HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Աղքատության մակարդակը Հայաստանում 23.5% է. ամփոփվել է 2018 թվականը

2018 թվականի տվյալներով, Հայաստանի բնակչության 23.5%-ն աղքատ է։ Խոսքը 700 հազար մարդու մասին է։ 2017 թվականի համեմատ՝ աղքատության մակարդակը նվազել է 2.2 տոկոսային կետով, իսկ 2008 թվականի աղքատության մակարդակի համեմատ (27.6%) նվազել է 4.1 տոկոսային կետով: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) այսօր հրապարակած զեկույցից։

Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից՝ 42 621 դրամ ամսական։ Սա նշանակում է, որ երկրի բնակչության մոտ ամեն չորրորդը ամսական 42 621 դրամից քիչ է ծախսել։

Միևնույն ժամանակ, չափավոր (կամ շատ) աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից՝ 35 071 դրամ ամսական։

Իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից՝ 24 827 դրամ ամսական։

Ինֆոգրաֆիկայում ցույց է տրված երեք աղքատության գծերը՝ 2018 թվականի գներով:  Այսպիսով, 2018 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 23.5%, չափավոր աղքատների տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմել է 10.6% է, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1%։

Աղքատների ընդհանուր թիվը կազմել է մոտ 700 հազար մարդ, նրանցից չափավոր աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` 315 հազար է, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` 30 հազար մարդ: Նախորդ տարվա համեմատ նվազել է ինչպես աղքատների ընդհանուր թվաքանակը, այնպես էլ չափավոր և ծայրահեղ աղքատների թվաքանակը:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների

Վիճկոմիտեի մասնագետներն աղքատության անկումը պայմանավորում են  առաջին հերթին 2018 թվականի տնտեսական աճով։ 2018 թվականին Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նկատմամբ գրանցել է զգալի՝ 5.2% աճ, որն ըստ ՎԿ-ի` զգալի աճ է, սակայն զիջում է 2017 թվականին գրանցված 7.5% աճին: Սպառողական գների ինդեքսը 2017 թվականի նկատմամբ աճել է 2.5 %-ով, որը գերազանցում է նախորդ տարվա 1%-ով աճին:

Այն ցուցանիշները, որոնք ներկայացված են հոդվածում, հաշվարկում են նյութական աղքատությունը։ Սակայն գոյություն ունի նաև ոչ նյութական աղքատություն, որի բնորոշիչներն են` վատ առողջությունը, կրթական ցածր մակարդակը կամ անգրագիտությունը, սոցիալական անտեսվածությունը կամ մերժվածությունը, անպաշտպանվածությունը, իրավունքների և խոսքի ազատության անկիրառելիությունը, այն է՝ գործնականում սեփական խնդիրների մասին հայտնելու անկարողությունը: Ոչ նյութական աղքատության հաղթահարման հիմնական ուղղությունը կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության բարելավումն է, այն է՝ անվճար ծառայությունների հասցեականության առավել հստակությունը և վճարովի ծառայություններից օգտվելու կարողությունների աճը. այս թեմային կանդրադառնանք առանձին հոդվածով։

Շիրակն ամենաաղքատ մարզն է

2018 թվականին աղքատության մակարդակները տարբերվում են ըստ մարզերի և Երևանի: Միջին մակարդակը, ինչպես նշեցինք, 23.5%-ն է։ Սակայն աղքատության մակարդակը որոշ մարզերում նշվածից բարձր է։

Նշված միջին հանրապետականից բարձր են Շիրակի, Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերի ցուցանիշները։ Ընդ որում՝ Շիրակի մարզում բնակչության 42%-ն ապրում է աղքատության գծից ցածր:

Մասնավորապես, մայրաքաղաքում աղքատության մակադակը 19.9% է։ Լոռիում այն 29.4% է, Տավուշում՝ 25.6%, Արմավիրում ՝ 25.3%:

Մյուս մարզերում աղքատության մակարդակը միջին հանրապետականից ցածր է։ Արագածոտնում այն 16.2% է, Արարատում ՝ 19.8%, Գեղարքունիքում՝ 22.4%, Կոտայքում՝ 22.7%, Սյունիքում՝ 16.7%, Վայոց ձորում ՝ 18.6%:

Որքան կարժենա աղքատության հաղթահարումը Հայաստանում

Բնակչության բարեկեցության, կենսամակարդակի գնահատման կարևոր քանակական ցուցանիշ է համարվում տվյալ երկրում աղքատության մակարդակը: Աղքատությունն արտահայտվում է տարբեր ձևերով և շոշափում կյանքի տարբեր կողմերը` սպառում, պարենային անվտանգություն, առողջություն, կրթություն, իրավունքներ, ներառյալ ձայնի, անվտանգության, արժանապատվության և արժանապատիվ աշխատանքի իրավունքը։

2018 թվականի տվյալներով, ինչպես հաշվարկել է Վիճկոմիտեն, աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 63.2 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 1.1% կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների, ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին։

Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 1.0 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 0.02%-ը` ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության և ապահովելով բարձր հասցեականություն:

Միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելը շատ անհավանական է, ուստի, ըստ Վիճկոմիտեի, աղքատության հաղթահարման համար պահանջվող փաստացի միջոցներն իրականում շատ ավելին են։

Վերջին 10 տարիներին Հայաստանում աղքատության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2010  թվականին՝ 35.8%, որից հետո աստիճանաբար նվազել է։ Մինչև 2017 թվականն այն դեռևս բարձր էր 2008 թվականի մակարդակից։ 

Մեկնաբանություններ (2)

Ohan
According to the US Department of Housing and Urban Development's Annual HomelessAssessment Report, as of 2018 there were around 553,000homeless people in the United States on a given night, or 0.17% of the population.
Bedig
Just foe comparison, If the homeless in the USA are considered to be very poor, they represent 12-13% of the population.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter