HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հացադուլ հայտարարած Կիմ Բալայանը պահանջում է Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկել

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել` միանալով երեկվանից Կառավարության դիմաց հադացուլ անող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին։

Բալայանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու պնդում, որ Փաշինյանը պետք է սահմանադրական կարգը տապալելու համար ենթարկվի քրեական պատասխանատվության։ Ադրբեջանի, Ռուսատանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարության մեջ առկա կետերը, որոնց տակ ստորագրել է Փաշինյանը, ըստ Կիմ Բալայանի, բովանդակում են այնպիսի հանգամանքներ, որոնք պետք է քննարկման առարկա դառնային Սահմանադրական դատարանում։

«Մեր Սահմանադրության 116-րդ հոդվածով  հստակ սահմանվում է, թե ինչ բան է միջազգային պայմանագիրը, և որ հարցերը պետք է միջազգային պայմանագրով կարգավորվեն»։

Ըստ Բալայանի՝ բացի հումանիտար հրադադարից, հայտարարության մյուս կետերը պետք է անցնեին Սահմանադրական դատարանով։

«Դա պետք է միջազգային պայմանագիր լինեի, գար Սահմանադրական դատարան, եթե Սահմանադրական դատարանը քններ և որոշեր, որ այն սահմանադրությանը համապատասխանում է, նոր պետք է գնար Ազգային ժողով, Ազգային ժողովը վավերացներ»,- միջազգային պայմանագրի վավերացման ընթացակարգը բացատրեց Կիմ Բալայանը՝ միաժամանակ դիրքորոշում հայտնելով,  որ եռակողմ հայտարարության տեսքտում կան վիճահարույց կետեր, որոնք, գուցե, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեր։

Բալայանը փաստում է՝ այժմ չկա միջազգային պայմանագիր, որը պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան։

«Սահմանադրական կարգն ամբողջությամբ տապալված է»,- ասաց Կիմ Բալայանն ու նշեց, որ իր հացադուլն ուղղված է նաև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, որոնք դեռևս քրեական գործ չեն հարուցել ու Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության չեն ենթարկում։

«Այսինքն՝ նրանք նույնպես հանցանք են կատարում՝ անգործություն ցուցաբերելով»,- ասաց Կիմ Բալայանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած համատեղ հայտարարության համաձայն՝

  1. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

    2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:

    3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

    4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է ժամկետ 5 տարի ժամկետով, որըինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

    5. Հակամարտության Կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն:

    6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

    Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետոռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:

    Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:

    7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ:

    8. Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

    9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

    Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter