HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արման Թաթոյան. «Իմ ղեկավարած կառույցը չունի որևէ մանդատ գերիների հարցով բանակցություններ վարելու»

Գերիների և անհայտ կորածների հարցերով Ադրբեջանն ակնհայտորեն արհեստական ձգձգում է պրոցեսը:

Նման համոզմունք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում:

«Մի դեպքում նշվում է դիակների փոխանակման պրոցեսի ավարտից հետո, մի դեպքում այլ խոչընդոտներ են առաջացնում: Սա ակնհայտ կազմակերպված քաղաքականության մասին է խոսում, և դրան զուգահեռ շարունակվում է նրանց կողմից խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք պարունակող տեսանյութերի հրապարակումը: Սա բացարձակ դատապարտելի երևույթ է, ամբողջ հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը խախտելուն ուղղված դիտավորված գործողություններ են»,- ասաց Արման Թաթոյանը:

Արման Թաթոյանն անդրադարձավ Ադրբեջանի գլխավոր դատախազության այն հայտարարությանը, թե նման տեսանյութեր տարածած և խոշտանգումներ իրականացրած զինծառայողների նկատմամբ վարույթներ են հարուցվելու: Թաթոյանի համոզմամբ` այդ գործողություններն ատելության քարոզի շրջանակներում են իրականացվել, այդ ամենը կազմակերպված քաղաքականության մաս է, հետևաբար չէր կարող որևէ զինծառայող իր հայեցողության շրջանակում խոշտանգումներ իրականացնել և այդ ամենը տեսանկարահանել:

Արման Թաթոյանը հիշեցրեց, որ նման տեսանյութեր են տարածվել ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում, այլ դրանից առաջ, և դրանք վերաբերել են նաև քաղաքացիական անձանց: Հայաստանի օմբուդսմենը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը չունի որևէ մանդատ գերիների հարցով բանակցություններ վարելու, որպես ապաքաղաքական մարմին՝ բարձր հավաստիություն ունեցող տեղեկություններ են հավաքագրում և փոխանցում գործընկեր կառույցներին:

«Նպաստում ենք պրոցեսին, բայց կոնկրետ բանակցությունների կամ ժամկետների հետ կապված իրավասություն չունենք»,- ասաց նա:

Թաթոյանի խոսքով` չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ են ներկայացվել, սակայն դա բավարար չէ, անհրաժեշտ է ավելի լայն ծավալով աշխատանքներ տանել:

«Միանշանակ է, որ Կառավարությունն իր համապատասխան մարմիններով պետք է այս հարցերով զբաղվի, դա հստակ է, ուղիղ պատասխանատվությունը Կառավարությանն է: Կան աջակցող մարմիններ, օրինակ՝ ՄԻՊ-ը»,- ասաց Թաթոյանը` չցանկանալով մեկնաբանել Կառավարության գործունեությունը գերիների փոխանակման հարցում:

Գերիների թվեր Թաթոյանը չհնչեցրեց` ասելով, որ աշխատակազմն ունի իր վիճակագրությունը, որը հիմնված է նաև Քննչական կոմիտեի, փաստաբանների, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության թվերի համադրության վրա:

ՄԻՊ-ը հանդիպել է նաև հրադադարի հաստատվելուց հետո Ադրբեջանում գերու կարգավիճակով հայտնված անձանց ընտանիքների անդամների հետ, այդ հարցը ևս ՄԻԵԴ-ում քննության առարկա է դառնալու:

Թաթոյանի ներկայացմամբ` միայն ֆիզիկական բռնությունը չէ, որ պետք է քննարկման առարկա դառնա, այլ նաև պրոցեսի ձգձգումը` այդ կերպ հոգեկան տառապանք է պատճառվում հասարակությանը և առաջին հերթին գերիների ընտանիքներին: Արման Թաթոյանը կարևորեց ճիշտ աշխատանքը, որպեսզի գերիների վերադարձի հարցը շահարկման առիթ չդառնա:

«Այս պրոցեսը սիրում է խիստ պրոֆեսիոնալ աշխատանք, սրա էմոցիոնալ բարձր ֆոնն ակնհայտորեն օգտագործում է Ադրբեջանը: Կարևոր է նաև Կառավարության երկխոսությունը ժողովրդի հետ, որ ժողովուրդը վստահ լինի` գործողություններ են արվում, որ շահարկումներից պաշտպանենք մեր հայրենակիցներին»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter