HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյան․ «40 հազար անձ մնացել է անօթևան»

Գերիների, անհետ կորածների, անօթեւան դարձած քաղաքացիների, պետական համակարգի կառավարման ճգնաժամի, ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու եւ այլ հարցերի շուրջ «Հետք»-ը զրուցել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ։

Ներկայացնում ենք պաշտպանի հետ զրույցից որոշ մեջբերումներ, իսկ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով։  

Գերիների եւ անհետ կորածների մասին

Անհետ կորածների մասով անհայտությունն ու անորոշությունը բավականին մեծ է։ Այսինքն՝ դժվար է ասել, թե նրանցից քանիսն է ողջ և գերի ընկել և քանիսն է զոհվել։ Միայն կարող ենք ասել տեսանյութերի և հրապարակային ապացույցների հիման վրա, որ այս պահի մեր վերլուծությամբ՝ առնվազն 70-80 ռազմագերու վերաբերյալ տեղեկություններ կան։ Չի բացառվում, որ ավելին են։ Քաղաքացիական անձանց վերաբերյալ վերջնական թիվ չենք կարող նշել, բայց, ըստ տարբեր տեղեկությունների, որ մենք հավաքագրել ենք՝ 30-ից ավելի քաղաքացիական անձ պետք է լինի Ադրբեջանի վերահսկողության տակ։

Տպավորություն ունեմ և տարբեր տեղեկություններ, որ պատերազմի սկզբից համակարգային խնդիր է եղել անհետ կորածների տվյալների հավաքագրման գործընթացում։ Միայն պատերազմի որոշակի ժամանակահատվածում է Արցախում և Հայաստանում ավելի ինստիտուցիոնալ հիմքի վրա դրվել այս գործընթացը՝ տեղեկությունների հավաքագրումը բաց աղբյուրներից և հարազատներից։ Հաղորդակցությունն անհայտ կորածների հետ ի սկզբանե լավ չի վարվել։

Ադրբեջանը հնարավորինս շահարկում է գերիների և անհետ կորոծների խաղաքարտը հայկական հասարակության մեջ լարվածությունը մեծացնելու և հարազատների տառապանքը մեծացնելու նպատակով։ Ադրբեջանն էլ ունի գերիներ և անհետ կորածներ, որոնց թվաքանակը բավականին քիչ է, քանի որ մարտադաշտերը, պատերազմական գործողությունները տեղի են ունեցել այսօր իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Անօթեւանների մասին

Մեր հաշվարկներով՝ շուրջ 40 հազար անձ մնացել է անօթևան։ Մի մասը զավթված տարածքների բնակիչներ են, իսկ մյուս մասը հանձնված բնակավայրերի բնակիչներն են։ Առաջին խումբը որևէ պարագաներ չի կարողացել վերցնել տներից, երկրորդ խումբը քիչ թե շատ կարողացել է հանել իր շարժական գույքը։ Սա նշանակում է, որ մեզ համար կարևոր խնդիրներից մեկը մնում և մնալու է անօթևան մնացած մեր հայրենակիցներին օթևանով և մնացած կենցաղային պայմաններով ապահովելը։ Նրանց մի մասը վերադարձել է Արցախ, որոնց համար որոշակի պայմաններ ստեղծել է կառավարությունը կենտրոնացված ապրելու համար, բայց բավարար չեն այդ պայմանները և' քանակապես և' որակապես։ Մեկնարկել է նաև բնակվարձի փոխհատուցման ծրագիրը, բայց մեր բնակֆոնդի շուկան չի բավարարում առկա պահանջարկին։ Դեպքեր եմ լսում, որ 3 սենյականոց բնակարանը Արցախում 150 կամ 180 հազար դրամ ամսական վարձավճարով են տրամադրում։ Ամենակարևոր խնդիրը գործընթացի համակարգումն է, որ Հայաստանում գտնվող անօթեւանները օժանդակություն ստանան ՀՀ-ում մինչև հնարավոր լինի Արցախում համապատասխան ենթակառուցվածքներ ապահովել և նրանց վերադարձնել Արցախ։ Ջանքերի ներդաշնակեցման խնդիր կա, համակարգված աշխատանքի խնդիր էլ կա կարիքների գնահատման և բավարարման տեսանկյունից։

Պետական համակարգի աշխատանքի մասին

Պատերազմի ժամանակ և դրանից հետո պետական մարմիններն ունեցել են հասարակության հետ արդյունավետ հաղորդակցության խնդիր։ Պետական մարմինները պետք է արդյունավետ հաղորդակցություն վարեն, որպեսզի հասկանան խնդիրները, արդյունավետ աջակցություն իրականացնեն։ Երկրորդ խնդիրը պետական ինստիտուտներում առկա մարդկային ռեսուրսի կառավարումն է։ Այստեղ էլ միշտ խնդիրներ ունեցել ենք, որոնք պատերազմի ժամանակ և հետո առավել սրվել են։ Պատերազմի ժամանակ մի մասը տեղահանվել է, մի մասն էլ մասնակցել է պատերազմական գործողություններին։ Կառավարման համակարգը պետք է երկարաժամկետ բարեփոխումների ենթարկվի։ Այստեղ շատ մեծ անելիք կա և' Արցախում և' Հայաստանում։ Բավարար մակարդակի ինստիտուցիոնալ կառավարման մշակույթ չունենք, մարդկային ռեսուրսի կառավարման հմտություններ և կարողություններ չունենք։ Այս խնդիրը Արցախում ավելի մեծ է, քանի որ ՀՀ-ում մասնագիտական կարողությունները համեմատաբար զարգացած են։

Հետպատերազմյան քաոսի մասին

Նոյեմբերի 10-ից մինչ օրս մենք ապրում ենք անորոշությունների մեծ շղթայում։ Մարդկանց հոգեբանական խնդիրները, վարքային խնդիրներն այս ժամանակաշրջանում պայմանավորված են եղել մեծ անորոշությամբ։ Ցավոք, այդ անորոշությունները վերաբերում էին ոչ միայն երկարաժամկետ ապագային, այլ կարճաժամկետ՝ 1-2 օրվա ապագային, որ մարդիկ չէին տեսնում հստակ, թե իրենց ինչ է սպասվում։ Հասկանում եմ, որ որոշում կայացնողների համար էլ անորոշություններ կան, բայց պետական պաշտոնյաների պարտավորություններից մեկն այն է, որ իրենք պետք է իրենց վրա վերցնեն ռիսկերը, պարզաբանեն անորոշությունները, հետո մնացածն իրենք հստակեցնեն հասարակության համար։ Հասարակությունը պետք է շատ չզգա անորոշություններն իր մաշկի վրա։ Հետպատերազմյան հատկապես սկզբի շրջանում մենք ունեինք ոչ միայն կառավարման ճգնաժամ, այլ՝ պետականության ճգնաժամ, որը վերաբերում է երկու հանրապետություններին։ Այս ճգնաժամը պետք է արագ վերացվի արդյունավետ կառավարմամբ և անորոշությունների կառավարմամբ։

Ապագայի մասին

Պետք է հստակեցնենք, թե մենք ապագայում ինչ ենք անելու։ Ի՞նչ անվտանգության և զարգացման երաշխիքներ պետք է պետությունն ապահովի, բայց պետք է նաև մենք պատրաստ լինենք պատերազմական գործողությունների, դրա ժամանակ իրավունքների պաշտպանության, կառավարման ժամանակ հաջողություների և ձախողումների մասին խոսել և վերլուծել։ Մի մասը, գուցե գաղտնիությամբ և զգայուն թեմաներով պայմանավորված, պետք է փակ լինի, բայց մենք պետք է պատրաստ լինենք հանրային քննարկումներ ունենալ։ Պատերազմական գործողությունների ժամանակ մենք ունեցել ենք ձախողումներ նաև կառավարման համակարգի թերացումների պատճառով։ Մենք ունեցել ենք իրավունքների խախտումներ նաև կառավարման համակարգի պատճառով։ Այս ամենը պետք է վերլուծենք ու դասեր քաղենք։ Ապրիլյան պատերազմից հետո տարբեր հարցերում դասեր քաղել ենք, բայց այս պատերազմը ցույց տվեց, որ բավարար չափով դասեր չենք քաղել, ու դա նաև կառավարման համակարգերի թերացումների պատճառով է, պետական համակարգերի իսնտիտուտների թերզարգացման պատճառով է, մարդկային ռեսուրսներսի բացակայության կամ թույլ կառավարման պատճառով է։ Մենք օր առաջ պետք է ձևավորենք հստակ մեխանիզմներ, վերլուծական թիմեր և ինստիտուտներ, որպեսզի վերլուծեն խնդիրները և որոշումների կայացման հարցում լուրջ դերակատարում ունենան։ Մենք պետք է պատերազմը դիտարկենք մեզ համար որպես շատ մեծ քննություն, որից կտրվել ենք, բայց այդ քննությունից կտրվելուց հետո կյանքը շարունակվում է և այդ քննության բոլոր դասերը պետք է քաղենք, վերլուծենք ու ապագա քննություններին պատրաստվենք։ Սա երկարաժամկետ պայքար է բոլորիս համար՝ տարիների, տասնամյակների, կարող եք դիտարկել՝ նաև դարերի պայքար, ու մենք չպետք է հաջորդ քննությունից կտրվենք, այլապես մեր գալիք սերունդները մեզ չեն ների։

Մեկնաբանություններ (1)

Silva
Arcax

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter