HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձեւը իրավական պարտադիր ուժ չունի կառավարության համար

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւի առաջարկը, որը Ֆրանսիայի Հանրապետության Սենատը քվեարկության է դնելու նոյեմբերի 25-ին, իրավական պարտադիր ուժ չունի կառավարության համար։ Այն զուտ բանաձեւ է, ոչ թե օրինագիծ եւ «հրավիրում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատման բանակցությունների գործիք»։ Նման կոչ-հրավերի հիմքում, ըստ բանաձեւի, բազմաթիվ հանգամանքեր են ընկած, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունն ապահովելու անհրաժեշությունը, որոնք չեն երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության կողմից։

Հինգ սենատորների (Բրունո Ռըտայու, Պատրիկ Կանների, Էրվե Մարսեյ, Էլիան Ասասի եւ Գիյոմ Գոնտար) հեղինակած այս բանաձեւը, ըստ «Հետքի» դիվանագիտական աղբյուրների, մեծ հավանականությամբ կընդունվի։ Եվ չնայած այն Ֆրանսիայի նախագահի կողմից պարտադիր ստորագրման  ենթակա չէ, սակայն, ըստ մեր աղբյուրի, մեկ քայլ առաջ է Արցախի միջազգային ճանաչման գործում։ Մինչ այս ֆրանսիական տարածքային կառավարման մի շարք մարմիններ, այդ թվում՝ Փարիզի քաղաքապետարանը, ճանաչել են Արցախի անկախությունը։ Եվ եթե կա աշխարհաքաղաքական կշիռ ունեցող մի երկիր, որը հնարավոր է ճանաչի Արցախի անկախությունը, դա Ֆրանսիան է։  

Բանաձեւում հատուկ շեշտվում է Թուրքիայի ունեցած բացասական դերը սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողություններում՝ ինչպես ցուցաբերած ռազմական աջակցության, այնպես էլ սիրիացի ահաբեկիչների ներգրավման միջոցով։ Սենատը կոչ է անում Էմանուել Մակրոնի կառավարությանը՝ պահանջել միջազգային հետաքննություն անցկացնել Լեռնային Ղարաբաղում մասնավորապես քաղաքացիական բնակչության դեմ, ինչպես նաև միջազգային օրենսդրությամբ արգելված զենքերի օգտագործմամբ կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ եւ ձեռնարկել հնարավորը, որպեսզի հակամարտության բանակցային և տևական կարգավորման շուրջ քննարկումները, որոնք կապահովեն 1994 թ. սահմանված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, կարողանան անհապաղ վերսկսվել Ֆրանսիայի համանախագահած Մինսկի խմբի շրջանակներում։

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնն արդեն իսկ հատարարել է, որ Ֆրանսիան, համատեղ աշխատելով միջազգային կազմակերպությունների հետ, կգործադրի բոլոր ջանքերը՝ պաշտպանելու ԼՂ մշակութային ժառանգությունը:

«Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում»,- իր թվիթերյան հաշվում գրել էր Էմանուել Մակրոնը:

Իսկ երեկ՝ նոյեմբերի 22-ին, Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։

Ստորեւ՝ Սենատի բանաձեւի տեքստը՝ թարգմանաբար։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի առաջարկ

  1. Սենատը,
  2. Հաշվի առնելով Սահմանադրության 34-1 հոդվածը,
  3. Հաշվի առնելով 1949 թ. ապրիլի 4-ի Հյուսիսատլանտյան դաշնագիրը,
  4. Հաշվի առնելով 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի մասին համաձայնագիրը,
  5. Հաշվի առնելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը,
  6. Հաշվի առնելով, որ վերջին տարիներին բազմապատկվել են Ֆրանսիայի, Եվրոպայի և այլ երկրների հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցրած սադրանքները, ճնշումները և սպառնալիքները,
  7. Հաշվի առնելով, որ Թուրքիայի վարած տարածքային ընդլայնողական քաղաքականությունը հանդիսանում է ապակայունացման հիմնական գործոն Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Մերձավոր և Միջին Արևելքում և այժմ էլ Հարավային Կովկասում։ Հաշվի առնելով, որ նման ապակայունացումը սպառնալիք է Ֆրանսիայի և ողջ Եվրոպայի անվտանգության համար ;
  8. Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծավալվում է աշխարհի հատկապես անկայուն երկու տարածաշրջանների՝ Կովկասի և Միջին Արևելքի սահմաններում, և որ այն նաև իր մեջ պարունակում է տարածաշրջանային տերությունների ներգրավմամբ լարվածության աճի վտանգ,
  9. Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի հիմքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված ռազմական աջակցությունն է։ Ավելին՝ հաշվի առնելով, որ Թուրքիան գործողությունների թատերաբեմ է ներմուծել Սիրիայում ջիհադիստական ​​խմբերում ծառայած վարձկաններ՝ որպես ադրբեջանական բանակի օժանդակներ,
  10. Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, երբ գտնվում էր Ադրբեջանի վարչակազմում , բազմիցս ենթարկվել է կազմակերպված կոտորածների, մասնավորապես Սումգայիթում (1988 թ. փետրվարի 25-27), Կիրովաբադում (1988 թ. նոյեմբերի 23), Բաքվում (1990 թ. հունվարի 12-19) և Մարաղայում (1992 թ. ապրիլի 10),
  11. Հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) և ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի (CERD) զեկույցները վկայում են հայ բնակչության` Ադրբեջանում ազատ ապրելու անհնարինության մասին ;
  12. Ուստի, հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունը չեն երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության կողմից ;
  13. Հաշվի առնելով 1994 թվականից ի վեր Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար Ֆրանսիայի գործադրած ջանքերը, որտեղ վերջինս հանդիսանում է համանախագահ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին։ Ավելին` հաշվի առնելով նրա մշտական ​​ անկողմնակալ դիրքորոշումը և հակամարտության կարգավորման` փուլային բանակցային գործընթացին նպաստելու կամքը։ Հաշվի առնելով նաև, որ այս գործընթացը տևականորեն խաթարված է Ադրբեջանի կողմից ռազմական լուծման ուղին բռնելու հետևանքով,
  14. Դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված ուժերն ու նրանց աջակիցներին այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրականացված պատերազմական գործողությունների արդյունքում,
  15. Կոչ է անում կառավարությանը զանգվածային հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը՝ պահանջելով բացել հումանիտար միջանցքներ և օգտագործել բոլոր առկա ուղիները,
  16. Կոչ է անում կառավարությանը, Մինսկի խմբի շրջանակներում, ապահովել բնակչության պաշտպանության անհապաղ իրականացումը` իր հովանու ներքո գործող միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմամբ` համաձայն 2007 թ. խաղաղության ծրագրի առաջարկությունների,
  17. Կոչ է անում կառավարությանը՝ պահանջել միջազգային հետաքննություն անցկացնել Լեռնային Ղարաբաղում մասնավորապես քաղաքացիական բնակչության դեմ, ինչպես նաև միջազգային օրենսդրությամբ արգելված զենքերի օգտագործմամբ կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ,
  18. Կոչ է անում կառավարությանը ձեռնարկել հնարավորինը, որպեսզի հակամարտության բանակցային և տևական կարգավորման շուրջ քննարկումները, որոնք կապահովեն 1994 թ. սահմանված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, կարողանան անհապաղ վերսկսվել Ֆրանսիայի համանախագահած Մինսկի խմբի շրջանակներում,
  19. Կոչ է անում կառավարությանը` կատարել համապատասխան հետևություններ Թուրքիայի իշխանությունների կողմից խաղացած դերի բոլոր դիվանագիտական ​​հետևանքների վերաբերյալ, և իր եվրոպացի գործընկերների հետ քննարկել դրանց համապատասխան վճռական պատասխանները,
  20. Հրավիրում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատման բանակցությունների գործիք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter