HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Նիկոլ Փաշինյան. «Այն իրավիճակում, որում ստորագրվել է փաստաթուղթը, այլ տարբերակ չկար»

«Այն իրավիճակում, որում ստորագրվել է փաստաթուղթը, այլ տարբերակ չկար, ցանկացած այլ տարբերակ լինելու էր շատ ավելի վատը, այլ խնդիր է, թե մենք ինչու՞ հասանք նման կետի»,- այսօրվա տեսաուղերձի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դատապարտող ուժերից շատերը չեն ասում, առաջարկում են արդյոք հրաժարվել դրանից, եթե այո, ի՞նչ սցենար են պատկերացնում դրանից հետո, և ի՞նչ հետևանքներ կարող է բերել այդ սցենարը»,- նշեց նա։

Վարչապետն ընդգծեց, որ ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է: Իսկ այդ գործընթացը, ենթադրում է նաև, որ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով, կոնկրետ Քարվաճառի հատվածով: Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատրներով:

Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքում: «Ընդհանրապես, սահմանազատումը բավական բարդ գործընթաց է, եւ ուզենք-չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլեւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Եւ ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելը, ապատեղեկատվություն եւ քաոսի զգացում տարածելն արվում է մի նպատակով՝ նրանք ուզում են, կրկնում եմ, պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետեւ սովոր են արյունով իշխանության գալ եւ արյունով իշխանություն պահել»,- ասաց նա:

Փաշինյանը հավաստիացրեց, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ ջանքերը այս դժվարին իրավիճակում Հայաստանի եւ Արցախի շահերը պաշտպանելու համար: Քաոսի տեսլականը տարածվում է նաեւ այս նպատակով, որպեսզի Կառավարությունը հնարավորություն չունենա առավելագույն ջանքեր կենտրոնացնել բազմաթիվ օրախնդիր հարցեր լուծելու համար։

«Պատերազմի մեկնարկին եւ հընթացս տեղի ունեցած իմ բոլոր ելույթներում ես պատերազմի մասին գործնականում ասել եմ ամեն ինչ, ասել եմ մի փոքր այլ՝ պատերազմին հատուկ եղանակներով եւ ձեւերով, ասել եմ այնպես, որ ասվածը հակառակորդին չտա այնքան տեղեկատվություն, որը կարող է անթույլատրելի լինել եւ սպառնալիք դառնալ մեր անվտանգության համար»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ պատերազմական գործողությունները ընթացել են Սոթքից մինչեւ Հորադիզ:

«Սոթքից մինչեւ Հաթերք հատվածում՝ չնայած պատերազմի առաջին օրերին դիրքեր էին կորսվել, բայց հընթացս այդ դիրքերը ետ են վերցվել, եւ մինչեւ պատերազմի վերջին օրը այդ հատվածում առաջնագիծը լիարժեք կանգուն էր: Եղնիկների հատվածում մինչեւ պատերազմի վերջին օրը հակառակորդը, ըստ էության, ոչ մի էական հաջողություն չի ունեցել: 6-րդ պաշտպանական շրջանում՝ չնայած Թալիշի կորստին, մինչեւ վերջին օրը Մատաղիսի հատվածով բնագծերը պահվել են: 5-րդ, 4-րդ, 3-րդ պաշտպանական շրջանները մինչեւ վերջին օրը, ըստ էության, պահել են առաջնագիծը: 2-րդ պաշտպանական շրջանը մինչեւ վերջ պահել է առաջնագիծը եւ վերախմբավորվել է հրամանով՝ ռազմական իրադրությունից ելնելով: Նույնը կարելի է ասել 1-ին պաշտպանական շրջանի մասին, հերոսական կռիվ են տվել նաեւ 9-րդ պաշտպանական շրջանի հատվածում մարտնչած մեր հազարավոր զինվորներ, սպաներ, գեներալներ»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի: «Եվ այն գեներալը, որ իր ապօրինի միջամտություններով կիսում է պատասխանատվությունն այդ ձախողման համար, ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նա չհերքեց, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մեջ կան նրբություններ, որոնք խնդրահարույց հարցեր են պարունակում, բայց նրա խոսքով՝ այդ բոլոր հարցերի շուրջ հիմա ակտիվ դիվանագիտական աշխատանքեր են տարվում։

«Այսօր կարեւոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տեւական դարձնելը, եւ եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ: Այսօր կարեւոր նպատակ է Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելը, Արցախի անվտանգությունն ապահովելը: Լաչինի միջանցքի անխափան եւ անվտանգ գործունեությունն ապահովելը, արցախցիների վերադարձի պայմաններն ապահովելը, Արցախի ու Հայաստանի տուժած շրջանների վերականգնումը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter