HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կառավարության շենքի մոտ դրված «դեղահաբը» որպես անհայտ իր տարվել է ոստիկանություն

Կառավարության շենքի դիմացից ոստիկանության Կենտրոնի բաժին տարված Հայկ Մամիջանյանն ու ևս երկու անձ ազատ են արձակվել։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մամիջանյանի փաստաբան Սլավիկ Պողոսյանը։

Նշենք, որ այսօր Հայկ Մամիջանյանը Ֆեյսբուքի իր էջում դեղահաբի նմանվող ինչ-որ իրի լուսանկար է տեղադրել ու հետևյալ գրառումը կատարել․ «Կառավարության շենքի մոտ բերել էինք դեղերը: Այս պահին բերման ենք ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Չեն ուզում, էլի, մարդու դեղերը տանք...»։

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, թե բերման ենթարկված երեք անձինք ոստիկանություն էին տարվել անձը ճշտելու նպատակով, սակայն վերջիններիս անունները չեն նշում։ Ինչ վերաբերում է դեղահաբի նմանվող իրին, այն որպես անհայտ իր տարվել է ոստիկանություն։

Մեզ հետ զրույցում  փաստաբան Սլավիկ Պողոսյանը որոշ մանրամասներ պատմեց Հայկ Մամիջանյանին և մյուս երկու անձանց բերման ենթարկելու վերաբերյալ։

Փաստաբանի խոսքով, երբ ոստիկանները ցանկացել են բերման ենթարկել վերը նշված երեք անձանց, վերջիններս հարցրել են, թե ինչո՞ւ են բերման ենթարկվում։ Ի պատասխան՝ ոստիկաններն ասել են՝ անձը ճշտելու նպատակով։ Մամիջանյանն ու մյուսները հայտնել են, որ կարող են տեղում ներկայանալ և ներկայացնել փաստաթղթեր, բայց ոստիկանները նրանց տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին։

Նույն պատասխանը տվել են նաև Սլավիկ Պողոսյանին, երբ վերջինս գնացել է ոստիկանություն։ Փաստաբանն ասում է՝ անձին չեն կարող միայն ինքնությունը ճշտելու համար ոստիկանություն տանել, իսկ տվյալ դեպքում նրանց չի ներկայացվել քրեական կամ վարչական իրավախախտում կատարելու կասկածանք։ Փաստաբանը ոստիկանությունում պահանջել է ներկայացնել Հայկ Մամիջանյանին բերման ենթարկելու իրավական հիմքը, ինչը չի արվել, ապա ցանկացել են Մամիջանյանից բացատրություն վերցնել։

«Ասել ենք, որ բացատրություն չենք կարող տալ, քանի որ դուք չեք ասում, թե ինչ կասկածանքով եք բերման ենթարկել»,- ասաց Սլավիկ Պետրոսյանը՝ նշելով, որ Մամիջանյանը բացատրություն տվել է միայն իրեն ոստիկանություն բերման ենթարկելու հանգամանքների վերաբերյալ և հայտնել, որ թեև ինքը պատրաստ է եղել ներկայացնել իր անձը հաստատող փաստաթղթեր՝ իրեն բաժին են տարել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter