Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 30
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցված վարույթի ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 30։ Այս մասին գրությամբ «Հետքին» հայտնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Հանձնաժողովի փոխանցմամբ՝ վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք հարցումներ՝ Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), ոստիկանություն, առողջապահության նախարարություն, «ՄԻԲՍ» ՍՊԸ։ Պահանջվել և ստացվել են դեպքին առնչվող նյութեր, փաստաթղթեր և տեղակատվություն։
Ստացված նյութերի և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ծագել են դեպքին առնչվող մի շարք հարցեր, ուստի դրանց պարզաբանման նպատակով լրացուցիչ հարցումներ են ուղարկվել առողջապահության նախարարություն և «ՄԻԲՍ» ընկերություն։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին առաջարկվել է ներկայացնել դեպքի վերաբերյալ գրավոր պարզաբանում՝ դրան կցելով իր փաստարկների հիմնավորվածությունը հավաստող նյութեր։
Հոկտեմբերի 28-ին առողջապահության նախարարությունից ստացվել է հարցման պատասխանը և պահանջված փաստաթղթերը, որոնք պարունակում են պետական գնումների ընթացակարգին վերաբերող տեղեկություններ և որոնց ուսումնասիրության, ինչպես նաև դեպքին վերջնական հիմնավոր գնահատական տալու նպատակով հանձնաժողովը դիմել է ֆինանսների նախարարություն՝ գնումների գործընթացի վերաբերյալ փոխօգնություն ստանալու նպատակով։
Դեռևս նոյեմբերի 5-ի տվյալներով՝ «ՄԻԲՍ» ընկերությունից պահանջված հավելյալ տեղեկատվությունը և նյութերը հանձնաժողովը չէր ստացվել։ Արսեն Թորոսյանից գրավոր պարզաբանում ևս չէր ներկայացվել։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել էր օրենքով նախատեսված կարգով վարչական վարույթը երկարացնել, քանի որ փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ։
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթը է հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրությունը։ Մենք հանձնաժողովին տեղակացրել էինք, որ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։
Մեկնաբանել