HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հավաք կազմակերպելու և անցկացնելու գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 11 անձ

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով 11 անձի մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ռիմա Եգանյանը։

Նշենք, որ գործով մեղադրյալներն են «Ադեկվադ» միաբանության ղեկավար  Արթուր Դանիելյանը, «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամներ Նարեկ Մալյանը և Ռոբերտ Մելքոնյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը, ՀՀԿ-ի անդամ Հայկ Մամիջանյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ՀՅԴ-ի անդամներ Սևակ Նազարյանը, Գերասիմ Վարդանյանը, Աշոտ Հովհաննիսյանը և Սարգիս Կարապետյանը։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Հիշեցնենք, որ վերը նշված անձինք  ձերբակալված են եղել, հետագայում նրանց ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ և ազատ են արձակվել։

«Հետք»-ի հետ զրույցում Բաբկեն Հարությունյանի պաշտպան Գայանե Պապոյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքն ապօրինի են համարում։ Նա համոզմունք հայտնեց, որ Բաբկեն Հարությունյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան հետևայլ կերպ է ձևակերպված․ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը»։

Գայանե Պապոյանն ասում է, որ այս հոդվածի դեպքում, փաստորեն, Քրեական օրենսգիրքը միայն հավաք անցկացնելու համար չի նախատեսում քրեական պատասխանատվություն, այլ  կազմակերպելու և անցկացնելու, իսկ Բաբկեն Հարությունյանի մեղադրանքի որոշման մեջ ներկայացված չէ նրա կողմից հավաքը կազմակերպելու փաստական հիմքը։

«Ուստի, մենք գտնում ենք, որ սա քաղաքական հետապնդման հետևանք է»,- ասաց Գայանե Պապոյանը։ Ինչպես արդեն վերը նշել ենք, Բաբկեն Հարությունյանն այս գործի շրջանակներում նաև ձերբակալված է եղել, ապա՝ ազատ արձակվել։

Պապոյանը նշեց, որ իր պաշտպանյալի ձերբակալման որոշումը ևս ակնհայտ ապօրինի է եղել, քանի որ նա խնամքին ունի մինչև 8 տարեկան երեխա, ինչը վարույթն իրականացնող մարմնին հայտնի է եղել։

Մեղադրյալներից Արթուր Դանիելյանի, Նարեկ Մալյանի և Ռոբերտ Մելքոնյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել առաջադրված մեղադրանքում և հրաժարվել են ցուցմունք տալ, քանի որ համոզմունք ունեն, որ սա իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է։

«Այստեղ ոչ մի իրավաբանություն չկա»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։

Միհրան Հակոբյանը ևս մեղադրանքը չի ընդունել և այն ապօրինի է համարում։ Նրա պաշտպան Միքայել Շխիմյանի խոսքով՝  Հակոբյանը հայտնել է, որ մեղադրանքի էությունն իրենց հասկանալի չէ։ Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում Շխիմյանն ասել էր նաև, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Միհրան Հակոբյանը որևէ հավաք է կազմակերպել և անցկացրել։

Նշենք, որ քրեական գործը քննվում է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, այն վերաբերում է նոյեմբերի 19-ին Երևանի  Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ պողոտա խաչմերուկում, Թբիլիսյան խճուղում, Մյասնիկյան, Բաղրամյան, Իսակովի, Գայի  պողոտաներում, Ամիրյան փոցող-Մաշտոց պողոտա խաչմերուկում և հարակից տարածքներում, նոյեմբերի 20-ին՝ Սարյան և Դեմիրճյան փողոցներում, Բաղրամյան, Մաշտոցի պողատաներում, ինչպես նաև Հանրապետության հրապարակում մի խումբ անձանց կողմից հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքերին, ինչը, Քննչական կոմիտեի գնահատմամբ, իրականացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter