HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավոր Գոռ Գևորգյանը դուրս է գալիս «Իմ քայլ»-ը խմբակցությունից

Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որոշել է դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից և որպես անկախ պատգամավոր շարունակել իր ընտրողների առջև ստանձնած պարտավորությունների կատարումը։ 

«Վերահաստատում եմ, որ ինձ համար ազգային համերաշխությունն ու միասնությունը, ներքաղաքական կայունությունն անքննելի առաջնահերթություններ են: Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության և ՀՀ Սահմանդրությանն անվերապահորեն հետևելով: Այս օրերին փորձել եմ ջանքերս ուղղել գործընկերներիս հետ երկխոսելու, ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու և մեր Պետության համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործին: Միևնույն ժամանակ, այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր Պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով` որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից` որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջև ստանձնած պարտավորություններիս կատարումը:

Ուզում եմ նաև ընդգծել, որ քաղաքական գործունեություն սկսելու ամենակարևոր մղումը եղել է նոր, ավելի ուժեղ Հայաստան կառուցելու գործին լծվելու գաղափարը: Կյանքում և գործունեությանս ընթացքում կաշկանդված չեմ եղել մտքերս արտահայտելու և դիրքորոշումս հայտնելու հարցերում և այս առումով կարծում եմ` կայացված որոշումը ընկալելի կլինի նաև խմբակցության այն գործընկերներիս համար, ովքեր ավելի լավ գիտեն սկզբունքներիս և արժեքներիս նկատմամբ միշտ հավատարիմ լինելու պարտավորությանս մասին: Այսուհետ ևս, շարունակելու եմ ուժերիս ներածի չափով ծառայել հայրենիքիս:

Կիսում եմ ժողովրդիս ցավն ու վիշտը, խոնարհումս բոլոր նահատակների շիրիմներին, հերոս մարտիկներին և Հայոց բանակին»,- գրել է պատգամավորը:

Լուսանկարը՝ պատգամավորի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter