HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոլսահայ քաղաքական գործիչ․ «Այլեւս հնարավոր չէ իմ ծննդավայրում հոգեպես գոյատեւել»

Պոլսահայ քաղաքական գործիչ Գայուշ Չալըքման-Գավրիլոֆն ասում է, որ թրքահպատակ հայերը մեծ ցավով են լսել սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի մասին։ «Հետքի» զրուցակիցը հիշում է, որ պատերազմի օրերին թուրքերը՝ ադրբեջանական դրոշները ձեռքերին, անցնում էին Պոլսի հայկական թաղամասերով։ «Թուրքիայի մեջ թուրքերի հետ կողք-կողքի ապրել, տեսնել ամեն ինչ, ընդվզել, բայց ձայն չկարողանալ բարձրացնել։ Սա է ահա Թուրքիայի հայերի ողբը»,- նկատում է պոլսահայ գործիչը։

Ըստ Չալըքման-Գավրիլոֆի՝ «թավշյա հեղափոխությունից» հետո պոլսահայերը մեծ հույսեր էին կապում Հայաստանի հետ, շատերը Հայաստանի քաղաքացիություն էին ստացել ու նրանց մի մասը ներգաղթի ծրագրեր ուներ։ Ինչ վերաբերում է Թուրքիայում ապրող ՀՀ քաղաքացիներին, ապա, մեր զրուցակցի տեղեկություններով, սեպտեմբերի 27-ից հետո շուրջ 750 հայաստանցի է վերադարձել հայրենիք։ Պատճառները տարբեր են եղել․ մի մասը վտանգ եւ վախ է զգացել Թուրքիայում, ոմանք էլ պատերազմին մասնակից որդիներ ու թոռներ ունեին։ «Մի ծանոթ կին ասաց, որ եթե 2 գուլպա հյուսեմ, ուղարկեմ մարտիկներին կամ գնամ Արցախ, մի վերք բուժեմ, շահ է։ Ետ գնաց Հայաստան»,- հիշում է պոլսահայ գործիչը։

Այդուհանդերձ, ըստ նրա, կա նաեւ խավ, որի վրա ազդել է ձուլման թուրքական քաղաքականությունը։ Չալըքման-Գավրիլոֆն ասում է, թե այդպիսի հայերը պատերազմի ժամանակ էլ շարունակել են իրենց սովորական կյանքը, կերուխումն ու ցնծությունը, իսկ նրանցից ոմանք նույնիսկ Հայաստանին են մեղադրել ու ինչ-որ «փաստարկներ» բերել՝ լինելով թուրքական մամուլի ազդեցության տակ։ Այդ կեցվածքով մարդիկ քիչ էին եւ ստացել են իրենց հարմար պատասխանը։

Պոլսահայ քաղաքական գործիչը նկատում է, որ Ադրբեջանին ամեն կերպ սատարած Թուրքիան, այնուամենայնիվ, այսօր ծանր տնտեսական պայմաններում է ու փորձում է շինարարության եւ պատերազմի միջոցով կանգուն պահել տնտեսությունը։ «Շինարարությունն արագորեն բարելավում չի կարող բերել։ Բոլորիս պարզ է, որ այն ներդրում է միմիայն սպառման համար։ Իսկ պատերազմն արդեն հազար տարի այս ազգի մտայնությամբ տնտեսությունը փրկելու միջոց է»,- նշում է մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ մինչեւ սեպտեմբերին սանձազերծված պատերազմը Թուրքիան վերջին տարիներին քանիցս հարձակվել է Սիրիայի վրա, ցանկացել է մտնել Լիբիա, Հունաստանի հետ բախումներից էլ հետ է կանգնել Արեւմուտքի միջամտությունից հետո։ «Ի վերջո, նրան հաջողվեց Կովկաս մուտք գործել։ Բայց թե ինչքանով երկիրն  օգուտ տեսավ, հայտնի չէ, որովհետեւ այդ գումարը գնաց մի երկու ընտանիքի գրպանը»,- ասում է քաղաքական գործիչը։

Ըստ Գայուշ Չալըքման-Գավրիլոֆի՝ արդեն երկար տարիներ Թուրքիայի ընդհանուր տնտեսական եկամտի մի զգալի մասը՝ 35-40 տոկոսը, մտնում է կոնկրետ խավի գրպանը։ Սրան զուգահեռ՝ երկրի դեմոգրաֆիկ անկումը, մարդու իրավունքների ու ազատությունների դեմ պետական մակարդակով ճնշումները, ինչպես նաեւ կանանց դեմ բռնությունները, մտավորականներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին եւ լրագրողներին բանտերում մեկուսացնելը մեծ արգելք են Թուրքիայի տնտեսական վերելքին։ «Հետքի» զրուցակիցը նկատում է նաեւ, որ վերջին տարիներին Թուրքիայի կառավարությունն այլ երկրներից վարկ չի կարողացել վերցնել։ Կենտրոնական բանկը սնանկացման եզրին է հայտնվել, իսկ պետական կառավարման հիմնարկները հայտնվել են ֆինանսներ հայթայթելու խնդրի առաջ։ Այս ամենի մեջ հայազգի գործիչը մատնանշում է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնապետական ու հակաժողովրդական կեցվածքը։

«Այս պատերազմի ընթացքում անձնապես տեսա, որ այլեւս հնարավոր չէ իմ ծննդավայրում հոգեպես գոյատեւել։ Թուրքիայում այլեւս հնարավոր չէ եղբայրության, ազատության, մարդասիրական քաղաքականություն վարել։ Եվ սրանց համար ինքդ քեզ զոհելն անիմաստ է թվում»,- նշում է պոլսահայ գործիչն՝ ավելացնելով, որ կարճ ժամանակ անց տեղափոխվելու է Հայաստան։ Միեւնույն ժամանակ նկատում է, որ կան մարդիկ, ովքեր եւս ցանկանում են արտագաղթել Թուրքիայից ավելի լավ պայմաններով երկրներ՝ Եվրոպա կամ ԱՄՆ։ Իսկ ժողովրդի մի մեծ մասը, որը նման հնարավորություն չունի, պիտի ստիպված շարունակի ապրել են «այլամերժ հողերի» վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter