HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխաներն անընդհատ երկնքին են նայում՝ այնտեղ փնտրելով ճախրող արծիվներին ու արծիվ դարձած հորը

Խանութ գնալուց 6-ամյա Անահիտը սեւ ժապավենի վրա պատահական տեսել էր հոր՝ Արշակի անունը։ Ամռանը տառերը սովորել էր մոր՝ Նարինեի հետ։ Վերջինս ասում է՝ չէր պատկերացնի, որ երեխան կկարդար հոր անունը։ Արշակի զոհվելուց հետո երկու երեխաները՝ Անահիտն ու 5-ամյա քույրը՝ Արաքսը, հարազատների տանն էին։ Երեխաները չգիտեն հոր կորստի մասին։ Արշակի մայրը՝ տիկին Օֆելյան, երեխաներին ասել է, թե «պապան արծիվ է դարձել, երկնքում է հիմա»։ Երեխաներն անընդհատ երկնքին են նայում՝ այնտեղ փնտրելով ճախրող արծիվներին ու արծիվ դարձած հորը։

-Երբ Անահիտը խանութից եկավ տուն, ասաց՝ մամ, փաստորեն, հիմա էլ արծիվների անուններն են գրվո՞ւմ։ Ես տեսա պապայի անունն էլ է գրված, Վիգենի անունն էլ (Արշակի ընկերն է- հեղ․),- պատմում է Նարինեն, ապա շարունակում,- փոքր աղջկաս՝ Արաքսի երեւակայությունը շատ վառ է, ասում է՝ այ, էն արծիվը տեսնո՞ւմ եք, էդ իմ պապան ա։

Ծանր լռություն է իջնում նախասրահում, որից ոչ մի կերպ հնարավոր չէ ազատվել։ Տան մեծերը երեխաների ներկայությամբ շշուկով են խոսում պատերազմի մասին։ Նրանք միայն գիտեն, որ այլեւս չեն տեսնելու հայրիկին։

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում Արշակ Մելիքյանի տանն ենք։ 33-ամյա Արշակը հոկտեմբերի 6-ին է զոհվել։ Ավագ եղբայրը՝ Հարութը, եղբոր դիմանկարն է պատվիրել մի գեղանկարիչ հոգեւորականի մոտ։ Հյուրասենյակի բաց դռնից երեւում է Արշակի նկարը՝ կողքին սպիտակ վարդեր, սեղանին՝ եռագույնը, ՀՅԴ դրոշը եւ «Նարեկը»։

-Մեր հյուրասենյակը դարձել է պապայի սենյակը։ Էդպես են ասում երեխաները,- նշում է 27-ամյա Նարինե Խաչատրյանը՝ իր գրկում պահելով նոր ծնված Տիգրանին։ Տիգրանի եւ Արշակի հանդիպումն այդպես էլ տեղի չունեցավ։ Երեխան ծնվել է հոր զոհվելուց 17 օր հետո։

-Տիգրանին ի՞նչ եք պատմելու տարիներ անց,- հազիվ լսելի ձայնով հարցնում եմ Նարինեին։

-Չգիտեմ, ամեն օր մտածում եմ էդ մասին,- պատասխանում է նա, ապա երկուսով նայում ենք փոքրիկ Տիգրանին։ Նա քնաթաթախ մի քանի անհանգիստ շարժումներ է անում, փոքր-ինչ ձգվում ու դարձյալ աչքերը փակում։ Ժպտում ենք։

Իսկ մեծ Տիգրանը՝ պապը, մեր կողքին լուռ նստած է։ Վիշտը լցվել է աչքերի մեջ՝ հայացքը դարձնելով հեռվում թափառող։

-Երեխաներին պատասխան տալն ամենաբարդն է մեզ համար։ Արաքսն անընդհատ երազում հորն է տեսնում։ Էն մեծն էլ մեկ-մեկ լացում ա, չի ուզում ասի, ասում ա՝ ինչի՞ ա ամեն օր արտասուք գալիս։ Երեխեն երեւի հուզվում ա իր մեջ, բայց ուզում ա համոզի իրեն, որ արտասուքն ինքն իրեն է գալիս,- պատմում է պապը՝ Տիգրան Մելիքյանը։

Վերջինս ասում է, որ որդին ձեռքի լավ շնորհք ուներ։ Տունը միասին են կառուցել։ Արշակը շատ արագ էր աշխատում։ Եթե մարդ կա, որ մի սենյակը 10-15 օրում կվերանորոգի, նա մի օրում էր անում։

-Ձեր շուրջն ինչ տեսնում եք, Արշակի ձեռքի գործն է։ Ինքն է ներկի գույնը ստացել, տեսեք՝ էս պատի ծղոտը, էլի իր մտահղացումն է։ Կանչեց, ասեց՝ արի նայի։ Ես էսպիսի բան չէի տեսել,- նշում է եղբայրը՝ Հարութը։

-Էդ ծղոտը հատ-հատ դրել-կպցրել է պատին,- շարունակում է Նարինեն։

Արշակն ու Նարինեն ծանոթացել են ուսանողական տարիներին։ Արշակը սովորում էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Նարինեն՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Երկուսն էլ ժողվոկալ բաժնում էին ուսանում։ Այդ տարիներին Արշակը նույնիսկ երգի խմբակ էր բացել, որի անդամներից մեկը Նարինեն էր։ Ուսանողական տարիներին էլ ամուսնացել էին։ Արշակն ավարտել էր նաեւ Ջիվանու աշուղական դպրոցը եւ որոշ ժամանակ «Սասուն» ազգագրական համույթի անդամ էր։ Հարութը հեռախոսով լուսանկարներն է ցույց տալիս։ Ասում է՝ համույթով շրջագայությունների էին գնում։ Լեհաստանում, օրինակ, երգի փառատոնին առաջին տեղն էին զբաղեցրել։

Եղբայրներով շատ մտերիմ էին։ Հարութը նկատում է, որ բացի եղբայր լինելուց, լավ ընկերներ էին։ Մի տանիքի տակ էին ապրում։ Եղբայրն ասում է՝ միշտ միասին են եղել ու կլինեն հավերժ։

-Կյանքով լի տղա էր։ Մեր տունը շաբաթը մի քանի անգամ ընկերներով հավաքվում էին, կամ որ տանն էլ չլիներ, ներքեւը տեղ կար, էդտեղ էինք հավաքվում։

-Արշակը երգո՞ւմ էր էդ ժամանակ։

-Հա, ոնց չէ։ Էս վերջին տարիներին ամենաշատը «Կամավորն» ու «Ղարաբաղն» էր երգում,- սա ասելուց հետո Հարութը հեռախոսի մեջ փնտրում է Արշակի կատարումներից։ Տունը լցվում է նրա ձայնով։ Իսկ հյուրասենյակի բաց դռնից մեզ նայում է Արշակը։

«Ղարաբաղ, միշտ կանգուն մնաս, Ղարաբաղ»,- «Ղարաբաղ» երգից են։

-Նույնիսկ «Ֆեյսբուքում» Արշակի վերջին գրառումն էլի Ղարաբաղի մասին էր։ Սեպտեմբերի 19-ին Ղարաբաղի մասին նոր երգ էր դրել, որի մասին քչերը գիտեն,- հեռախոսի նկարները թերթելով՝ ասում է եղբայրը։

Սեպտեմբերի 27-ին Հարութի ամուսնության մեկամյակն է լրացել։ Արշակն իր ձեռքով խորովածի միսը բաստուրմա էր դրել, բայց պատերազմն ավելի շուտ ներս մտավ տուն։ Հարութն ասում է՝ մինչեւ հիմա այդ մսին ձեռք չեն տվել, հետո լռում է։

-Մեր ապրելը ծանրացավ։ Ոչ երկրի վրա ենք, ոչ երկնքում,- լռությունը խախտում եմ։

-Երկրի վրա քեզ վատ ես զգում։ Որ լուրջ մտածում ես, քեզ վատ ես զգում, որովհետեւ երկիր չկա։ Մենք չենք ապրում, գլուխներս կախ օրվա հաց ենք վաստակում։ Բանական մարդու համար սա ապրել չի, զոհվելը, մեռնելը փառք ա, ավելի լավ ա,- նշում է Հարութը։

Երկու եղբայրների երեխաները՝ Օֆելին եւ Տիգրանը, մեկ ամսվա տարբերությամբ են ծնվել։ Նարինեն ասում է՝ ամուսինը մինչեւ Տիգրանի ծնվելը միշտ ասում էր, որ որդին եղբոր ծննդյան օրն է ծնվելու։ Այդպես էլ եղավ։ Տիգրանը ծնվեց հոկտեմբերի 23-ին՝ Հարութի ծննդյան օրը։

Նարինեն լուռ է։ Սովորաբար մարդիկ ծանր ցավը լուռ են տանում։ Վերջին անգամ նա ամուսնուն տեսել է հոկտեմբերի 2-ին։ Պատերազմի առաջին իսկ օրն Արշակը կամավորագրվել էր, մի քանի օրով ընկերների հետ պատրաստություն էր անցել Բյուրականում, ինչից հետո միայն նրանց ճակատ էին տարել։

Մարտական ընկերներից մեկը, որ մեզ ուղեկցել էր Արշակենց տուն եւ չցանկացավ հրապարակել անունը, պատմում էր Արշակի կյանքի վերջին ժամերի մասին։ Միասին մի ջոկատում էին՝ սկզբից 26 հոգով էին, հետո երկուսը վիրավորվել էին, մնացել էին 24 հոգով։ Հոկտեմբերի 6-ի առավոտյան ժամը 10-11-ի կողմերը Մարտակերտի շրջանի Լյուլասազ բարձունքում մարտեր էին ընթանում մինչեւ 20 մետր հեռավորության վրա։ Դրանց մասնակցող ՀՅԴ կամավորականների մեջ էր նաեւ Արշակը, որը զոհվեց։ Հայկական ուժերին, սակայն, հաջողվեց թշնամուց մաքրել բարձունքը։

Նախասրահում Անահիտն ու Արաքսը անցուդարձ են անում։ Մեր խոսակցություններն սկսում են հյուսվել նրանց անելիքների շուրջ։ Անահիտը բերում է տետրերն ու գրքերը։ Այբբենարանն ենք բացում։

-Էս պապաս ա ներկել, էս երկուսը՝ ես,- ցույց է տալիս 6-ամյա աղջիկը։

Նարինեն աչքերը լուռ սրբում է։ Սեպտեմբերի 14-ին Անահիտին առաջին անգամ դպրոց էր տարել ամուսինը։ Նարինեն խնդրել էր, որ ինքը տանի, քանի որ Տիգրանի ծնվելուց հետո ժամանակ չէր ունենալու, բայց Արշակը պնդել էր, որ ինքն է աղջկան ճանապարհելու դպրոց։ Հարութը հեռախոսով ցույց է տալիս Արշակի եւ Անահիտի լուսանկարը՝ դպրոցի բակում։

-Էրեխեքը շատ են կարոտում Արշակին։ Անընդհատ երազներ են տեսնում, որ հորը գրկում են։ Մի քանի օր առաջ Արաքսն ասաց՝ դուռը մի փոքր բաց կպահեք, որ պապան կարողանա ներս մտնի,- պատմում են տնեցիները։ Իսկ երեխաները մեր շուրջը վազվզում են։ Անահիտն իրավաբան է ուզում դառնալ, իսկ քույրը՝ մանկաբույժ։

-Արաքս, որ բժշկուհի դառնաս, ի՞նչ ես գրելու քո դռան մոտ,- հարցնում են տնեցիները։

Արաքսը ժպտում է, բայց անմիջապես չի պատասխանում։

-Արաքս Արշակովնա․ գիտնական,- մեզ հրաժեշտ տալուց առաջ ասում է Արաքսը, որը շատ նման է հորը։

-Արաքսն ուզում է նաեւ դեղագործ դառնալ։ Ասում է՝ ես էնպիսի դեղ կսարքեմ, որ արծիվների թեւերին քսեմ, ու իրենք մնան մեզ մոտ, չթռնեն,- ասում են հարազատները։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (2)

Շավարշ
Հարգելի խմբագիր Խնդրում եմ տվյալներ փոխանցել օգնելու համար:
Անուշ
Ընտանիքի տվյալները խնդըում եմ փոխանցեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter