
ԱԺ-ն մերժեց ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը
Խորհրդարանն արտահերթ նիստում մերժեց ռազմական դրության իրավական ռեժիմի չեղարկման նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 36, դեմ` 56, ձեռնպահ` 2 պատգամավոր:
Մինչ քվերակությունը Պաշտպանության նախարարության տեսակետը ներկայացրեց աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը, որը ելույթի սկզբում հայտարարեց` իր պաշտոնը քաղաքական պաշտոն չէ, խորհրդարան է ներկայացել հարցի վերաբերյալ պաշտպանական գերատեսչության տեսակետը ներկայացնելու համար: ՊՆ գլխավոր քարտուղարի խոսքով` ռազմական դրությունը չեղարկելու նախագիծն անմիջապես ընդունելու դեպքում անվտանգային համակարգում խնդիրներ են առաջանալու: Պաշտպանության նախարարությունը մշակել է համապատասխան իրավական ակտեր` համապարփակ լուծումներ առաջարկելու և խնդիրներից խուսափելու համար:
«Մեր առաջարկը հետևյալն է` առանց նշված լուծումները միաժամանակ ընդունելու` առաջարկում ենք այս նախագծին կողմ քվեարկելուց ձեռնպահ մնալ: Խնդիրները, որոնք առաջացել են, պահանջում են համակարգված լուծումներ, միայն ռազմական դրությունը վերացնելը կբերի նոր խնդիրների»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ Ալբերտ Բաղդասարյանը հայտնեց` զինված ուժերը Հայաստանի սահմանները պահպանելու խնդիր ունեն: Ռազմական դրությունը չեղարկելուց անմիջապես հետո եռամսյա վարժական հավաքներ են անցկացվելու:
Մեկնաբանել