HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արա Ղազարյան. «Կարծում եմ՝ մոտ ապագայում կբարձրացվի Հադրութի, Ղարաբաղի տարածքի դեօկուպացիայի հարցը»

Հայաստանի Հանրապետությունը չպետք է սահմանափակվի միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացվող դիմումներով, որովհետև ՄԻԵԴ-ը քննում է միայն մարդու իրավունքներին առնչվող հարցերը, ուստի Հայաստանը պետք է փորձի բացել երկրորդ ճակատը Արդարադատության միջազգային դատարանում (Հաագայի դատարան): «Հոդված 3» մամուլի ակումբի կազմակերպած առցանց քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Ղազարյանի խոսքով՝ պետությունից բացի, անհատական խմբերը զբաղված են նախևառաջ փաստահավաք առաքելությամբ՝ օգտագործելով իրենց բազմաթիվ կապերն ու շփումները: Ըստ Արա Ղազարյանի՝ հավաքված փաստերը պետք է ներկայացվեն ոչ միայն դատարաններ, այլև բազմաթիվ միջազգային կազմակերպություններ՝ մարդու իրավունքների հարցերով, որպեսզի առնվազն ստեղծվի համաեվրոպական հասարակական կարծիք, որ Ադրբեջանը վարել է անարդարացի, անօրինական պատերազմ:

«Այս փաստարկը ապագայում մեզ շատ է պետք գալու, որպեսզի մեր վեճերը առաջ տանենք տարբեր դատարաններում, ընդհուպ մինչև Հադրութի, Ղարաբաղի տարածքի դեօկուպացիայի հարցը, որը կարծում եմ, մոտ ապագայում կբարձրացվի: Խոսքը չի վերաբերում 7 տարածքներին, այլ կոնկրետ այն տարածքներին, որոնք Ղարաբաղը հանրային իրավունքի ուժով հայտարարել է որպես անկախ տարածք՝ 1991թ. անկախության հանրաքվեով, որի օրինականությունը դեռ ոչ մի երկիր, միջազգային իրավունքի սուբյեկտ կասկածի տակ չի դրել»,- ասաց Արա Ղազարյանը:

Նրա կարծիքով՝ մասնավոր խմբերը՝ փաստաբանները, իրավապաշտպանները եթե հաջողությամբ կարողանան ստեղծել փաստերի առարկություն, ապա Հայաստանը կկարողանա միջազգային մի քանի ատյաններում վարույթներ հարուցել և մոնիտորինգային խմբերին ներկայացնել պատերազմի անարդարացի բնույթը, որն էլ իր հերթին կօգնի, որպեսզի Հայաստանի քրեական հետապնդման մարմինները անհատական քրեական հետապնդումներ իրականացնեն Հայաստանի սահմաններից դուրս.

«Օգտագործելով միջազգային մեխանիզմները, Հայաստանում արդեն քրեադատավարական կարգով ամրագրված արդյունքները՝ այնպես անել, որ հետևանք առաջացնի և կոնկրետ անձանց նկատմամբ հետապնդումներ իրականացվի: Օրինակ՝ այն անձը, որը հաճախ է երևում վիդեոներում, կատարում է հանցագործություն և՛ Ադրբեջանի ներպետական օրենսգրքի հիման վրա՝ ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասով, և՛ միջազգային քրեական իրավունքի: Թեկուզ առնվազն այդ անձի և Հայաստանի իրավապահ մարմինների պարզած մնացած այլ անձանց մասով կարելի է սկսել քրեական հետապնդում, որովհետև ադրբեջանցիները, չունենալով հիմք, դա անում են, մենք, ունենալով հիմք, պարտավոր ենք դա անել»,- ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը:

Հայաստանի կառավարության և անհատական խմբերի ձեռնարկած ջանքերը պետք է հավաքական արդյունք տան ոչ միայն անհատական իրավունքների մասով, այլ նաև Ադրբեջանի զավթած տարածքների մասով: Արա Ղազարյանի պատկերացմամբ՝ առաջիկա 4-5 տարիներին հետաքրքիր զարգացումներ են սպասվում, ուստի պետք է հետևողական աշխատանքներ տանել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter