HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Կոտրվելու իրավունք չունեն, պիտի ապրեն ու շենացնեն Արցախը

«Ուզում եմ, որ պապան հետ գա»,-ասաց 6-ամյա Նարեն, երբ հարցրի, թե ինչ երազանք ունի։ Բոլորս քարացանք, մեր աչքերն արցունքոտվեցին։ Նարեի հայրը վիրավորվել էր հոկտեմբերի 22֊ին՝ Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում, հետո հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։
Նարեն 5 եղբայր ու 6 քույր ունի։ Արցախի Մարտունու շրջանի Խերխան գյուղից են։ Հայրը՝ Օլեգ Խալափյանը, կամավոր էր մեկնել առաջնագիծ։ Պատերազմը սկսելուց հետո երեխաների մի մասին բերել էր Հայաստան, հետո մյուս երեխաներին ու կնոջը հոկտեմբերի 15֊ին էր Քաջարան բերել ինքն էլ մեկնել ռազմաճակատ։

Երեխաներից ավագը 25֊ամյա Սուրենն է։ Նա պայմանագրային զինծառայող է ու այս պահին տան միակ աշխատողը։ Կրտսերը 4 ամսական Ալիկն է։ Երեխաներից երկուսը մեր այցելության պահին բնակվում էր Մեղրու շրջանի Վարդանիձոր բնակավայրում՝ ազգականի տանը։ Օլեգի կինը՝ Ժասմին Խալափյանը, մյուս երեխաների հետ ապրում է Քաջարանում իր ավագ դստեր՝ Նարինեի տանը։ Աղջիկն ամուսնացել է և տեղափոխվել Քաջարան, ունի 2 երեխա։ Մեր այցելության պահին Նարինեի 2-սենյականոց բնակարանում 14 հոգով էին։  

Երեխաներից 4֊ը դպրոցական են. 2 աղջիկները՝ Ջուլիետան և Զարինեն, 9֊ամյա կրթությունը ստանալուց հետո տեղափոխվել են Քաջարան։ Հիմա ուսումը շարունակում են Քաջարանի ուսումնարանում, սովորում են ծրագրավորման բաժնում։ Քույրերից մեկը՝ Կարինեն, դպրոցն ավարտել է, հիմա փոքր քույրերի ու եղբայրների խնամքով է զբաղվում։ Մեր այցելության ժամանակ Կարինեն քրոջ՝ Էլենի հետ Վարդանիձորում իրենց ազգականի տանն էր։ Հենց Կարինեի միջոցով իմացանք նրանց ընտանիքի պատմությունն ու որոշեցինք այցելել նաև տան մյուս անդամներին՝ Քաջարան։

12 երեխաների մայր Ժասմին Խալափյանը 41 տարեկան է, Խերխանի միջնակարգ դպրոցում է աշխատում, դասասենյակների վառարաններն է վառում, իսկ ամուսինը նույն դպրոցում պահակ էր։ Ժասմինն ասում է, որ Օլեգը լավ ամուսին էր, ամեն ինչ անում էր, որ երեխաները չզգան իրենց սոցիալական դժվարությունները։ Օլեգը 52 տարեկան էր։

Կինն ամուսնուն վերջին անգամ տեսել է հոկտեմբերի 15-ին։Օլեգը կնոջն ու Խերխանում մնացած մյուս երեխաներին հասցրել էր Հայաստան֊Արցախ սահման։ Իրենց դստեր՝ Նարինեի ամուսինն էլ գնացել դիմավորել ու բերել էր Քաջարան։

Ընտանիքին այցելելու համար զանգահարում եմ Նարինեին՝ Ժասմինի աղջկան, Նարինեն բացատրում է հասցեն։ Հետո մեզ ասում է, որ տանը նեղվածք է՝ որ գաք, չնեղվեք։ Տան հյուրասենյակում հավաքված են ընտանիքի անդամները։ 

Ժասմինին հարցնում եմ՝ հիշու՞մ եք բոլոր երեխաների անունները, ասում է՝ վերջերս մեկ֊մեկ խառնում եմ, իրենք են հիշեցնում, թե ով ով է։ 

Նարինեն արդեն ընտելացել է, որ տանը շատ մարդ կա, չի պատկերացնում, թե ինչպե՞ս է հարմարվելու, երբ նրանք վերադառնան Արցախ։ Հարցնում՝ 2-սենյականոց բնակարանում ո՞նց եք տեղավորվում, ասում է՝ քնում են գետնին, բազմոցին, բազկաթոռներին, բայց կարևորը համերաշխ են, ինքն էլ էր կարոտել քույրերին ու եղբայրներին, առաջ այդքան հաճախ չէին տեսնվում։ 

Ճաշը եփում են մեծ կաթսաներով։ Նարինեն ասում է՝ առաջ եփած կերակուրը միշտ մնում էր, հիմա եթե չպակասի, հաստատ չի ավելանա։ Պատրաստում են հիմնականում Զարինեն, Նարինեն կամ էլ Ժասմինը։ 9-ամյա Ալեքսը մոր՝ Ժասմինի հեռախոսը բերում է, տալիս ինձ ու ասում. «Տես, էս էլ իմ պապան ա, բայց զոհվել ա, ինքն էլ էր ախպորս պես կռիվ գնացել»։

Ընտանիքը սոցիալական պայմաններից չի դժգոհում, ասում են՝ գոհ են, որ տանիք ունեն։ Մարտունիում մնացած հարևաններից տեղեկացել են, որ իրենց տունը չի վնասվել։ Խերխան գյուղի իրենց տունը կարգի բերելու համար Ժասմինի մայրը  գնացել է Արցախ։ Ընտանիքը նորից գյուղ պետք է վերադառնա։ Երեխաներն ուզում են հետ գնալ, առաջվա նման իրենց մեծ ու ընդարձակ բակում խաղալ։ Արենն ասում է, որ իրենց տունը մեծ է, հոգնել է շենքում ապրելուց, ուզում է իրենց գյուղ վերադառնալ։ Համոզված են՝ ամեն ինչ առաջվա պես է լինելու։ Ժասմինն ասում է՝ իրենք իրենց գյուղը, իսկ մյուս արցախցիներն էլ Արցախը նորից կշենացնեն։ Հետո Արենը հիշում է, որ միակ բանը, որ առաջվանը չի լինի, այն է, որ հայրիկն այլեւս իրենց հետ չի լինի։ 

Ժասմինն ասում է, որ կոտրվելու իրավունք չունի։ Պիտի հաղթահարի բոլոր դժվարությունները։ Հանուն երեխաների պիտի ապրի, վստահ է, որ թև ու թիկունք են լինելու իրեն։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter