HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը որոշել է Սեդրակ Առուստամյանին ազատ արձակել 50 մլն դրամ գրավի դիմաց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր որոշել է 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։

Հիշեցնենք, որ Առուստամյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք տալու և փողերի լվացման մեջ, նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Դատախազությունը քրեական գործի վերաբերյալ տարածած հաղորդագրությամբ հայտնել է, որ «Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս, նրա մերձավոր 4 անձանց, ՊԵԿ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած 3 անձանց նկատմամբ։ Այս անձանց մեջ է նաև Սեդրակ Առուստամյանը։

Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝  «նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ն 2008-2014թթ. ընթացքում կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014-2016թթ. ընթացքում ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած և նշված ժամանակահատվածում իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ Գ.Խ.-ին որդիների միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով` 8 մլրդ 142 մլն դրամին համարժեք 22 մլն 401 մլն ԱՄՆ դոլարի կաշառք՝ նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու և համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար:

Դատախազության փոխանցմամբ՝ Գագիկ Խաչատրյանի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Ս.Ա.-ն 2011թ. ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող՝ 8 մլրդ 142 մլրդ դրամին համարժեք 22 մլն 401 հազար ԱՄՆ դոլարը փոխանցել է Գ.Խ.-ի որդիների մատնանշած և նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին: Ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար վերջիններիս և Ս.Ա.-ի միջև կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7 մլն և 13 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի վերաբերյալ, մինչդեռ Ս.Ա.-ին որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել:

Գործով Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել  առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 142 մլրդ դրամին համարժեք 22 մլն 401 հազար ԱՄՆ դոլար կաշառք տալու և հանցավոր ճանապարհով ստացված նշված առանձնապես խոշոր չափերով գումարը օրինականացնելուն օժանդակելու  հոդվածներով, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter