HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվ մասնակիցների թիվը 374 հազար է

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ հայաստանյան կենսաթոշակային ֆոնդերի փայերի արժեքի էական  տատանում տեղի չի ունեցել: Այս մասին նշված է Կենտրոնական բանկի հրապարակած 2020 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ:

2020 թվականի առաջին կիսամյակի ավարտին կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը կազմել է 295.8 մլրդ դրամ, իսկ զուտ ակտիվեր/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 4.5%, որը 2019 տարեվերջի համեմատ ավելացել է 0.5 տոկսային կետով: 

Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվ մասնակիցների թիվն այս տարվա առաջին կիսամյակի վերջի տվյալներով կազմել է շուրջ 374 հազար մարդ:

Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը՝ մեկ երրորդը, զբաղեցնում են դրամական միջոցներն ու ավանդները: Հաջորդում են օտարերկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերում ներդրումները և ՀՀ պետական պարտատոմսերը: Ի դեպ, պետական պարտատոմսերի տեսակարար կշիռն այս կիսամյակի ընթացքում աճել է 3 տոկոսային կետով:

Այս տարվա առաջին կիսամյակի վերջում կենսաթոշակային ֆոնդերում առկա գումարների կազմում արտարժութային ակտիվները կազմել են 94.8 մլրդ դրամ, որը ընդհանուր ակտիվների 32%-ն է: Նշված գումարի գերակշիռ մասը՝ 79.6 մլրդ դրամը, օտարեկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերն են:

Ֆոնդերի տարեկանացված եկամտաբերությունը առաջին կիսամյակում կազմել է 7.3%:

Հայաստանում այսօր պարտադիր կեսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվություն ունեն 2 լիցենզավորված ներդրումային ֆոնդի կառավարիչներ։ Դրանք են «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերությունները։ Նրանցից յուրաքանչյուրը կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն։

Հայաստանի ֆինանսական համակարգում կենսաթոշակային ֆոնդերի կշիռը վերջին տարիներին ընդլայնվել է։ Այս տարվա առաջին կիսամյակի վերջում ֆինանսական համակարգի կենսաթոշակային ֆոնդերի տեսակարար կշիռը կազմել է 4.1%:

Հայաստանի ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցը բանկերն են, որոնք այս տարվա առաջին կիսամյակում ապահովել են ֆինանսական համակարգի ակտիվների 83.8%-ը։ Հաջորդում են վարկային կազմակերպությունները՝ 9.4% տեսակարար կշռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter