
Ընդդիմության վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է
Ընդդիմադիր 17 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ, երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ պետք է տեղի ունենան արտահերթ, արդար, թափանցիկ ընտրություններ, և Վազգեն Մանուկյանը այն թեկնածուն է, որի գլխավորությամբ գործող ժամանակավոր կառավարությունը կկարողանա հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները: Միևնույն ժամանակ Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ սպասվող ընտրություններում Վազգեն Մանուկյանը չի առաջադրվելու:
ՀՅԴ ներկայացուցիչը հայտնեց, որ 17 կուսակցությունները որոշել են ստեղծել «Հայրենիքի փրկության ազգային շարժում», որն այսօր խորհրդի նիստ է անցկացրել: Նոր ձևավորված շարժման համար առաջնային քայլը գործող իշխանությունների հեռացումն է:
Հարցին, թե ինչ են պատրաստվում անել, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ Փաշինյանը ստիպված է հրաժարական տալու, որովհետև նա այլ ճանապարհ չունի և րոպե առաջ պետք է անցնցում հեռանա: Ըստ Սաղաթելյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ ամեն րոպե ավել իշխանության մնալը հյուծում է մեր երկիրը, պառակտում է հասարակությունը, նոր անվտանգային խնդիրներ է ստեղծում:
«Պետք է տեղի ունենա Ազգային ժողովի նիստ, որտեղ կքննարկվի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը, հասարակական պահանջի և ճնշման տակ քաղաքական մեծամասնությունը պետք է գնա այդ տարբերակին, կամ էլ Փաշինյանը պետք է ինքնակամ գիտակցի և հեռանա»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:
ՀՅԴ ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ շուտով ընդդիմադիր կուսակցությունների անունից միասնական հայտարարություն կտարածվի:
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն էլ հայտնեց, որ վարչապետ ընտրվելու դեպքում Վազգեն Մանուկյանը կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ և որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի:
Մեկնաբանել