
Հայաստանը երկրորդ ռազմականացված երկիրն է աշխարհում
Հայաստանը երկրորդ ռազմականացված երկիրն է աշխարհում։ Այդ մասին նշվում է Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի «Համաշխարհային ռազմականացված ինդեքս 2019» զեկույցում, որը հրապարակվել է 2020 թվականի դեկտեմբերի 3-ին։ Ի տարբերություն զեկույցի նախորդ թարմացման, Հայաստանը մեկ հորիզոնականով բարձրացել է՝ շրջանցելով Սինգապուրին, որը վերջին զեկույցում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Նախկինի պես առաջատարը Իսրայելն է։
Ռազմականացման մակարդակը գնահատելիս փորձագետները ելնում են ռազմական ծախսերի և հանրային այլ ոլորտներին ուղղված պետական հատկացումների հարաբերակցությունից։ Վերլուծության համար դիտարկվել է 151 երկիր։
Ըստ BICC-ի վարկանիշի՝ ամենառազմականացված երկրների շարքում են նաև Օմանը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Բրունեյը, Ռուսաստանը, Քուվեյթը և Հորդանանը։ Մասնագետները նշել են, որ 2019 թվականի տվյալները վկայում են աշխարհում ռազմականացման շարունակման տենդենցների մասին, հատկապես՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում։
Ռազմականացված երկրների շարքում Գերմանիան զբաղեցնում է 106-րդ հորիզոնականը։ Փորձագետները նշում են, որ արդեն երկար տարիներ գերմանական տնտեսության հզորության պատճառով ռազմականացումն այդ երկրում գտնվում է համեմատաբար ցածր մակարդակի վրա։ 2019 թվականին Գերմանիան պաշտպանական ոլորտին հատկացրել է 51, 2 միլիարդ դոլար, ինչը շուրջ 10 %-ով ավելի 2018 թվականի համեմատ։ Ի համեմատություն ԵՄ մյուս երկրների, սա ամենամեծ աճն է ամբողջ Եվրամիությունում։
Միացյալ Նահանգներն էլ, որն ունի աշխարհում ամենամեծ ռազմական բյուջեն (2019 թվականի տվյալներով 718 միլիարդ դոլար), վարկանիշային աղյուսակում զբաղեցնում 27-րդ հորիզոնականը։ «Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում ԱՄՆ-ը դարձել է ավելի ռազմականացված երկիր։ Նա մեծացրել է զինված ուժերին և զինվորական անձնակազմին հատկացվող միջոցները»,- նշվում է Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի զեկույցում։
Լուսանկարը՝ արխիվային/ Հետք
Մեկնաբանել