HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակաբիոտիկների օգտագործման չարաշահումը կորոնավիրուսի ընթացքում. ԱՆ

Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է: COVID-19-ի պարագայում խոսելով հանրային առողջության ոլորտի մասին` հարկ է նշել հակաբիոտիկային ռեզիստենտականությունը (ՀՌ)` որպես COVID-19-ի բացասական հետևանք:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հակաբիոտիկները բակտերիալ վարակների (ականջի, միզատար ուղիների վարակներ, փորլուծություն, թոքաբորբ) բուժման համար օգտագործվող դեղամիջոցներ են և որևէ կերպ չեն ազդում վիրուսային վարակների (հազ և բրոնխիտի տեսակներ, գրիպ, ընդհանուր մրսածություն) վրա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն` հակաբիոտիկները արդյունավետ չեն COVID-19-ի բուժման համար, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով: Դրանք կարելի է նշանակել  ծանր ախտանիշներով հիվանդներին բակտերիալ թոքաբորբը կանխելու համար կամ արդեն զարգացած թոքաբորբը բուժելու համար:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակաբիոտիկները օգտագործվել են նաև մեղմ ախտանիշները բուժելու համար, նույնիսկ թոքաբորբի զարգացման ցածր ռիսկի պարագայում: Հետազոտությունների արդյունքում (ԱՀԿ) պարզվել է, որ չնայած հոսպիտալացված հիվանդների 72%-ը ստացել է հակաբիոտիկներ, սակայն նրանցից միայն 8%-ի մոտ է հայտնաբերվել բակտերիալ վարակ:

ԱՆ հաղորդագրության համաձայն՝ COVID-19 համավարակի պայմաններում հակաբիոտիկների ոչ պատշաճ նշանակման և չարաշահման միտում է արձանագրվել, ինչը վտանգավոր է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման տեսանկյունից, ինչպես նաև կարող է հանգեցնել հակամանրէային դեղերի անհասանելիության այն հիվանդների համար, ովքեր իրապես դրանց կարիքն ունեն:

Հիվանդությունների դեղակայուն ձևերի առաջացմանը, տարածմանը  և պահպանմանը նպաստում են հակամանրէային դեղերի չհիմնավորված  և ոչ ռացիոնալ կիրառումը, հակաբիոտիկների ցածր որակը, ինքնաբուժումը, ոչ նպատակային և սխալ դեղաչափերով նշանակումը կամ բուժման  ընդհատումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter