HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արցախի ՄԻՊ. «Ադրբեջանական կողմը տարբեր տեղերից հավաքել և պահում է հայ զինծառայողների մարմինները, և անընդհատ ժամանակ է ձգում»

Հոկտեմբերի կեսերից սկսած՝ քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ Արցախի և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանները արդեն 4 փակ զեկույց են պատրաստել: 5-րդը պատրաստման փուլում է: Այս մասին ռազմագերիների և անհետ կորածների մասին «Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած օնլայն քննարկմանը հայտնեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Փակ զեկույցներ ենք պատրաստել, քանի որ այնտեղ կան շատ դաժան  պատկերներ, նաև անձնական տվյալներ: Նախընտրել ենք, որ ավելի թիրախային լինի, նաև հայկական հասարակության մեջ չմտնեն այդ պատկերները: Ակնհայտորեն ադրբեջանական կողմի նպատակներից մեկը հրապարակային դարձնելով այս հանցագործությունները՝ հոգեբանորեն ճնշելն ու լրացուցիչ տրավմաների ենթարկելն է»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ բավական շատ ապացույցներ կան պնդելու, որ սա Ադրբեջանի վերահսկողության կամ նույնիսկ ուղիղ կազմակերպման տակ է գտնվում:

«Մոտ 50-60 ռազմագերու մասին մենք տվյալ ունենք, մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել»,- տեղեկացրեց Արտակ Բեգլարյանը:

Արցախում անհետ կորած անձանց մասին նա հայտնեց, որ ի սկզբանե մոտավոր հաշվարկով քաղաքացիական անհետ կորած 30 անձ կար, որոնց մի մասի ճակատագիրը պարզվել է: Կան արդեն հաստատված դեպքեր, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո: 11 հաստատված մահվան դեպք կա, որոնցից 7-ի մարմինները պատերազմից հետո, զինադադարի ընթացքում վերադարձվել են կամ փրկարար ծառայությունն է գտել համապատասխան տեղերում: 7-ն էլ սպանված են եղել: Գրեթե բոլոր դեպքերում առկա են եղել խեղման և խոշտանգման դեպքեր, այդ թվում՝ հետմահու:

«Եղել են ականջներ կտրելու, գլխատման փորձեր, աչք հանելու, հետմահու դանակահարության և մի շարք նմանատիպ դեպքեր: Մի քանի դեպք կա քաղաքացիական անձանց կենդանի վիճակում գլխատելու, ականջներ կտրելու, որոնք ադրբեջանական կողմն է հրապարակել: Այստեղ և՛ գլխավոր պատասխանատուն, և՛ գլխավոր հանցագործը ադրբեջանական կողմն է»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը ակնհայտ ժամանակ է ձգում և՛ գերիների, և՛ դիակների որոնման, և՛ փոխանակման մասով: Առ այսօր ավելի քան 400 մարմին է գտնվել և փոխանցվել համատեղ աշխատանքների ընթացքում.

«Իրենց վերահսկողության ներքո ավելի շատ հայկական մարմիններ կան, քան մեր վերահսկողության ներքո: Ադրբեջանական կողմը տարբեր տեղերից հավաքել և պահում է հայ զինծառայողների մարմինները, և անընդհատ ժամանակ ձգում: Կարող եմ ենթադրել, որ նպատակ ունեն լրացուցիչ կերպով ազդել ներհայկական լարվածության վրա և հոգեբանական տառապանքները խորացնել հայության շրջանում: Մեր փրկարար ծառայությունը Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների հետ համատեղ այցելել են նաև հարավային թև՝ Հադրութի շրջան, արդյունքում որևէ մեկը և որևէ դի չի գտնվել: Ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը նախօրոք հավաքել է հայկական կողմի մարմինները, հետո նոր մուտքի թույլտվություն է տվել»:

Հայ գերիների մասնակցությամբ Բաքվում կազմակերպվող զորահանդեսի մասին Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ չի կարող խոսել դրա հավաստիության մասին, բայց տեսականորեն չի կարող նաև բացառել: Հույս հայտնեց, որ ադրբեջանական կողմը ռացիոնալ առումով կհասկանա, որ դա իրենց համար շատ լուրջ հարված է լինելու միջազգային իրավունքի տեսանկյունից:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի համոզմամբ էլ պետք է լինի ուղիղ կոնտակտ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև, այս ուղղությամբ պետք է դիվանագիտական ջանքեր գործադրել, որովհետև մարդասիրական խնդիրները չպետք է ընդհանրապես քաղաքականացվեն:

Անդրադառնալով դիերի հանձնմանը՝ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավարը նշեց, որ ԿԽՄԿ-ն՝ որպես չեզոք միջնորդ կազմակերպություն, ներկա է գտնվում դիերի արտահանձման ժամանակ:

Ադրբեջանում գտնվող 150 հայ ռազմագերու վերաբերյալ տեղեկության առնչությամբ Զառա Ամատունին հայտարարեց, որ դրանք կեղծ լուրեր են, որոնք տարածվում են տարբեր կայքերով, այդ թվում՝ հայկական լրատվամիջոցներով:

«ԿԽՄԿ-ն երբեք չի հրապարակում և ամենայն հավանականությամբ, չի հրապարակելու վիճակագրական տվյալներ, թե որքան անձ է գրանցվել մեզ մոտ՝ որպես փնտրվող, ենթադրյալ ռազմագերիներ կամ քաղաքացիական անձինք: Յուրաքանչյուր դեպքի հետ կապված աշխատում ենք ուղղակիորեն պատասխանատու կառույցի հետ, և մեր տեսակցությունների մասին տեղյակ են նաև ընտանիքները»,- նշեց Զառա Ամատունին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter