Կրթական եւ սոցիալական ծրագրեր՝ զինհաշմանդամների համար
Դեռևս հայտնի չէ, թե քանի ժամկետային զինծառայող և կամավոր է վիրավորվել կամ հաշմանդամություն ստացել Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված եւ նոյեմբերի 9-ին զինադադարով ավարտված պատերազմի հետևանքով։
Հոկտեմբերի 6-ին Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիսում հայտնել էր, որ վիրավորումները գրեթե ամբողջությամբ ականապայթյունային են։ Առողջապահության նախարարությունից վիրավորների թիվը ճշտել չի հաջողվել։
Զինհաշմանդամների կենսապայմանների ապահովում
Զինհաշմանդամ դարձած զինծառայողների մի մասն ունենալու է նաև հենաշարժողական խնդիրներ, նրանց կենսապայմանները պետք է հարմարեցվեն՝ ֆիզիկական մատչելիությունն ապահովելու համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների» ծրագիրը։
Ծրագրով նախատեսվում է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց ներառումը հասարակություն, այդ թվում՝ կենսապայմանների ուսումնասիրում, կրթական ծրագրերի միջոցով աշխատանքի հնարավորություն։ Ծրագրով նաև այլ միջոցառումներ կնախատեսվեն, սակայն դրանք արդեն կլինեն միջգերատեսչական։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը։
Ծրագրով հստակորեն սահմանված չէ զինհաշմանդամ դարձած զինծառայողների կենսապայմանների ապահովման դրույթը. այն ենթածրագիր է լինելու, որն արդեն իսկ կմշակվի ամբողջական ծրագրի հաստատումից հետո։ Զինհաշմանդամ դարձած զինծառայողների կենսապայմանների ուսումնասիրությունը կկատարվի ըստ բնակության վայրի, եւ այդ պարտականությունը կդրվի ՏԻՄ-երի վրա։
«Մենք նախատեսել ենք գործողությունները, բայց յուրաքանչյուր գործողություն իր ենթագործողություններն է ունենալու։ Հիմա մենք նախատեսել ենք այն համընդհանուր գործողությունները, որոնք անհրաժեշտ են լինելու մարդուն հասարակությունում լիարժեք ինտեգրվելու համար։ Երբ այդ գործողությունները վերածվեն ենթագործողությունների, դրա մի մասը կլինի նաև կենսապայմանների ապահովման գործընթացը։ Դա մեկ այլ հարց է. այն կկարողանա՞ պետությունն անել, թե դոնոր կազմակերպությունները կկարողանան։ Բայց, ամեն դեպքում, գնում ենք այդ ուղղությամբ՝ կրթություն, մատչելիություն և աշխատանք»,-նշեց Քրիստինա Հովհաննիսյանը։
Ըստ ժամանակացույցի՝ ծրագիրն իրականացվելու է 2021-2023 թվականներին։
Այն արդեն իսկ ներկայացվել է շահագրգիռ պետական գերատեսչությունների քննարկմանը։ Ստացվել են դիտարկումներ, որոնք ամփոփվում են։ Ծրագրի վերջնական տարբերակը հաստատելու է կառավարությունը։
Զինհաշմանդամների կրթական հնարավորությունների մասին
Զինհաշմանդամ դարձած զինծառայողների աշխատանքային զբաղվածությունն ապահովելու համար անհրաժեշտ են լինելու նոր մասնագիտացումներ։ Որոշ անհատներ և կազմակերպություններ սոցիալական ցանցերում պատրաստակամություն են հայտնել զինհաշմանդամ դարձած զինծառայողներին ծրագրավորում սովորեցնել, որը նրանց հետագայում հնարավորություն կտա աշխատել տնից՝ համակարգչով։
«Հետք»-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հետաքրքրվել է, թե պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողներին/կամավորներին կրթական ծրագրերում ներառելու համար նախարարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկելու։
Նախարարությունից տեղեկացրել են, որ քոլեջներում և ուսումնարաններում նոր ուսումնական տարվա համար նախատեսված են անվճար տեղեր, որտեղ, բացի ընդհանուր հիմունքներով մրցույթով անվճար ընդունվելուց, պահուստային տեղերի հաշվին անվճար կարող են ընդունվել նաև պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ստացած անձինք: Ինչ վերաբերում է լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերին, ապա Զբաղվածության պետական գործակալության հետ համատեղ հանրապետության մասնագիտական ուսումնական հաստատություններն իրականացնում են կարճաժամկետ ծրագրեր, որոնց միջոցով շահառուները հնարավորություն ունեն կարճ ժամանակահատվածում տիրապետել մասնագիտական հմտությունների և տեղավորվել աշխատանքի:
«Բացի այդ, կարևորելով բարձրացված հարցը, ներկայում բուհերի հետ համատեղ հավաքագրվում և վերլուծվում են պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող զինծառայողների/կամավորների տվյալները: Արդյունքների ամփոփումից հետո, ձևավորված ընդհանուր մոտեցումներից և սկզբունքներից ելնելով, կցուցաբերվի անհատական մոտեցում համապատասխան կարգավիճակ ունեցող անձանց՝ նրանց համար կազմակերպելու հետագա ուսուցման գործընթացը, որի շրջանակում այս պահին քննարկվում է նաև ուսման վարձի փոխհատուցման հարցը»,-հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:
Մեկնաբանել