HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը հայտարարել է արցախյան մարտական գործողություններում իր կորուստների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, Արցախում մարտական գործողությունների մեկնարկից ի վեր, հրապարակել է զոհերի մասին պաշտոնական տվյալները։ Այսպես, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տվյալներով Արցախում, մարտական գործողությունների մեկնարկից ի վեր, զոհվել է 2783 զինծառայող։ «Նրանց շրջանում, ԴՆԹ անալիզների օգնությամբ, իրականացվում է 103 զինծառայողների նույնականացման գործընթաց։ Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ նույնականացման և ընտանիքներին տեղեկացման ուղղությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ ներկայումս բուժհաստատություններում բուժում է ստանում 1245 զինծառայող։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զոհված զինծառայողների անունները, ծննդյան ամսաթվերը, կոչումներն ու երթուղիները ավելի ուշ կներկայացվեն հանրությանը, սակայն պաշտպանական գերատեսչությունը չի նշել, թե երբ այդ տեղեկատվությունը կտրամադրվի։

Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում Ադրբեջանը տեղեկատվություն չի տրամադրել զոհերի և վիրավորների վերաբերյալ։ Երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ այդ տեղեկատվությունը կտրամադրվի միայն մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո։

Արցախում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զոհվել են նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև երեխաներ։ Վերջին տվյալներով հայկական կողմից զոհվել է 50 քաղաքացիական անձ, 148-ը՝ վիրավորվել։ Մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը հրապարակել է զոհված զինծառայողների և կամավորների անունները։ Առողջապահության նախարարը հայտնել էր, որ թիվը գերազանցում է 2700-ը։

Ընդորում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ, իր տվյալներով, Արցախում երկու կողմերի զոհերի ընդհանուր թիվը հասել է 5000-ի։ Ավելի ուշ, սակայն, նա հայտարարել էր մոտ 4000 զոհերի մասին։

Լուսանկարը՝ tv6.news-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter