HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Անդրանիկի մասին ընտանիքի անդամները անցյալով չեն խոսում

Սյունիքի մարզի Մեղրու շրջանի Վարդանիձոր գյուղական բնակավայրի գլխավոր փողոցում սև ժապավեն է կախված, վրան գրված է՝ Անդրանիկ 18։ Փողոցներում կախված սև ժապավենները տխուր ապացույցներն են կիսատ մնացած կյանքերի։

Փողոցում հավաքված մարդկանցից հետաքրքրվում ենք, թե ո՞րն է Անդրանիկենց տունը։ Բնակիչներից մեկն առաջարկում է մեզ ուղեկցել։ Ճանապարհին պատմում է, որ Անդրանիկը աշխատասեր տղա էր։ Ընտանիքը սոցիալապես ապահով չէ, բացի Անդրանիկից՝ տանը կա ևս 3 երեխա։ Ծնողներն անասնապահությամբ են զբաղվում։ Դա ընտանիքի ապրուստի հիմնական միջոցն է։ Անդրանիկը տան ավագ երեխան էր։

Մեզ դիմավորում է Անդրանիկի հայրը՝ Սամվելը։ Անդրանիկի երկու եղբայրները՝ Լևոնն ու Սուրենը, խաղում են բակում։ Մեզ տեսնելով՝ առաջ են գալիս։ Բարևում են, Սուրենը հարցնում է՝ Անդոյի համա՞ր եք եկել։ Հայրը մեզ ուղեկցում է ներս։ Հյուրասենյակում Անդրանիկի մայրը՝ Ինեսա Առուստամյանն է նստած։ Սեղանին դրված է Անդրանիկի նկարը։

Անդրանիկ Զաքարյանը 9-ամյա կրթություն ուներ։ Ուսումը շարունակել է Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարանում, որոշել էր ավտոմեխանիկ դառնալ։ Բանակ էր զորակոչվել 2020-ի ամռանը։ Ծառայում էր Հադրութում։

Գյուղում անասնապահությամբ էր զբաղվում, զուգահեռաբար հարավային՝ Ագարակի Հայաստան-Իրան մաքսատանը բանվորություն էր անում։ «Աշխատած գումարով հոր համար աշխատանքային գործիքներ էր գնել՝ բալգարկա, դռել, որ իմանայի էսքան կարճ կյանք է ունենալու տղես, չէի թողի էսքան աշխատեր, շատ էր աշխատում, որ մեր հոգսը թեթևացներ»,- ասում է մայրը։ Նա հիշեց, որ Անդրանիկը գումար էր հավաքում, որպեսզի իր համար լվացքի մեքենա գներ։ Գումարի մի մասը չէր հասցրել հավաքել, խոստացել էր, որ մեքենան գնելու է, երբ զորացրվի բանակից ու գումարի մյուս մասն էլ աշխատի։

Անդրանիկը թիկնեղ ու բարձրահասակ էր, բակում իր համար մարզվելու պայմաններ էր ստեղծել, մարզվում էր։ «Հին պարկերից տանձիկ ա սարքել, պատից երկաթ ա կապել, տուռնիկ սարքել, որ ձգվի, ինձ ասում էր, ինձ շատ սպիտակուց ա պետք, ես պիտի ուժեղ լինեմ, սպիտակուցներով հարուստ բաներ սարքի, որ ուտեմ»,- պատմում է Անդրանիկի մայրը։

Նրանք սկսել էին տունը վերանորոգել։ Ամեն անգամ զանգելիս, ծնողներին հարցնում էր, թե տան վերանորոգումը, ո՞ր փուլում է, ծնողները խոստացել էին, որ մինչև իր բանակից վերադառնալը տան վերանորոգումը ավարտին են հասցնելու։ Խնդրում էր, որ անգամ ամենաչնչին փոփոխությունները նկարեն ու ուղարկեն իրեն։ 

«Մամ, հիշո՞ւմ ես, որ Անդրանիկը միշտ քեզ պաշտպանում է»,- մորը դիմելով՝ ասում է Անդրանիկի քույրը՝ Ալեքսանդրան։

«Հա, իմ պաշտպանն է Անդրանիկը։ Եթե երեխաները բարկացնում էին, կամ ամուսուս հետ վիճում էի, Անդրանիկը գալիս, բոլորի վրա բարկանում էր, հետո ասում էր՝ մամայիս բան չասեք, ինքը միշտ ճիշտ ա, հիմա էլ է իմ պաշտպանը, իմ տղան միշտ իմ պաշտպանն է լինելու»,- արցունքները սրբելով՝ ասում է Ինեսան։

Անդրանիկը եղբայրների հետ շատ կապված էր։ Փոքր եղբայրը՝ Լևոնը մեզ ասաց, որ ինքը շատ նման է մեծ եղբորը։ Ինքն էլ է սիրում մարզվել։ Ամեն օր եղբայրներին վերցնում, գնում էր բակ, որպեսզի մարմնամարզությամբ զբաղվեն։

Քույրը՝ Ալեքսանդրան, պատմում է իրենց ամենաերջանիկ օրվա մասին. նախորդ տարի Ամանորին՝ 12.00-ից հետո գյուղի երեխաները հավաքվել էին մշակույթի տանը՝ Ամանոր նշելու։ Իրենք էլ էին գնացել, Անդրանիկը Ալեքսանդրային էլ էր տարել, միասին պարել էին, ուրախացել մինչ ուշ գիշեր։ Ալեքսանդրան ասում է, որ դա իր կյանքի ամենաերջանիկ օրն էր։

Մայրը՝ Ինեսան, ասում է, որ չեն կարողանում տղայի մասին անցյալով խոսել, անգամ հիմա, երբ գիտեն՝ նա չկա, միևնույն է՝ միշտ ներկայով են խոսում։

Անդրանիկի հայրը՝ Սամվելը, գրեթե չէր խոսում, միայն կնոջ խոսքն էր լրացնում։ Հետո հիշեց, որ Անդրանիկը հեծանիվ է ուզել փոքր տարիքում, իսկ ինքը չի գնել ու հիմա ափսոսում է, որ տղայի եզակի խնդրանքներից մեկն անկատար է թողել։ Ասում է, որ շատ հազվադեպ էր ինչ-որ բան ուզում Անդրանիկը։ «Հեծանիվ էր ուզում, չգնեցի, մտածում էի՝ էս քարքարոտ տեղերում հեծանիվը ո՞նց է քշելու, հետո էլ մեծացավ, էդպես էլ հեծանիվ չունեցավ»,- ասում է նա։

Լևոնը՝ Անդրանիկի եղբայրը, հորն ասաց, որ ինքն էլ է ուզում հեծանիվ, հայրը խոստացավ, որ անպայման գնելու է։

Անդրանիկ Շաքարյանը զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիում։ Հուղարկավորվել է նոյեմբերի 19-ին հայրենի գյուղում՝ Վարդանիձորում։ 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter