HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունը բողոքարկել է Միհրան Հակոբյանի, Արթուր Դանիելյանի ու ևս 9 անձի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու` դատարանների որոշումները

Դատախազությունը բողոքարկել է նոյեմբերի 19-ին և 20-ին օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու գործով 11 անձանց ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ դատարանների որոշումները։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նշված գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 11 անձ՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը, «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամներ Նարեկ Մալյանը և Ռոբերտ Մելքոնյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը, ՀՀԿ-ի անդամ Հայկ Մամիջանյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ՀՅԴ-ի անդամներ Սևակ Նազարյանը, Գերասիմ Վարդանյանը, Աշոտ Հովհաննիսյանը և Սարգիս Կարապետյանը։ Վերջիններս ձերբակալված են եղել, ապա ազատ են արձակվել, քանի որ նրանց ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ։

Գործը քննվում է  Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում։ Ըստ Քննչական կոմիտեի տրամադրած տեղեկության՝ գործը վերաբերում է նոյեմբերի 19-ին Երևանի Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ պողոտա խաչմերուկում, Թբիլիսյան խճուղում, Մյասնիկյան, Բաղրամյան, Իսակովի, Գայի պողոտաներում, Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում և հարակից տարածքներում, նոյեմբերի 20-ին՝ Սարյան և Դեմիրճյան փողոցներում, Բաղրամյան, Մաշտոց պողոտաներում, ինչպես նաև Հանրապետության հրապարակում մի խումբ անձանց կողմից ապօրինի հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքերին։ Մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, հայտարարել են, որ իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Հիշեցնենք, որ Արցախում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունից հետո ամեն օր բազմաթիվ հասարակական, քաղաքական ուժեր ու շարքային քաղաքացիներ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter