HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կիմ Բալայան․ «Սա հուզմունքի կամ պահի ազդեցության տակ կայացված որոշում չէ»

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի հետ զրուցեցինք Կառավարության շենքի դիմաց, որտեղ մեկ օրից ավելի է՝ նա հացադուլ է սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և նրան քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով։

73-ամյա հացադուլավորին այսօր միացել էր ևս մեկ մեծահասակ՝ Ֆելիքս Պետրոսյանը։ Բալայանն ասում է՝ փորձել է նրան հորդորել հացադուլ չսկսել, բայց Պետրոսյանն էլ իր որոշումն է կայացրել, որի վրա ազդել չի կարող։ Բալայանը մեզ հետ զրույցում խոսել է հացադուլի պահանջների և այլ հարցերի վերաբերյալ։

-Պարո՛ն Բալայան, Նիկոլ Փաշինյանը եռակողմ հայտարարությունը ստորագրել է նոյեմբերի 9-ին, Դուք հացադուլ սկսեցիք դրանից երկու շաբաթ անց։ Ո՞րն էր այն ծայրահեղ վիճակը, որից հետո որոշեցիք սկսել հացադուլը։

-Առաջին իսկ պահից, երբ հրապարակվեց փաստաթուղթը, ես մտածեցի, որ դա հիմնականում վերաբերում է զինադադարին, իսկ հետագայում կձևակերպվի՝ որպես միջազգային պայմանագիր և համապատասխան ընթացակարգով կգնա։ Այսինքն՝ Կառավարությունը պետք է քննարկեր այդ միջազգային պայմանագիրը․ կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ Կառավարությունում քննարկում չէր լինելու, Նիկոլ Փաշինյանի միանձնյա կամքով հավանություն էին տալու դրան։ Դրանից հետո այն պետք է գնար Սահմանադրական դատարան, դրական եզրակացության պարագայում՝ հետո Ազգային ժողով, ապա այնտեղ քննարկվեր և վավերացվեր։ Ես հույս ունեի, որ Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն կվարվի նաև Հայաստանը, քանի որ եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերից երկուսն իրենց խորհրդարաններում քննարկեցին և միջազգային պայմանագրով  հավանություն տվեցին Ռուսաստանը՝ ռուսական զորքերի տեղափոխմանը, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի զորքերի մուտքին Ադրբեջան։ Նույն ընթացակարգով պետք է անցներ նաև այլ պետության զորքերի՝ մեր երկիր տեղափոխման հարցը։ Ես առայժմ համաձայնագրի միայն մի կետից եմ խոսում, բայց նույնիսկ դա չարեց Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն՝ ինքը խախտեց սահմանադրական կարգը։ Համաձայնագրում բացի հրադադարի մասին կետից մնացած բոլոր կետերն, ըստ Սահմանադրության, պետք է իմ նշած ընթացակարգով քննարկվեին։ Տեսնելով, որ այս ապօրինությունը շարունակվում է, Հայաստանի գլխավոր դատախազը քրեական գործ չի հարուցում այդ փաստի առթիվ և Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության չի ենթարկում՝ ես ստիպված դիմեցի այս ծայրահեղ միջոցին։

-Մինչեւ հացադուլ հայտարարելը Ձեր որդիների հետ խորհրդակցե՞լ եք։

-Որդիներիցս որևէ մեկը տեղյակ չի եղել իմ որոշման մասին, տեղյակ է եղել միայն կինս։ Նրան մոտ մեկ շաբաթ առաջ էի ասել, որ այդպիսի ցանկություն ունեմ, բայց հանկարծակի գրիպով վարակվեցի, և երկարաձգվեց այդ ժամկետը։ Եկել եմ այստեղ, որից հետո երեխաներս հրապարակումներից են  իմացել են որ հացադուլ եմ սկսել։ Նրանք կատեգորիկ  դեմ են եղել իմ որոշմանը՝ ելնելով այն հանգամանքից, որ առողջական խնդիրներ ունեմ, շաքարային դիաբետ, և դա կարող է ինձ տանել վերջնական հանգստյալ տուն։

-Դուք 73 տարեկան եք, նախկինում բարձր պաշտոններ եք զբաղեցրել, հասարակության լայն շրջանակներում ճանաչում ունեք։ Ինչո՞ւ որոշեցիք, որ այս ծայրահեղ միջոցով պիտի Ձեր խոսքը եւ բողոքը տեղ հասցնեք։ Մի՞թե ձեր խոսքը առանց հացադուլի էլ լսելի չէր լինի։

-Մինչ այս քայլին դիմելը  ես փորձել եմ իրավական շրջանակներում այս հարցը բարձրացնելու հնարավորություն ունեցող անձանց հետ խոսել։ Տեսա, որ այդ եղանակով չի ստացվում և հարցին հրապարակային ընթացք տալու համար ստիպված եղա ընտրել այս ձևը, որն, այո ծայրահեղ ձև է, բայց այսօր մեր երկիրն այնպիսի ծայրահեղ ծանր վիճակում է, որ, իմ կարծիքով, այս ծայրահեղ քայլին դիմելով կարելի է դրա դեմն առնել։

-Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքն էլ ծայրահեղ վիճակում է ստիպված եղել հայտարարությունը ստորագրել։

-Եթե Նիկոլ Փաշինյանի ռոմանտիկան և պոպուլիզմը դնենք կողքի, հստակ կտեսնենք, որ փաստերն այլ բանի մասին ես խոսում։ Նախ և առաջ մոտ տասը օր տևել են այդ բանակցությունները։ Բացի այդ՝ մեր զինված ուժերի շտաբի պետը պատերազմը սկսելուց երեք-չորս օր անց ասել է, որ ամեն ինչ պետք է անել՝ հրադադար կայացնելու համար, քանի որ մենք չունենք այն ռեզերվները, որպեսզի թուրքական, ահաբեկչական և ադրբեջանական զորքերի դեմ պայքարենք։ Եւ երրորդ․ Ռուսատանի նախագահ Պուտինը հստակ հայտարարեց, որ ամսի 19-ին, 20-ին ինքը համոզել էր Ալիևին, որ փախստականներին թույլ  տան  Շուշի վերադառնալ, բայց Նիկոլ Փաշինյանը չհամաձայնվեց։ Սա նշանակում է, որ այդ բոլոր զոհերը մնացին Նիկոլ Փաշինյանի խղճին, և ինքը ոչ թե այն ժամանակ պետք է ստորագրեր, այլ դրանից շատ ավելի առաջ։ Իսկ եթե ավելի առաջ գնանք, ապա ինքը պարտավոր էր բոլոր քայլերը ձեռնարկել, որպեսզի պատերազմ չսկսվի։ Բայց քանի որ ինքը հարաբերությունները փչացրել էր և՛ դաշնակից, և՛ չեզոք երկրների, և՛ միջազգային շատ կազմակերպությունների հետ, մենք ունեցանք այն, ինչ ունեցանք։

-Ձեր որդին՝ Գաբրիել Բալայանն, օրեր առաջ է իր դիմումի համաձայն ազատվել Պաշտպանության փոխնախարարի պաշտոնից։ Ինքը Ձեր հայտնած դիրքորոշումը կիսո՞ւմ է։

-Իմ որդիները մինչև հիմա գտնում են, որ ես ճիշտ ուղով չեմ գնում՝ հացադուլ անելով, բայց, ինձ թվում է՝ իրենց մտահոգությունը վերաբերում է ոչ թե իմ քաղաքացիական դիրքորոշմանն, այլ անհանգստացած են իրենց հոր առողջական վիճակով։ Դա իմ համոզմունքն է։ Ինչ վերաբերում է որդուս՝ Պաշտպանության նախարարի տեղակալ լինելուն, նա մեկ շաբաթ առաջ է ազատման դիմում գրել։ Բացի այդ՝ ինքը չի կոորդինացրել այնպիսի բնագավառներ, որոնք ռազմական կամ նյութատեխնիական մատակարարման հետ որևէ կապ ունեին, ինքն իրավական բլոկն է սպասարկել այնտեղ։

-Ձեզ «մեղադրում են», ասում են՝ երեք որդիները պաշտոնյաններ են կամ եղել են, իսկ Դուք եկել, Կառավարության դիմաց հացադուլ եք անում։ Ձեր որդիների՝ պաշտոն ունենալու կամ նախկինում պաշտոն ունենալու հանգամանքը Ձեզ ինչ-որ չափով կաշկանդե՞լ է հացադուլ հայտարարելու որոշումը կայացնելիս կամ այժմ կաշկանդո՞ւմ է։

-Դե իհարկե, ինչ-որ հոգեբանական ազդեցություն դա ունենում է, բայց ի վերջո ես պետք է կարողանայի ինքս իմ մեջ, իմ խղճի առաջ հաշվետու լինելով՝ նժարի վրա դնել․ այսօր իմ երեխաների նույնիսկ ամենաարդյունավետ աշխատանք է կարևոր, թե՞ ժողովրդին այն  վիճակից հանելը, որի մեջ հայտնվել ենք։ Եւ ես մտածեցի, որ այն, ինչ անում եմ այժմ, ավելի ճիշտ ուղին է։ Ինչ վերաբերում է նախկինում պաշտոն զբաղեցնելուն, հանրությունը գոնե պետք է հիշի, որ երբ ես եղել են Գերագույն խորհրդի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գերագույն խորհրդի նախագահության անդամ, այն ժամանակ էլ ես միշտ եղել եմ ժողովրդի հետ ու ընդդիմություն եմ եղել նաև այն ժամանակվա իշխանությանը։ Հետագա տարիներին էլ, որտեղ էլ աշխատել եմ, երբևէ որևէ իշխանավորի պատվեր չեմ կատարել, այլ կատարել եմ այն, ինչ բխել է իմ իրավամտածողությունից և ինչ թելադրել է խիղճս։ Ես չեմ ուզում սրանք օդում հնչած խոսքեր լինեն։ Մի փաստ ասեմ․ Սահմանադրական  դատարանում աշխատելու ժամանակ, երբ հերթական հատուկ կարծիքն էի գրում՝ համաձայն չլինելով Դատարանի կայացրած որոշման հետ, Գագիկ Հարությունյանն ասաց՝ պարո՛ն Բալայան, Դուք 2003  թվականից եք եկել Սահմանադրական դատարան, բայց ավելի շատ հատուկ կարծիքներ եք գրել, քան մյուս բոլոր դատավորները՝ միասին։ Սա փաստացի ապացույց է, որ ես իշխանության կամակատար չեմ եղել, այլապես ես էլ կմիանայի այն մեծամասնությանը, որը իշխանական տեսակետ էր արտահայտում։ Հետևաբար իմ խիղճը մաքուր է։

-Ես մի քանի րոպե է, ինչ այստեղ եմ, ու եղանակային ցուրտ պայմաններին չեմ դիմանում, Դուք մեկ օրից ավելի է՝ Կառավարության դիմաց եք, ընդհուպ գիշերն եք մնացել։ Ինչպե՞ս եք դիմանում։ Ինչ-որ պահի չե՞ք զղջացել, որ նման քայլի եք գնացել։

-Տաք եմ հագնված, գիշերն էլ մեքենայի մեջ ենք եղել։ Ինչ վերաբերում է զղջալուն, սա հուզմունքի կամ պահի ազդեցության տակ կայացված որոշում չէ, սա հանուն ազգի փրկության կայացված որոշում է։

-Արդեն մեկ օրից ավելի է, ինչ Կառավարության շենքի դիմաց եք։ Իշխանական շրջանակներից փորձե՞լ են Ձեզ հետ բանակցել, որ դադարեցնեք հացադուլը, հետաքրքրվե՞լ են Ձեր առողջական վիճակով։

-Իշխանական թևից նույնիսկ որևէ ազդակ չի եղել հանդիպման հետ կապված։ Ինչ վերաբերում է մյուսներին, և՛ անձնական, ընկերական շրջապատս, և ընտանիքս գտնում են, որ ծայրահեղ քայլի եմ դիմել, բայց ես այլ ելք չեմ տեսնում։ Եթե նույնիսկ այսպես գնամ այս երկրից, շատ ավելի հանգիստ կլինեմ, քան եթե տանը ձեռքերս ծալած նստեի։

-Ձեզ բժիշկ այցելե՞լ է։

-Այսօր բժիշկ եկավ, ճնշումս չափեց։ Որքանով ես կասկացա, Սախարովի կենտրոնից էին Շտապօգնությանը դիմել, ասել էին, որ առողջական խնդիրներ ունեմ և խնդրել էին այցելել։

-Ի՞նչ հորդորեցին Ձեզ բժիշկները։

-Եկան ճնշումս չափեցին, մի փոքր բարձր էր, հիմա նորմալ եմ զգում ինձ։

-Ձեր կողքին նստած է այլ հացադուլավոր, դարձյալ մեծահասակ։ Ձեր կարծիքով՝ շատ թվով մեծահասակների հացադուլն ավելի ազդեցի՞կ կլինի։

-Ես այն տեսակետին չեմ, որ հացադուլավորների  քանակի ավելացմամբ դրա ազդեցությունը մեծանում է։ Դա իմ անձնական տեսակետն է։ Ես Ֆելիքս Պետրոսյանին մեկ ժամ խնդրում,  հորդորում էի, որ առողջական այս վիճակում հացադուլ չանի, բայց ինքն էլ իր որոշումն է կայացրել, ես չեմ կարող որևէ կերպ ազդել նրա որոշման վրա։ Պետրոսյանն այս պատերազմում թոռանն է կորցրել։

-Երեկվանից Ձեր ընկերներն այցելում են Ձեզ և, կարծես թե, հաշտ չեն այն որոշման հետ, որ կայացրել եք՝ հաշվի առնելով Ձեր առողջական վիճակը։ Կա՞ անձ, ում հորդորին չեք կարողանա «չենթարկվել» ու դուրս կգաք հացադուլից։

-Ինձ համար մարդկային առումով հեղինակություններ շատ կան, որոնք կարող են ինձ խորհուրդներ տալ, սակայն կարծում եմ՝ իրենք փոխադարձաբար իմ հանդեպ հարգանք ունեն և ինձ այդպիսի կոչով չեն դիմի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter