
Եղիշե Կիրակոսյան. «Ադրբեջանը պատերազմի ընթացքում արհամարհում էր ՄԻԵԴ-ի պահանջները»
Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված դիմումների մեծ մասը վերաբերում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական անձանց թիրախավորմանը, ինչպես նաև ներկայացվել են բազմաթիվ ապացույցներ Թուրքիայի ներգրավվածության մասին՝ վարձկանների օգտագործման միջոցով: Այս մասին «Հոդված 3» մամուլի ակումբի կազմակերպած առցանց քննարկմանն ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Հաջորդ տեսակի դիմումները, որոնք Հայաստանը ներկայացրել է Եվրադատարան, վերաբերում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված զինվորականներին և պահվող այլ անձանց: Առաջին դիմումը ներկայացվել է հոկտեմբեր ամսին, իսկ երկրորդ դիմումը մուտքագրվել է նոյեմբերի 11-ին, ինչի արդյունքում ՄԻԵԴ-ը որոշել էր միջանկյալ միջոց կիրառել 9 զինվորականների մասով: Ադրբեջանի կառավարությանը ժամանակ էր տրվել տեղեկատվություն տրամադրել այդ անձանց առողջական վիճակի և պահման պայմանների մասին, սակայն Ադրբեջանը, Եղիշե Կիրակոսյանի խոսքով, բազմիցս խախտել է սահմանված ժամկետները:
«Ադրբեջանի իշխանությունները պատերազմի ընթացքում, մեղմ ասած, արհամարհական վերաբերմունք էին դրսևորում դատարանի ցանկացած պահանջին: Եվ նաև դա էր արդյունքը, որ դատարանը որոշեց միջանկյալ միջոց կիրառել, քանի որ տեղեկատվության տրամադրման պահանջները պարբերաբար անտեսվում էին: Այս պահի դրությամբ Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 4-ը ժամկետ ունի, որ կոնկրետ անձանց վերաբերյալ պետք է տեղեկատվություն տրամադրի»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ մի քանի օր առաջ ենթադրյալ ռազմագերիների ավելի մեծ խմբի վերաբերյալ պահանջ են ներկայացրել, սակայն այլ մանրամասներ չհաղորդեց՝ ընդգծելով, որ պետք է դեռ հստակեցումներ լինեն: Նրա խոսքով՝ ներկայացված պահանջների մեծ մասը վերաբերում են հրատապ և միջանկյալ միջոց կիրառելուն, սակայն զուգահեռ նաև ապացույցների հավաքման գործընթաց է եղել, որոնք նույնպես ներկայացվել են Եվրադատարան:
Լուսանկարը՝ «Արմենպրեսի»
Մեկնաբանել