
Զոհված զինծառայողի մայր. «Իմ տղան շատ ուժեղ էր, ոնց որ իր ուժերը հավաքած լիներ պատերազմի համար»
Ոսկեգույն տառերով «Սամադ 19» գրվածքով սև ժապավենը կախված է Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի սկզբնամասում՝ Սամադի տնից 100 մետր հեռավորության վրա: Ազգությամբ եզդի ժամկետային զինծառայող Սամադը ծանր վիրավորում էր ստացել Ադրբեջանի կողմից Արցախում սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ժամանակ: Մի քանի օր տղան անցկացրել է հիվանդանոցում ու մահացել:
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Սամադի տունը մարդաշատ էր: Եթե հայերը նոր հանգուցյալների շիրիմներին այցելում են շաբաթ օրերին, ապա եզդիները՝ հինգշաբթի օրերին:
Սամադի հայրը՝ Մամադ Սլոյանը պատմեց, որ որդին բանակ էր զորակոչվել 2019թ. հուլիսին: Սկզբում ծառայել է Հայաստանի տարածքում: Մի քանի ամիս սովորել է հակաօդային պաշտպանություն, այնուհետև՝ տեղափոխվել Արցախ:
Սամադն ընտանիքի 3-րդ զավակն էր: Իրենից մեծ երկու քույր ունի և փոքր եղբայր:
Մամադը չէր կարողանում բնութագրել որդուն՝ հորդորելով հարցուփորձ անել հարևաններից, համագյուղացիներից: Ասում էր, թե սիրուն չի դիտվի, որ իր որդուն ինքը գովի:
«19 տարեկան երեխա էր, այդ տարիքի մարդը ո՞նց պիտի լինի, ամեն ինչի ձգտում էր, ուզում էր լավ լիներ: Միայն կասեմ, որ իր տարիքից ավելի հասուն էր թե՛ կազմվածքով, թե՛ մտածելակերպով: Իր ուժը, հաղթանդամությունը ոչ մի տեղ չի օգտագործել, ցուցամոլ չէր, դրա համար էլ սիրված էր բոլորի կողմից»,- նշում է Մամադը:
Սամադի մայրը՝ Նինա Սլոյանը, որդուն միշտ ժպտերես, եռանդուն է հիշելու: Տիկին Նինան ասում է, որ տանը ամենահանգիստն նա է եղել, ու իր մտքով չէր անցել, որ իր որդին կարող է մի օր չլինել, չզանգել ու չասել՝ «մամ, ամեն ինչ լավ ա լինելու»:
Տիկին Նինան Սամադի մասին խոսելիս ժպտում էր: Նրա մասին պատմելու ժամանակ տպավորություն էր ստեղծվում, որ խոսում էր կենդանի մարդու մասին: Սակայն այդ ժպիտը կարճ էր տևում: Մի քանի նախադասությունից հետո կարծե թե հիշում էր, որ իր առաջին որդին այլևս չկա ու սկսում էր լացել:
«Իմ տղան շատ ուժեղ էր, ոնց որ իր ուժերը հավաքած լիներ պատերազմի համար»,- ասում էր տիկին Նինան և հավելում, որ ընտանիքում միայն ինքն է հանգիստ եղել պատերազմի օրերին, քանի որ ամեն անգամ որդու հետ հեռախոսով խոսելիս վերջինիս մոտ վախի, տագնապի զգացում չի նկատել:
Նինա Սլոյանը պատմեց, որ Սամադը մահացել է նոյեմբերի 6-ին, իսկ նույն ամսի 3-ին իր ծնունդն է եղել: Մոր ծնունդից մեկ օր առաջ Սամադը եղբորը խնդրել է, որ ծաղիկներ գնի և բերի հիվանդանոց, որպեսզի անձամբ մոր ծնունդը շնորհավորի: Այդպես էլ եղել է. Սամադը հիվանդանոցում է շնորհավորել մոր 43-ամյակը:
«Ես այդ վիշտը մինչև կյանքիս վերջ տանելու եմ: Իմ տղան ընկերուհի էլ ուներ, բայց ոչինչ չհասցրեց անել, ոչինչ»,- հավելեց Ն. Սլոյանը:
Հայրն ասում է, որ պատերազմի ընթացքում Սամադը պարբերաբար զանգել է իրեն, սակայն ոչինչ չի պատմել: Երբ հայրը հետաքրքրվել է, թե որտեղ է, տղան պատասխանել է՝ քո համար ինչ տարբերություն, կարևորը լավ եմ:
Հոկտեմբերի 23-ին Սամադը զանգահարել է հորը և տեղեկացրել, որ իրենց տեղափոխելու են այլ վայր, և հնարավոր է՝ մի քանի օր չկարողանա զանգահարել: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին, զանգահարել են «Էրեբունի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Սամադը վիրավորվել է:
Մամադ Սլոյանը մինչ օրս տեղյակ չէ, թե կոնկրետ ինչ պայթունի հետևանքով է որդին վիրավորում ստացել: Միայն որդու զինակիցներից լսել է, որ պայթյունը եղել է Ջաբրայիլում: Ռազմի դաշտում պայթյունից կտրվել է Սամադի աջ ոտքը, իսկ ձախն անդամահատել են հիվանդանոցում:
Մամադն ասում է, որ գոտկատեղից վերև կենսական կարևորագույն օրգանների շրջանում անդառնալի վնասվածքներ չէին եղել: Միայն արձանագրվել էր թոքերի սալջարդ, ինչն առաջացել էր պայթյունի ալիքի հետևանքով, ինչպես նաև կարճ ժամանակ չեն գործել երիկամները:
Մամադն ասում է, որ որդուն բանակ ճանապարհելիս նույնիսկ մտքով չի անցել, որ հնարավոր է պատերազմ սկսվի: Սամադը նույնպես ոգևորվել է բանակ գնալու փաստից, ուրախ է բանակ զորակոչվել: Տանը քեֆ-ուրախություն են կազմակերպել, երգ ու պարով են բանակ ճանապարհել:
Սամադը մարզիկ էր, սովորում էր «Արմֆայթինգի» դպրոցում: Արտաքինից հաղթանդամ էր և իր տարեկիցներից ավելի մեծ էր երևում: Այդ է եղել պատճառը, որ հիվանդանոցում նրա տվյալների դիմաց լրացրել էին «մոտ 30 տարեկան անհայտ զինծառայող»:
«Իր ուժի, հաղթանդամությունից ելնելով՝ մտավախություն չունեի, որ դժվար կծառայի, բայց ում մտքով կանցներ, որ նման պատերազմ պիտի սկսվեր: Ռուսաստանից քրերս, բարեկամներս, որ պատերազմի օրերին զանգում, հարցնում էին՝ Սամադը բանակից զանգու՞մ ա, մտածում էի, որ գժվել են, ո՞նց կարող է իմ երեխեն հաջորդ օրը էլ չզանգի: Ո՞նց կարո՞ղ էի հույսս կտրել, որ կարող է էլ չզանգի: Մտքումս նեղվում էի ու պատասխանում էի, որ ինչի պիտի չզանգի: Բայց ստացվեց, որ էլ չի զանգելու»,- ասում է Մամադը:
Սամադի հայրն ասում է, որ իր մտքով երբեք չի անցել պատերազմի նման ավարտը՝ պարտությունը:
«Մինչև պատերազմի վերջին օրը հեռուստացույցի դիմաց նստած՝ լարված լսում էինք, թե ինչ է լինելու: Մինչև վերջին րոպեն էլ մեզ համոզում էին, որ հաղթելու ենք, հաղթել ենք: Ուրախանում էինք, ոգևորվում էինք, բայց արի ու տես, որ լրիվ հակառակ բանը ստացվեց: Թե ում պատճառով, ինչի պատճառով՝ չգիտեմ: Բայց այս էրեխեքը ամենաթանկը՝ իրենց կյանքը, տվեցին հայրենիքին, զոհվեցին բոլորիս համար, ու հիմա այս վիճակը եղավ»,- ասում է զոհված զինծառայողի հայրը:
Մամադ Սլոյանն ասում է, որ պատերազմի օրերին ամեն օր պատրաստվել է, որ ինքն էլ է գնալու ռազմի դաշտ, որովհետև վիճակն էր այդպիսին: Սակայն, մյուս կողմից էլ հանգիստ է եղել, քանի որ իր շրջապատում զորակոչի ծանուցագիր ստացածներին անմիջապես չեն տարել Արցախ, ասել են՝ գնացեք տուն, կզանգենք: Մտածել է, թե իրավիճակն այդքան էլ օրհասական չէ:
«Հանելուկային էր, թե ինչպես էր ստացվում, որ հեռուստացույցով հայտարարում էին օգնության կարիք ունենք, եկեք, բայց ծանուցվածներին էլ չէին տանում, ասում էին՝ գնացեք, ձեզ կկանչենք: Սա այդպես էլ մնաց անհասկանալի»,- հավելեց Մամադը:
Նրա խոսքերով՝ տղայի մահով իր «տունը քանդվեց», սակայն չի փոշմանել, որ որդին բանակ է գնացել և մասնակցել պատերազմական գործողություններին:
«Չեմ փոշմանել, որովհետև իր պարտքն էր, պիտի կատարեր՝ անկախ իրավիճակից: Երկու տարի առաջ էլ գուցե ձեր տղան, մյուսի տղան էր մեր ընտանիքը պաշտպանում, իմ տղան ինչու՞ չպիտի ձեր ընտանիքը պաշտպաներ: Ցավոք պատերազմ էր և իր հետևանքներն ունեցավ»,-հուզմունքից արցունքները կուլ տալով՝ ասաց Մամադը:
Մեկնաբանել