HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

8,2 մլրդ դրամ՝ հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու համար

Հայաստանում հակակոռուպցիոն կոմիտե կստեղծվի, որի համար 2021-2023 թվականներին նախատեսվող ծախսերը կազմում են շուրջ 8 մլրդ 203 մլն դրամ։ Որոշումն ընդունվել է Կառավարության դեկտեմբերի 3-ի չզեկուցվող հարցերի փաթեթով:

Այն կազմված է լինելու կառուցվածքային մասնագիտական ստորաբաժանումներից (այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումներից) և աջակցող ստորաբաժանումներից: Հակակոռուպցիոն կոմիտեի ստորաբաժանումները բաղկացած են լինելու վարչություններից և բաժիններից: Կոմիտեի կազմում գործելու են օպերատիվ-հետախուզական  գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ։  

«Ներկայումս Հայաստանում քրեական գործերով նախաքննություն կատարում են Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, Ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները: Այսինքն՝ կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում, մինչդեռ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մասնագիտացված մարմնի՝ այդպիսով ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպումը: Ընդ որում, Քրեական դատավարության օրենսգրքի առանձնահատկություններով պայմանավորված՝ հետաքննության և նախաքննության գործառույթները, կոռուպցիոն հանցագործություններով օպերատիվ-հետախուզական գործողությունները իրականացվում են տարբեր մարմինների կողմից, ինչն իր հերթին հանգեցնում է կոռուպցիոն հանցագործությունների քննության ապակենտրոնացվածության»,- նշված է ընդունված նախագծի հիմնավորման մեջ։

Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն իսկ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հետագայում ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանի և Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության հետ ամբողջացնելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը:

Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով  Կոմիտեի նախագահը կազմավորելու է մրցութային հանձնաժողովը: Հանձնաժողովի կազմի մեջ մտնում են  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից նշանակված Հակակոռուպցիոն կոմիտեի 3 ծառայող, Կառավարության կողմից առաջադրած 1 անձ, քաղաքացիական հասարակության 1 ներկայացուցիչ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter