HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանսիան՝ «հոգու պարտքի եւ պրագմատիզմի միջեւ» դժվար ընտրության առաջ

Ինչպես արդեն հայտնել ենք, Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւ ընդունեց, որը խորհրդատվական բնույթ ունեցող փաստաթուղթ է եւ կոչ է անում կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը։

Սենատում տեղի ունեցած քննարկմանը հնչած ելույթները բոցաշունչ էին՝ համեմված հայ ժողովրդի պատմության ողբերգական անցքերի ու իրադարձությունների հիշատակումներով, 1915 թվականի Հայոց ցեղասպանության եւ արցախյան առաջին ու սեպտեմբերյան պատերազմների միջեւ զուգորդություններով, հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մասին հիշեցումներով եւ Ֆրանսիայի համար իրենց կյանքը զոհած, Ֆրանսիայի զարգացման մեջ իրենց ավանդն ունեցած հայերին վարձահատույց լինելու պարտավորության վկայակոչմամբ։

Ֆրանսիական դիմադրության շարժման անդամ Միսաք Մանուշյանի, ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի, քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանի անունները հիշեցնելով՝ բանաձեւը ներկայացնող Բրունո Ռըտայուն ասաց, որ հայ ժողովուրդն առանձնահատուկ տեղ ունի քաղաքակրթության պատմության մեջ, շատ բան է տվել մարդկությանը եւ Ֆրանսիային՝ անհրաժեշտ պահերին, եւ հիմա իրենց պարտքն է, ընդունելով այս բանաձեւը, վարձահատույց լինել հայ ժողովրդին իր հավատարմության համար։ «Մեր հայ եղբայրներին պետք է ասենք, որ Ֆրանսիան իրենց կողքին է»,- ասաց մեկ այլ սենատոր՝ Ժան-Նոել Գերինին։

Սենատորներից շատերը քննադատեցին պատերազմի 44 օրերին Ֆրանսիայի դրսեւորած չեզոք վերաբերմունքը, «թաքնվելը Մինսկի խմբի թիկունքում» այն դեպքում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ էթնիկ զտում էր իրականացնում Արցախում, կիրառում արգելված զենքեր քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Նրանք կոչ արեցին կառավարությանը հրաժարվել «երկակի դիսկուրսից», դիրքորոշում հայտնել եւ արագ գործել՝ անհապաղ ճանաչել Արցախի անկախությունը՝ ապահովելու եւ երաշխավորելու համար նրա ժողովրդի անվտանգությունն ու ապրելու իրավունքը։ Շատերը հիշեցրին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերը՝ «հայերին շների պես Լեռնային Ղարաբաղից վռնդելու մասին» եւ կոչ արեցին միջազգային հանձնաժողով ստեղծել՝ պատերազմական հանցագործությունները բացահայտելու համար։ Ապա նաեւ՝ դիմել միջազգային քրեական դատարան։

Վալերի Բուայեն, որի առաջարկությամբ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծ, ասաց, որ Ֆրանսիան պատերազմի ողջ ընթացքում գրեթե ոչինչ չարեց Հայաստանի համար, սոսկ «մի փոքրիկ մարդասիրական օգնություն», եւ իմանալով էթնիկ զտումների մասին՝ մնաց չեզոք՝ այդպիսով բռնելով ճնշողի կողմը։ «Մենք միայն մեծ ազգ չենք, մենք մի ողջ քաղաքակրթություն ենք, եւ եթե Ֆրանսիան դեռ ցանկանում է լսելի եւ հարգված լինել, պետք է գործի։ Սա Ֆրանսիայի արժանապատվության հարցն է։ Արցախի անկախությունը ոչ միան իր ժողովրդի, այլեւ ֆրանսիացիների, եվրոպացիների կյանքի երաշխիքն է։ Մենք առաջինն էինք ցեղասպանության ճանաչման հարցում, առաջինը պետք է լինենք նաեւ Արցախի անկախության ճանաչման հարցում»,- ասաց Վալերի Բուայեն։

Ելույթ ունեցող սենատորները դատապարտեցին Թուրքիայի նախագահ Էրդողանի նվաճողական քաղաքականությանը Մերձավոր Արեւելքում, Բալկաններում, Հունաստանի եւ Կիպրոսի դեմ ոտնձգությունները եւ այժմ էլ Լեռնային Ղարաբաղում՝ ընդգծելով, որ այս սպառնալիքներրը պետք է լուրջ ընդունել եւ կանխել։ Կոչեր եղան տնտեսական եւ քաղաքական սանկցիաներ կիրառել Թուրքիայի նկատմամբ։

Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, ըստ հնչած ելույթների, չի լուծել հակամարտությունը, ընդամենը թույլ է տվել երրորդ երկրի ռազմական կոնտինգենտ տեղադրել Լեռնային Ղարաբաղում, հետեւաբար հրադադարը դուրս է որեւէ միջազգային հսկողությունից։ Սենատորներից շատերը պնդեցին, որ պետք է վերականգնել միջազգային կարգը եւ պրոցեսները վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակ, որի հեղինակությունը փրկելու մի քայլ է նաեւ այս բանաձեւը։ 

Սենատոր Ստեֆան Ռավիեն ասաց, որ Ադրբեջանը Ֆրանսիայի առաջին գործընկերն է Հարավային Կովկասում, ուստի Ֆրանսիան իր ադրբեջանական հաճախորդի հետ պետք է հաշվի նստի, որին 374 մլն եվրոյի զենք է վաճառել։

«Ի՞նչ կշիռ կարող են ունենալ մի քանի հարյուրավոր հայեր առեւտրային այս նժարի վրա։ Իրականությունն այստեղ է, առեւտրային է, հաշվապահական է, դաժան։ Միջազգային հանրության խլացուցիչ լռությունից հետո մեր Ասամբլեան դուրս է գալիս իր ընդարմացումից եւ հապճեպ փորձում է ինչ-որ մի բանաձեւ ընդունել։ Իհարկե, Արցախի անկախությունն անհրաժեշտ է, դա առաջին քայլն է, որպեսզի հայ ժողովուրդը պաշտպանվի էթնիկ զտումից, որն արդեն սկսվել է։ Սպառնալիքի տակ է իր իսկ գոյությունը՝ աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը վտանգված է սուլթան Էրդողանի ծավալապաշտական նկրտումների պատճառով, որովհետեւ առանց նրա Ադրբեջանը չէր սկսի այս պատերազմը եւ առավելեւս չէր հաղթի։ Կիպրոսից եւ Հունաստանից հետո Հայաստանի ու Արցախի հերթը հասավ, եւ սա նշանակում է, որ մեր հերթն է հասել։ Պետք է դուրս գալ այս ընդարմացումից եւ պատժել Թուրքիային, բայց դրա համար պետք է դուրս գաք ձեր երկակի դիսկուրսներից, դառնաք իրական դերակատարներ։ Դեռ կա ճանապարհ, որպեսզի վերագտնենք մեր արժանապատվությունը»,- ասաց Ստեֆան Ռավիեն։ Նա պատմեց պատերազմի օրերին Գորիսի հիվանդանոց իր այցի մասին եւ, նկարագրելով վիրավոր քսանամյա մի զինվորի քաջությունը, ասաց՝ հայ երիտասարդները ցույց են տալիս, որ Հայաստանն ունի ապագա, եւ Ֆրանսիան երկրորդ անգամ չպիտի լքի նրան ու պետք է արդարացնի նրա վստահությունը։

Սենատորներից հետո ելույթ ունեցավ Եվրոպայի եւ արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լը Մուանը, որի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Բռնի ռազմական գործողությունների վեց շաբաթը լուրջ ողբերգություն է մարդասիրական, անվտանգության եւ քաղաքական առումով, այս ճգնաժամը մեզ խորապես հուզում է, հազարավոր զոհվածներ, քսանամյա երիտասարդներ, որոնց կյանքը խեղվել է, հազարավոր բնակիչներ, որոնք Ղարաբաղից արտաքսվել են։ Եվ այս ճգնաժամը, բնականաբար, լուրջ հուզմունք է առաջացնում Ֆրանսիայում։ Ձեզնից շատերը հիշեցրեցին մեր բազմադարյա հարաբերությունները Հայաստանի հետ, համերաշխության լուրջ ալիք բարձրացավ տեղական իշխանությունների եւ ասոցիացիաների օգնությամբ։ Մեր երկիրը, որը շատ արագ կարողացել է ընդունել բազում հայ ընտանիքների, որոնք վերապրել էին Հայոց ցեղասպանությունը 1915 թվականին, պետք է հավատարիմ մնա այդ պատմական բարեկամությանը եւ իր խոստմանը, որ աջակից կլինի այս առանձնահատուկ դժվար իրավիճակում։ Ես չեմ մոռանում նաեւ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ հիմնված հարաբերություններրը, որովհետեւ Ֆրանսիան ե’ւ հայ, ե’ւ ադրբեջանական ժողովուրդների բարեկամն է, ինչպիսին էլ լինեն դրանց կառավարությունները եւ ղեկավարները։ Այս ճգնաժամը մեզ հիշեցնում է այն պատասխանատվությունը, որ Ֆրանսիան ստանձնել է որպես Մինսկի խմբի համանախագահ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ միասին, ակտիվորեն ներգրավվել ենք բոլոր մակարդակներում՝ բանակցելու հակամարտության խաղաղ եւ տեւական լուծում գտնելու համար։ Ի դեպ, բազմիցս եղել են պահեր, մի քանի անգամ, որ կարծել ենք, թե կարող ենք հանգել լուծման։ Դժբախտաբար, ոչ։ Սա շատ դժվար հակամարտություն է, այն աստիճան, որ կոչվել է սառեցված հակամարտություն՝ ենթադրելով, որ անլուծելի է։ Դժբախտաբար, տեսանք, որ սա վերք էր, որը պատրաստ էր կրկին բացվել։

Պատերազմն ավարտվեց հրադադարով, իրավիճակը խորապես փոխվել է, եւ եթե այս համաձայնությունը մերը չի եղել, ամեն դեպքում հնարավորություն է տվել ռազմական գործողությունները դադարեցնել։ Սակայն լուրջ հարցեր է առաջ քաշում, որոնք պետք է լուծվեն։ Ֆրանսիան պետք է իր դերն ունենա հրադադարի ամրապնդման եւ մի շարք դժվարությունների հաղթահարման հարցում, որպեսզի տեղահանվածները կարողանան վերադառնալ եւ արժանապատիվ կյանք վերսկսել, մշակութային եւ պատմական ժառանգությունը պահպանվի։ Բանաձեւի առաջարկը, բնականաբար, արտահայտում է այս լեգիտիմ հույզը, բայց միաժամանակ գործադիր իշխանության պատասխանատվությունն է մշակել եւ իրականացնել քաղաքականություն, որը հնարավորություն կտա վերջապես խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։      

Ցանկանում եմ կետ առ կետ եւ թափանցիկ ձեւով պատասխանել ձեր առաջադրած հարցերին։ Դրա համար կվերադառնամ իրավիճակին տեղում՝ այնպես, ինչպես մենք ենք դա վերլուծում։ Այսօր մեր հիմնական նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ քաղաքացիական բնակչությունը վերադառնա։ Սեպտեմբերի 27-ից նախագահ Մակրոնն առաջինն է եղել արեւմտյան պատասխանատուներից, որ հոկտեմբերի 1-ին խոսեց Թուրքիայի կողմից սիրիացի հարյուրավոր վարձկաններ Ղարաբաղ ուղարկելու մասին։ Եվ չնայած մեր պահանջներին՝ հստակեցնել այդ հարցը, Թուրքիան շարունակում է ապակայունացնող դեր խաղալ մեր անմիջական հարեւանությամբ։

Երեք փորձ եղավ հրադադար հաստատելու, ոչ մի ջանք չենք խնայել, ավաղ, այդ հրադադարները չեն պահպանել։ Մեր ներգրավվածությունը չթուլացավ, համենայնդեպս նոյեմբերի 8-ին եւ 9-ին, երբ ադրբեջանական ուժերը ընդամենը մի քանի կմ-ի վրա էին Ստեփանակերտից, հանգեցրին այն ավարտին, որ դուք գիտեք։ Ստորագրված փաստաթուղթը հրադադարի համաձայնություն է, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադար, բնակչության վերադարձ իրենց տարածքներ։ Զարմանալի չէ, որ Ռուսաստանը շատ կարճ ժամանակում զինվորական կոնտինգենտ ուղարկեց։ Այդուհանդերձ, այս համաձայնությունը չի լուծում հակամարտությունը։ Շատ հարցեր անպատասխան են մնում՝ վերադարձի ձեւերի, վարձկանների հեռացման եւ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցերը, որոնք նորից բանակցությունների առիթ պետք է դառնան։

Այսօր գոյություն ունեցող հրադադարի հիմքի վրա պետք է կարողանանք տեւական խաղաղություն հաստատել, եւ այս փոփոխված համատեքստում Ֆրանսիան երեք ուղղությամբ է գործում. առաջին՝ հայ փախստականներին հումանիտար աջակցություն, երկրորդ՝ մշակութային եւ պատմական ժառանգության պահպանում ԼՂ-ում։ Նախագահի ձայնով Ֆրանսիան կոչ արեց ժառանգության հրադադար իրականացնել՝ պահպանելու դարեր ի վեր գոյություն ունեցող ժառանգությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ասաց, որ կզբաղվի այդ հարցով, դրա համար մեզ պետք է բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի համագործակցությունը։ Երրորդը քաղաքական կարգավորումն է՝ տեղահանվածների վերադարձ, վարձկանների հեռացում, սահմանների անվտանգություն։ Եվ այստեղ է, որ Մինսկի խումբը պետք է ամբողջապես ներգրավվի։ Հայաստանի  եւ Ադրբեջանի ղեկավարներն արտահայտել են իրենց ցանկությունը, որ այդ աշխատանքները սկսվեն, բնականաբար, այս բոլոր հարցերը չպետք է քննարկվեն միայն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Ֆրանսիան նպատակ ունի բոլոր կողմերի հետ խոսել, ինչպես միշտ է արել, եւ շատ կարեւոր է դա, եթե ցանկանում ենք տեւական լուծում գտնել։ Սա պայմանն է ոչ միայն լեգիտիմության, այլեւ մեր գործունեության արդյունավետության։ Բանաձեւում դուք դատապարտում եք Թուրքիայի միջամտությունը։ Վստահորեն, Թուրքիան ռազմականորեն աջակցել է Ադրբեջանին, ներառյալ Սիրայից բերված վարձկաններով։ Դա չենք ընդունում, բայց նաեւ եվրոպական գործընկերների, ԵԽ հաջորդ հավաքին մենք քննարկելու ենք այս հարցը։

Դուք պահանջում եք բոլոր վարձկանների հեռացում, կառավարությունը նույնպես դա պահանջում է եւ ուզում է ապացույցներ ունենալ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու մասին եք խոսում։ Նյու Յորքում բանակցությունները շարունակվում են։ Միջազգային քրեական դատարան դիմելու առումով կա կոմպետենցիայի՝ իրավասության հարց, դժբախտաբար ո’չ Հայաստանը, ո’չ Ադրբեջանը Հռոմի կոնվենցիայի անդամ չեն, եւ գուցե ՄԱԿ-ի ԱԽ որեւէ որոշմամբ մի լուծում գտնվի, բայց արձանագրենք, որ ԱԽ-ում այս առումով տարաձայնություններ կան։

Վերջապես, դուք մի այլ՝ նուրբ հարց եք բարձրացնում՝ ԼՂ-ի ճանաչումը Ֆրանսիայի կողմից։ Դա լուրջ հարց է, մենք դրան պետք է պատասխանենք ճշմարտության, պատասխանատվության եւ արդյունավետության ոգով՝ հաշվի առնելով բոլոր հետեւանքները։ ԼՂ-ն 1991-ին հռչակել է իր անկախությունը, ոչ մի պետություն չի ճանաչել նրա անկախությունը, նույնիսկ Հայաստանը, եւ մեր կառավարության պատասխանատվությունն է հարց տալ ինքն իրեն՝ արդյոք այդ ժեստը օգտակար եւ արդյունավետ կլինի, դրական հետեւանքներ կունենա հենց ԼՂ ժողովրդի համար։ Որովհետեւ մենք պետք է հիշենք, որ արդյունավետությունն է կարեւորը, եւ Ֆրանսիայի պատասխանատվությունը Մինսկի խմբի կազմում այն է, որ Ֆրանսիան չի կարող կշիռ ունենալ այս հարցում, եթե նրա քայլերը չընդունվեն երկու կողմից։ ԼՂ անկախությունը ճանաչելով՝ Ֆրանսիան կկորցնի իր ազդեցությունը կողմերից մեկի վրա, մինչդեռ մենք պարտավոր ենք շարունակել ներգրավված մնալ այս հարցում։

Երեկ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովն էր, եւ Հայաստանը վերահաստատեց իր ցանկությունը, որ Մինսկի խումբը ներգրավված մնա։ Ուստի, Ֆրանսիայի կողմից ԼՂ ճանաչումը օգուտ չի տա ոչ մեկին՝ ոչ Հայաստանին, ոչ ԼՂ ժողովրդին, ոչ Ֆրանսիային, ոչ Մինսկի խմբի համանախագահներին։ Սա մեր քաղաքականությունը չէ։ ԼՂ հակամարտության լուծումը չի կարող գտնվել միակողմանի որեւէ ժեստի միջոցով, այլ բոլոր կողմերի բանակցությունների։ Եվ այսօր առավել, քան երբեւէ կողմերն ունեն համանախագահների կարիքը բանակցությունները շարունակելու համար։ Միակողմանի ճանաչումը միակողմանի ճնշման հետեւանք է առաջացնում եւ ընդհանուր գործընթացի համար արդյունավետ չէ։ Մենք չենք հրաժարվում ակտիվ լինել։ Այսօր պետք է նոր պարամետրերի հիման վրա կարողանանք շարունակել բանակցությունները՝ առանց մերժելու լուծման հիմքերը, որոնք նույնն են մնում (մի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանում, մյուս կողմից՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունք-հեղ.)։ Այսօր անհրաժեշտություն է ամրապնդել հրադադարը, իրականացնել հումանիտար օգնություն, բայց նաեւ մեր պետությունը պետք է արագ հաջորդ փուլերը նախապատրաստի։

Ֆրանսիան պատասխանատու երկիր է, հավատարիմ իր ներգրավվածությանը հանուն խաղաղության եւ համայնքների խաղաղ համագոյակցության։ Սա շատ հավակնոտ ծրագիր է, բայց մենք երբեք չենք հրաժարվի դրանից»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter