
Արա Ղազարյան. «Իրավական գործընթացով Ադրբեջանի ֆինանսական պահանջների հնարավորությունները շատ քիչ են»
Կոնտրիբուցիա (ռազմատուգանք) պահանջելը իրավական գործընթացների շրջանակում չի արվում, այլ խաղաղության պայմանագրի շրջանակներում, եթե այն լինի, և քանի որ ստատուս քվոն վերացել է, կողմերը եկել են այնպիսի դաշտ, որը հավասարապես կարգավորվող է, և երկուսն էլ հավասար հնարավորություն ունեն: Հայաստանն էլ կարող է իր պահանջները ներկայացնել կոնտրիբուցիայի առումով: Այս մասին «Հոդված 3» մամուլի ակումբի կազմակերպած առցանց քննարկմանն ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի իշխաննությունների կողմից Հայաստանին ներկայացվելիք հնարավոր ֆինանսական պահանջներին:
«Կա նույնիսկ միջազգային փորձ, երբ որոշվել է, որ ավելի լավ է՝ երկու կողմերն էլ այդ պահանջից հրաժարվեն: Ինչ վերաբերում է իրավական գործընթացին, ապա Ադրբեջանի համար շատ քիչ հնարավորություններ եմ տեսնում: Առայժմ դեռևս մեխանիզմներ են մշակվում, թե ինչպես փոխհատուցումները կազմակերպվեն, օրինակ՝ ինչպես Կիպրոսում փախստականների համար թաղամասերի կառուցումը: Եվրադատարանի նախանշած կետերին մենք ավելի շատ մոտեցանք այս պատերազմում. նկատի ունեմ խաղաղության պայմանագիրը, եթե այն լինի: Բայց այս բոլոր գործընթացները տեսականորեն պետք է տանեն խաղաղության պայմանագրին, որ ի վերջո ունենանք պայմանագիր, այլ ոչ թե կրակի դադարեցման այս համաձայնությունը, որը միջազգային պայմանագրին բնորոշ մանրամասնություն չունի, որպեսզի երկու երկրների խորհրդարանները վավերացնեն»,- ասաց Արա Ղազարյանը:
Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ եթե ռազմատուգանքի հարց ծագի, ի վերջո պետք է լուծվի պայմանագրի շրջանակնեում, սակայն դրա հավանականությունն, ըստ Արա Ղազարյանի, շատ քիչ է, և Ադրբեջանի ներկայացրած խոշոր ֆինանսական փոխհատուցման պահանջի բավարարումը կարելի է բացառել իրավական գործընթացի միջոցով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ նշեց, որ Ադրբեջանի ֆինանսական պահանջներին որպես հակաքայլ՝ հայկական կողմն էլ նախևառաջ պետք է բարձրաձայնի իր վնասների մասին, և պատերազմի հետևանքով կրած վնասները գույքագրելը, ֆիքսելն ու ապացույցներ հավաքելը էական նշանակություն ունեն: Եղիշե Կիրակոսյանի կարծիքով՝ նման գործընթացներին «ռեակտիվ» արձագանքելը արդյունավետ չի լինում, քանի որ երբ դու խաղում ես հակառակ կողմի խաղը, ավելի մեծ հավանականություն ունես պարտվելու: Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի՝ Ադրբեջանի կողմից գործ նախապատրաստելու և ներկայացնելու հնարավոր սցենարը հայկական կողմի համար շատ սպասելի է, և այս հարցում կարևոր է, որ Հայաստանը հետ չմնա այդ պրոցեսից:
Մեկնաբանել