HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Բանկերը չեն անդրադառնում զոհված զինծառայողների և Արցախում տները կորցրած անձանց վարկերը ներելու հարցին 

Հայաստանի 17 բանկերից ոչ բոլորն են Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններին մասնակցած վարկ ունեցող իրենց հաճախորդների համար արտոնություններ սահմանել։ Թեև Հայաստանի բանկերի միությունը, որի անդամ են բոլոր բանկերը, հայտարարություն է տարածել, որ բանակ զորակոչված և կամավորագրված անձանց վարկերը ժամկետանց չեն համարվի և տույժեր չեն հաշվարկվի, որոշ բանկեր զերծ են մնացել հայտարարություններ տարածելուց։

Ստորև ներկայացնում ենք արտոնություն սահմանած բանկերի հայտարարությունները, սակայն նշենք, որ բանկերը ոչ մի անդրադարձ չունեն զոհված զինծառայողների և կամավորների վարկերին, Արցախում բնակարան կամ տուն կորցրած քաղաքացիների վարկերին։ Այսինքն՝ բանկերը մինչ այս պահը չեն հայտարարել զոհվածների և բնակության վայրը կորցրած անձանց վարկերը ներելու մասին։ Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությունից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 121 բնակավայր։ 

«Ամերիաբանկ»–ը հայտարարել է, որ վերանայել են զորակոչված և ռազմական գործողություններին մասնակցած քաղաքացիների, վիրավորում ստացածների, Արցախում բնակվողների և գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկային պարտավորությունները։ Բանկը սեպտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 30–ն ընկած ժամանակահատվածում նշված հաճախորդների վարկերը ժամկետնանց չի համարի, տույժ-տուգանքներ չի հաշվարկի։ 

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը հայտարարել է, որ զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում չեն համարվի ժամկետանց և չեն արտացոլվի վարկային ռեգիստրում, իսկ տվյալ ժամանակահատվածի համար չեն կիրառվի տույժեր և տուգանքներ։

«Արդշինբանկը» Արցախի իր մասնաճյուղերի հաճախորդների ժամկետանց պարտավորությունները չդասակարգելու և տույժ-տուգանքներ չկիրառելու մասին հայտարարություն է արել։ Զորացրված, բայց պատերազմի ժամանակ կամավորագրված վարկառուներին և երաշխավոր հանդիսացած անձանց էլ առաջարկել է դիմել բանկ՝ վարկերի գծով փոփոխություններ կատարելու նպատակով։ 

«Արցախբանկը» հայտարարել է, որ պատերազմի ժամանակ վարկ ունեցող իր բոլոր հաճախորդների վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում ժամկետանց չի համարի և տույժեր չի հաշվարկի։ 

«Հայէկոնոմբանկը» հայտարարել է՝ զինծառայողներին և կամավորագրված անձանց վարկային պարտավարությունները ժամանակին չկատարալու համար վարկերը ժամկենտանց չի համարի, տույժեր չի հաշվարկի։ 

«Յունիբանկ»–ը, «Էվոկաբանկ»–ը և «Կոնվերսբանկ»–ը Հայաստանի բանկերի միության հայտարարությունն են տարածել իրենց հաճախորդներին՝ վարկերը ժամկետանց չհամարելու և տույժեր չհաշվարկելու մասին։

«Հայբիզնեսբանկ»–ը հայտարարել է, որ պատերազմի ժամանակ Արցախի որոշ բնակավայրերի բնակիչների, զինծառայողների և կամավորագրված անձանց վարկերի մարումները հետաձգում է, իսկ այդ ժամանակահատվածի պարտավարորությունները բաշխում հետագա ամիսներին մարումների վրա։

«Ինեկոբանկը» իր պաշտոնական կայքում ուղեցույց է հրապարակել։ Ռազմական գործողություններին մասնակցած բանկի հաճախորդները կարող են դիմել բանկին իրենց վարկային պարտականությունները կատարելու ժամանակ առաջացած խնդիրները կարգավորելու նպատակով։  

«ԱյԴիբանկ»–ն էլ վերահրապարակել է Հայաստանի բանկերի միության՝ տույժ տուգանքներ չկիրառելու և վարկերը ժամկետանց չհամարելու մասին հայտարարությունը։

Ստորև ներկայացնում ենք այն բանկերը, որոնք որևէ հայտարարություն չեն տարածել

«ՎՏԲ» բանկ 

«Մելաթբանկ»

«Էյջ էս Բի Սի» բանկ 

«Արմսվիսբանկ»

«Բիբլոսբանկ»

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո որոշ բանկեր զոհված զինծառայողների վարկային պարտավորությունները զիջելու մասին հայտարարեցին։ Հետագայում գրեթե բոլոր բանկերը միացան այդ նախաձեռնությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter