
Արտակ Բեգլարյան. «Տեսանյութերից առանձնացրել ենք 60 ռազմագերու, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք պարզել»
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերների և այլ անձանց վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել: Արցախի օմբուդսմենի ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես ասվում է հետևյալը.
«Գիշեր-ցերեկ անընդհատ թարմացնում ենք գերիների վերաբերյալ մեր ցանկերը՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք կարողացել պարզել: Էլ չեմ նշում վկայությունների, զանգերի և այլ ապացույցների հիման վրա հավաքագրվող տվյալները:
Առանձին փաստահավաք գործունեություն ենք իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: Հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ: Հատուկ համագործակցություն ունենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և անհատ փաստաբանների հետ՝ տվյալների փոխանակման ու այլ համապատասխան գործընթացների հարցում»:
Կարդացեք նաև՝
Մեկնաբանել