
ՀՀ առևտրային բանկերն անհատական մոտեցման սկզբունքով դիտարկում են հաճախորդներից ստացվող բոլոր դիմումները
Հայաստանի Բանկերի Միությունը, ի պատասխան «Հետք»-ի՝ «Բանկերը չեն անդրադառնում զոհված զինծառայողների և Արցախում տները կորցրած անձանց վարկերը ներելու հարցին» վերնագրով հոդվածին, մեկ անգամ ևս անդրադարձել է ՀՀ առևտրային բանկերի կողմից հաճախորդների հետ տարվող աշխատանքներին:
«Առաջնորդվելով ստեղծված պայմանների հաղթահարման միասնական և մարդակենտրոն մոտեցմամբ՝ անխտիր բոլոր բանկերի կողմից անհատական մոտեցում է ցուցաբերվում ինչպես բանկերի զորակոչված կամ կամավորագրված, այնպես էլ մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած հաճախորդների վարկային պարտավորությունների նկատմամբ:
Բոլոր բանկերում հաճախորդներից ստացված դիմումներին տրվում է համապատասխան ընթացք:
ՀԲՄ կողմից հրապարակված համապատասխան հայտարարություններում հստակ ներկայացված են հաճախորդների յուրաքանչյուր խմբին ցուցաբերվող հնարավոր աջակցության վերաբերյալ մանրամասները:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Հայաստանի բանկերի միությունը՝ ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, սույն թվականի սեպտեմբերի 27-ին Կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը կայացրած որոշման համաձայն զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սույն թվականի սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում /վերջնաժամկետի մասին տեղեկատվությունը անհրաժեշտ է ստանալ սպասարկող Բանկից/, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում չեն համարվում և չեն արտացոլվում վարկային ռեգիստրում, տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար չեն կիրառվում։ Ռազմական դրության ժամանակահատվածում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կիրառված տույժ-տուգանքների կամ վարկերի դասակարգումների դեպքերի մասով՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության պարագայում, տրվում են համարժեք լուծումներ:
ՀՀ առևտրային բանկերի կողմից դիտարկվում է մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած հաճախորդների վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական ներման հնարավորությունը: Այս նպատակով ևս յուրաքանչյուր բանկ, հիմք ընդունելով հաճախորդի ֆինանսական վիճակի վերլուծությունը, ցուցաբերում է անհատական մոտեցում:
Վերոնշյալ գործընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել սպասարկող բանկ»,- նշված է ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությա մեջ:
Մեկնաբանել