
Տիգրան Ավինյան. «Գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը»
Դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող հարցերը: Փոխվարչապետը նշել է, որ այս հարցերը Հայաստանի կառավարության օրակարգում առաջնային ու հրատապ տեղ են գրավում և ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար:
Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրությունում, Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Բացի այդ, առաջարկվում է ստեղծել մեխանիզմ, որի համաձայն եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների պետք է հետ վերադարձվեն:
Դեսպան Կոպիրկինը նշել է, որ գերիների, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման հարցերը գտնվում են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորել է Արցախի բնակչության հումանիտար խնդիրների լուծման հարցում Ռուսաստանի ցուցաբերած օգնությունը: Նա նաև ընդգծել է միջազգային հումանիտար կազմակերպությունների Արցախ անխափան մուտքի կարևորությունը:
Մեկնաբանել