HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է հավանություն տվել կորոնավիրուսի Pfizer/BioNTech պատվաստանյութին

Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը լայնամասշտաբ օգտագործման համար հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութին։ Այդ մասին գրում է BBC-ն։ Պատվաստումները կսկսվեն արդեն հաջորդ շաբաթվանից։ Առաջինը պատվաստանյութը կստանան տարեցները և փակ հաստատությունների շահառուները։

Մեծ Բրիտանիան 20 միլիոն մարդու համար պատվիրել է առաջին 40 միլիոն դոզան։ Համաձայն բրիտանական MHRA կարգավորիչի՝ Pfizer/BioNTech պատվաստանյութը ցույց է տվել մինչև 95 % արդյունավետություն։ Այն ռեկորդակիր պատվաստանյութ է, քանի որ գաղափարից մինչև զանգվածային կիրառություն անցել է ընդամենը 10 ամիս։ Մինչ օրս այդ գործընթացը յուրաքանչյուր այլ դեղամիջոցի համար կազմել է միջինում 10 տարի։

Pfizer/BioNTech պատվաստանյութը դեղագործական երկու համանուն ընկերությունների՝ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համատեղ արտադրանքն է։ Այն դասվում է mRNA նոր տիպի պատվաստանյութերի կատեգորիային և իր մեջ պարունակում է համաշխարհային համավարակի պատճառ դարձած վիրուսի գենետիկ կոդի մասնիկ։ 

Կլինիկական փորձարկումների ընթացքում պարզվել է, որ այն հավասարապես լավ է ազդում տարբեր տարիքի և էթնիկ ծագման մարդկանց վրա: Փորձարկումներին մասնակցել է տարբեր երկրներից 41 հազար մարդ։ Նրանցից 41 %-ը եղել են 56-85 տարեկան տարիքային խմբի ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուրին արվել է երկու ներարկում՝ երեք շաբաթ ընդմիջումով։ Կամավորներից և ոչ մեկի մոտ պատվաստանյութը կողմնակի լուրջ ազդեցություններ չի առաջացրել, սակայն 2 %-ի մոտ նկատվել է գլխացավ և հոգնածություն։

Պատվաստանյութի մշակողները նշում են, որ 95 % արդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ կլինիկական փորձարկումների 170 մասնակիցներ ամեն դեպքում վարակվել են կորոնավիրուսով, սակայն նրանցից միայն 8-ն էին հասցրել ստանալ անհրաժեշտ դոզայի ամբողջական ծավալը։

Դեպքերի մեծ մասի պարագայում կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը ի հայտ  է գալիս երկրորդ դոզայի ընդունումից 7 օր անց։ Հազվադեպ դեպքերում, ուժեղ իմունիտետի պարագայում, այն կարող է ի հայտ գալ առաջին դոզայի ընդունումից 12 օր անց։ Պատվաստանյութի զանգվածային արտադրությունը կիրականացվի Բելգիայում։ Դրա պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ է -70 աստիճան։ 

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Օգնությունն արդեն ճանապարհին է»։

Իսկ BBC-ին տված հարցազրույցում Հենքոքը նշել է, որ ինքը վստահ է, որ իրադարձությունների այսպիսի զարգացման ֆոնին, գարնանը կյանքը կկարգավորվի և հաջորդ ամռանը մարդիկ կկարողանան վայելել կյանքը։ Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության (NHS) ղեկավար սըր Սայմոն Սթիվենսի խոսքերով էլ՝ իր գործընկերները պատրաստվում են երկրի պատմության պատվաստումների ամենախոշոր արշավին։ Ողջ երկրում մոտ 50 հիվանդանոցներ պատրաստ են սկսել այդ գործընթացը։ Բացի այդ, ավարտվում է որոշ տարածքների, ինչպես օրինակ կոնֆերանս սրահների և բիզնես կենտրոնների պրոֆիլավորումը պատվաստումների ժամանակավոր կենտրոնների։ 

Բժիշկները հատուկ ընդգծում են, որ կարանտինային սահմանափակումների պահպանումը դառնալու է ավելի կարևոր, քանի որ առաջիկա ժամանակներում փողոցներում և հանրային վայրերում հայտնվելու են հարյուր հազարավոր տարեցներ։

Մասնագետները նշում են, որ պատվաստանյութի առաջացումը չպետք է պատրանքներ ներշնչի բնակչությանը, որ վտանգն ամբողջությամբ անցել է։ Ուժի մեջ են մնում սոցիալական հեռավորության պահպանման, հանրային վայրերում դիմակների պարտադիր կրման և ախտանիշների առկայության պարագայում մեկուսացման պայմանները։

Լուսանկարը՝ ostwest.tv-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter