է 21%: Հունվար-հոկտեմբերին ծառայությունների ծավալը կազմել է մոտ 1 տրլն 414 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 12.8%-ով:

Իսկ գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են եռամսյակային պարբերականությամբ:

Նվազել է նաև արտաքին առևտուրը

Տնտեսական անկման ֆոնին նվազել է նաև արտաքին առևտուրը: Մասնավորապես, հոկտեմբերին արտահանումը Հայաստանից նվազել է 5.4%-ով, իսկ ներմուծումը՝ 24.3-ով: 

Հունվար-հոկտեմբերին Հայաստանից արտահանվել է 2 մլրդ 54 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 4.4%-ով:

Միևնույն ժամանակ, ներմուծվել է 3 մլրդ 635 մլն դոլարի ապրանք, անկումը՝  14.9%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter