HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2019-ին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 26.4%

2019 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 26.4%։  

Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» նոր զեկույցից։ Ինչպես պարզաբանված է զեկույցում, 2019-ի աղքատության մակարդակը համադրելի չէ 2018թ.-ին արձանագրված 23.5% աղքատության ցուցանիշին՝ պայմանավորված աղքատության գծի, ինչպես նաև սպառման և աղքատության չափման մեթոդաբանության փոփոխությամբ: 

Այլ խոսքով՝ աղքատության հաշվարկման և գնահատման մեթոդաբանությունը փոխվել է։ Աղքատությունը Հայաստանում գնահատվում է 1996 թվականից սկսած: 2019 թվականից օգտագործվում է Համաշխարհային բանկի վերանայված՝ չորրորդ մեթոդաբանությունը, այն է՝ աղքատության գնահատումն ըստ չորս շեմերի։ 

Ըստ վերին գծի՝ աղքատ են համարվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից՝ 53 043 դրամ/ամսական։ Բնակչության 43.8%-ը համապատասխանում է այս շեմին։

 Չափավոր (կամ շատ) աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից՝ 35 054 դրամ/ամսական։ Բնակչության 10.2%-ն այս շեմին է։

 Ծայրահեղ աղքատ կամ թերսնված են համարվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից՝ 23 763 դրամ/ամսական։ Բնակչության 1.4%-ն է ծայրահեղ աղքատ։

Ինչ վերաբերում է աղքատության միջին ցուցանիշին, ապա աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության միջին գծից, ինչն աղքատության ստորին և վերին գծերի միջինն է։ Դա 44 048 դրամ/ ամսական շեմն է։ Ինչպես նշվեց, աղքատ է բնակչության 26.4%֊ը։

Արագածոտն ամենաաղքատ մարզն է

Աղքատությունը Հայաստանում ըստ մայրաքաղաքի և մարզերի խիստ տարբերվում է։ 2019 թվականի տվյալներով՝ Երևանում աղքատության մակարդակը կազմել է 14.1%: Ամենաաղքատ մարզը Արագածոտն է՝ 51.4% աղքատության մակարդակով։ 

Տարիներ շարունակ Հայաստանի ամենաաղքատ մարզը համարվելէ Շիրակը։ 2019 թվականի տվյալներով՝ աղքատության մակարդակն այս մարզում 48.4% է։

Աղքատությունն արտահայտվում է տարբեր ձևերով և շոշափում կյանքի տարբեր կողմեր` սպառում, պարենային անվտանգություն, առողջություն, կրթություն, իրավունքներ, ներառյալ ձայնի, անվտանգության, արժանապատվության և արժանապատիվ աշխատանքի իրավունքը: Այն ցուցանիշները, որոնք ներկայացված են հոդվածում, ցույց են տալիս բնակչության նյութական աղքատությունը։

Իսկ ոչ նյութական աղքատության բնորոշիչներն են` վատ առողջությունը, կրթական ցածր մակարդակը կամ անգրագիտությունը, սոցիալական անտեսվածությունը կամ մերժվածությունը, անպաշտպանվածությունը, իրավունքների և խոսքի ազատության անկիրառելիությունը և այլն։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի սկզբի դրությամբ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն 959.7 հազ. մարդ և 2019 թվականի տարեսկզբի համեմատ նվազել է 5.6 հազ. մարդով կամ 0.2%-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter