HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մի օր մի հրաշք էլ մեր կյանքում կլինի». առողջական խնդիրներով, առանց տան, բայց սիրով ու ջերմությամբ ապրող մարդիկ

Նոր տարվա կարմիր ու ոսկեգույն խաղալիքները թելից կախված են տան շքամուտքի առաստաղից։ Արեւի մի փունջ ընկնում է դրանց վրա։ Տանտիրուհին՝ 46-ամյա Արփինե Էգնատոսյանը, դրանք թողել է նախորդ Ամանորից։ Այս տարի դժբախտություն շատ են տեսել։ Նա հույս ունի, որ գալիք տարին կհավաքի ու կտանի դրանք։

Աշնանային արեւոտ օր է։ Գյումրու Սահմանապահների փողոցում գտնվող տան նախամուտքի մոտ փոքրիկ բազմոցին է մոտենում Դիման՝ մեջքից կռացած, ծանր քայլերով։ Թույլ ժպտում է։ Ժպիտի մեջ անբացատրելի ջերմություն կա։ Տան բակով անցնող երկու միջինդասարանցի տղա բարեւում են նրան, նա դարձյալ ժպտում է։ Արփինեն նստում է որդու կողքին, բայց ինքն էլ նկատելի դժվար է քայլում։

Դիման ընտանիքի երկու երեխաներից ավագն է՝ 21 տարեկան, կրտսեր եղբայրը՝ Վրեժը, 15 տարեկան է։ Մեր այցելության ժամանակ Վրեժը դպրոցում էր։

Դիման երկրորդ կարգի հաշմանդամ է։ Արփինեն պատմում է, որ բժիշկների սխալի պատճառով որդին ծնվել է թթվածնային քաղցով։ Դրա հետեւանքով էլ տեղի է ունեցել գլխուղեղի բջիջների դանդաղ զարգացում, իսկ վերջին 4 տարում ողնաշարը թեքվել է։ Մայրն ասում է, որ Դիմայի ոսկորներն աճում են, իսկ մկանները՝ ոչ։ Տղան լուռ է։ Արփինեն նայում է որդուն, ասում է՝ բարի ու ջերմ սիրտ ունի, բայց շատ ամաչկոտ է։ Դիման ժպտում է, հետո ձեռքերով արագ փակում դեմքը։

Տղային տարբեր վերականգնողական կենտրոններ են տարել, սակայն արդյունք չի եղել։ Ողնաշարի վերականգնում հնարավոր է վիրահատությամբ, բայց ամբողջական անզգայացում չի կարելի անել։ Դա է պատճառը, որ բժիշկները հրաժարվել են վիրահատությունից։ Արփինեն սակայն հույս ունի, որ գուցե այլ միջոց գտնեն։

Քիչ անց մեր զրույցին միանում է Մասիսը՝ Դիմայի հայրը, ով նոր էր փակել կոշկակարանոցն ու տուն եկել։ Մասիսը եւս նկատելի դժվարությամբ է քայլում։ Բացօթյա պատշգամբից աթոռակը վերցնելով՝ նստում է։ Արփինեն սուրճ է առաջարկում բոլորիս, բայց հրաժարվում ենք։

47-ամյա Մասիս Էգնատոսյանը կոշկակար է, բայց մասնագիտությամբ ռադիոտեխնիկ է։ 14 տարեկանում Վրաստանի Բոգդանովկա (ներկայում՝ Նինոծմինդա) քաղաքից Գյումրի էր եկել ուսանելու։ Մեկ տարի անց՝ Սպիտակի երկրաշարժի օրը՝ 1988-ի դեկտեմբերի 7-ին, քեռու տղայի հետ Մասիսը հյուր էր գնացել մյուս քեռու տղային։ Այդ օրը 5 հոգուց միայն նրան հաջողվեց փրկվել։ 4 օր փլատակների տակ մնալուց հետո Մասիսին գտել են, տարել հիվանդանոց։ «Զգացել եմ, բայց չեմ գիտեցել, թե ինչ է կատարվել։ Ուշքս կուգար-կէրթար էլի, ձեները կլսեի, ասենք, վերտալյոտի ձեները կլսեի։ Աչքերս բացեցի, արդեն հիվանդանոցում էի։ Ոտքս կտրել էին, գլուխս վնասվել էր»,- պատմում է 47-ամյա տղամարդը, հետո կոշտացած ձեռքով մաքրում խոնավացած աչքերը։

Արևի մի շող ընկնում է նրա խոնավացած աչքերին։ Մենք լռում ենք։ Ես նայում եմ հարեւանի բակի ընկուզենուն։ 1988-ի երկրաշարժից 32 տարի անց էլ դրա հետքերը ցավեցնում են մեզ։

-Մեծ ծառ է, բայց պոպոք չկա վրեն,- խոսակցությունը փորձում ենք շարունակել։

3 տարին մեկ Մասիսի ոտքի պրոթեզը փոխում են։ Արդեն հարմարվել է իր վիճակին, հիմա մտածում է կնոջ ու որդու առողջության մասին։

Արփինեն երկկողմանի հոդախախտ ունի։ Նշում է, որ ծնվելուց ոտքը քաշել են եւ հոդախախտում է եղել։ Ապա սխալ բուժում են արել։ Բուժումներ է ստացել թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։ Մանկության տարիներին Մոսկվա էին տարել, որտեղ վիրահատվել է։ Դրանից հետո սկսել է ոչ վարժ քայլել։ Արփինեի առողջական վիճակն օրեցօր վատանում է, իսկ բուժումն արդեն թանկ է ընտանիքի համար։ 6 ամսվա համար դեղեր են նշանակել, որոնց մի հաբը 27 հազար դրամ է։ Ամսական մեկ հաբ պետք է խմի։ Ասում է՝ այժմ դրա հնարավորությունը չունեն։

Ընտանիքում 4 հոգուց 3-ը հաշմանդամության կարգ ունեն՝ Մասիսն ու Դիման՝ երկրորդ, Արփինեն՝ երրորդ։ Հաշմանդամության թոշակը 26.500 դրամ է։ Դա այս ընտանիքի հիմնական եկամուտն է։ Մասիսն ասում է՝ կոշիկ վերանորոգողներն էլ են քիչ, գործ համարյա չկա։ Չնայած դրան՝ օրվա հիմնական մասն անցկացնում է արհեստանոցում։

Զգեստի փեշը թափ տալով՝ մոտենում է Մասիսի մայրը։ Ասում է՝ մի քանի ճյուղ կար, հավաքել է, կապ արել ձմռան համար։

-Ինքն էլ մեր Ռիմա տատիկն է,- ծանոթացնում է Արփինեն։

Տիկին Ռիման, ով բնակվում է Նինոծմինդայում, տարվա մեծ մասը Գյումրիում՝ որդու տանն է լինում։ Արփինեի ասելով՝ նրա թոշակով էլ ձմռան վառելափայտն են գնում։

-Էս էրեխեքը գոնե մի անկյուն ունենան մնալու,- ասում է տարեց կինը։

Ընտանիքն ապրում է Մասիսի քեռու տանը, որը, սակայն, արդեն մեկ տարի հանվել է վաճառքի։ Արփինեն նշում է, որ եթե տունը վաճառեն, չգիտեն, թե որտեղ են ապրելու, ինչ են անելու։

Քիչ անց Արփինեն հրավիրում է իր պատրաստած խմորեղենը համտեսելու: Եթե չասեր, որ ինքն է պատրաստել, կմտածեի, որ խանութից է։

Մասիսն ասում է, թե իրենց քաղցրակերը կինն է, հաճախ է խմորեղեն պատրաստում։ Այդ ընթացքում էլ իմանում ենք, որ Արփինեն, բացի բուժքրոջ կրթությունից, նաեւ համակարգչային, հաշվապահական, ֆուրշետի դասընթացներ է անցել։ 3-4 տարի առաջ ինքն էլ էր ֆուրշետի դասընթացներ անցկացնում, բայց հիմա սպասքը հնացել է, նորացնելու համար էլ միջոցներ են անհրաժեշտ։

46-ամյա կինն ասում է՝ եթե բժշկական կենտրոններում բուժքրոջ աշխատանք լինի, իր ծանր վիճակին չի նայի, կգնա կաշխատի։

Հետո միասին բարձրանում ենք գլխավոր ճանապարհ, որի մայթին գտնվում է Մասիսի արհեստանոցը։ Մասիսը դուռը բացում է, ու ներսի կոկիկությունից զարմանում ենք։

Ասում է՝ ամեն օր Արփինեի հետ սուրճ են խմում կոշկակարանոցում, Դիման էլ ամբողջ օրն այդտեղ է։ Սա մի տեսակ տաքուկ անկյուն է դարձել ընտանիքի համար։ Հետո տրամադրությունը փոխվում է, երբ տան պատուհանին ենք նայում, որտեղ գրված է վաճառքի մասին հայտարարությունը։

Հրաժեշտ տալուց նրանց երեքին լուսանկարում ենք։ Արփինեն ասում է՝ այդքան խնդիրներով հանդերձ իրենք ամենաթանկն ունեն աշխարհում՝ սեր ու ընտանեկան ջերմություն։ «Մի օր մի հրաշք էլ մեր կյանքում կլինի»,- ասում է նա։

Հ.Գ. Էգնատոսյանների ընտանիք այցելել էինք մինչեւ պատերազմը։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter