HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը պատերազմական իրավիճակում բանակցային գործընթացից մանրամասներ է պատմել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք իր էջում գրառում է կատարել և մանրամասներ պատմել բանակցային գործընթացի վերաբերյալ: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաեւ, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլեւ ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից:

Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ նա ասաց, որ կարծում է դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ: Այսինքն՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում: Ասացի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքով եւ Լաչինի միջանցքով: Ինքը համաձայնեց եւ պայմանավորվեցինք, որ քննարկումներից հետո կրկին կզանգեմ:

Զանգահարեցի Արցախի նախագահին եւ ասացի, որ հնարավոր տարբերակը վերը նկարագրվածն է: Ասաց, համաձայն է: Դրանից հետո հրավիրեցի արտախորհրդարանական ուժերին եւ տեղեկացրի, որ այսպիսի որոշում եմ կայացրել: Նրանցից շատերի արձագանքը դժկամ էր, ոմանք նիստից հետո սոցիալական ցանցերում գրում էին, որ նրանք ովքեր ժողովրդին ետ կպահեն հետագա պայքարից, դավաճան են եւ այլն:
Նույն օրը ԱԽ նիստ հրավիրեցի՝ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա էր նաեւ Հանրապետության նախագահը եւ Վեհափառ հայրապետը: Ընդդիմադիրները դժկամությամբ ընդունեցին լուրը, բայց ես այնպես տարա խոսակցությունը, որ չեմ պատրաստվում իրենց վրա որեւէ պատասխանատվություն դնել: Պարզապես տեղյակ եմ պահում, որ չստացվի, թե թաքուն, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան եմ անում:
Հրապարակային որեւէ հայտարարություն անել չէի կարող, որովհետեւ եթե Ադրբեջանը առաջարկը մերժեր իմ հրապարակային հայտարարությունից հետո, դա կլիներ մեր դիմադրության ողջ համակարգի փլուզումը: Կրկին զանգահարեցի ՌԴ նախագահին, ասացի, որ համաձայն եմ: Ասաց, որ մինչեւ առավոտ կքննարկի Ալիեւի հետ եւ ետ կզանգի:
Հաջորդ օրը Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որեւէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաեւ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի անունից:
Բայց այս ամենը կարեւոր չէր, որովհետեւ, ես էի կայացրել որոշումը եւ պատրաստվում էի այն տանել մինչեւ վերջ:
Հաջորդ օրը ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիեւը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ եւ նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի:
Նաեւ՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետեւ ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչու՞ եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է եւ ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը:
Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի:

Այսպես՝ պայմանավորվածությունը չկայացավ: Այդ ժամանակ կորսված էին Ջեբրաիլը, Հադրութը եւ հարակից մի քանի գյուղեր, Ֆիզուլին, Թալիշը: Մինչ այդ երկու անգամ մարդասիրական հրադադար էր հայտարարվել՝ մեկը հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ, մյուսը՝ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ: Երկու միջնորդությունն էլ ձախողվել էր»:

Մեկնաբանություններ (1)

Վաչէ Մեծն
Անընդհատ լսում ենք որ այսպես չի եղել, եւ այս սուտ է։ Ոչ Փաշինական եմ ոչ էլ ուրիշի կողմ, այլ մենակ Հայերի կողմ։ Ուրիշ բացատրություն ի՞նչ կայ։ 200 քաջ տղերք մնացած Շուշիի ու Ստեփանակերտի միջև, վեց հազար թշնամու դեմ ուրիշ ի՞նչ ճար կար։ հարցում է, պատասխանը չեմ տեսել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter