HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիայի Սենատը Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւ ընդունեց

Ֆրանսիայի Սենատն այսօր՝ նոյեմբերի 25-ին, 305 կողմ եւ 1 դեմ ձայնով ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւ, որը Սենատի 5 քաղաքական խմբակցություններ քվեարկության էին ներկայացրել նոյեմբերի 18-ին։   

Բաց, հանրային քվեարկությամբ (մասնակցել է Սենատի 336 անդամ) ընդունված բանաձեւը, հիշեցնենք, իրավական պարտադիր ուժ չունի կառավարության համար։ Այն պարզապես կոչ է անում կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատման բանակցությունների գործիք»։  

Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը.

-առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,

-դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից,

-պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։

-հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։

Բանաձեւը ներկայացրեց դրա համահեղինակ, սենատոր Բրունո Ռըտայուն։ Գրեթե երկու ժամ տեւած քննարկմանը ելույթ ունեցավ 12 սենատոր, ապա եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լը Մուանը, որը պատասխանեց սենատորների առաջադրած հարցերին եւ մտահոգություններին։ Պետնախարարի խոսքով՝ Արցախի անկախության միակողմանի ճանաչումը Ֆրանսիայի կողմից արդյունավետ չէ, Ֆրանսիան այդպիսով, որպես Մինսկի խմբի համանախագահ, կկորցնի ազդեցությունը հակամարտության կողմերից մեկի վրա եւ դա դրական հետեւանքներ կարող է չունենալ հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։  

Լուսանկարը՝ commons.wikimedia.org-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter