HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Առանց Նիկոլ Հայաստան»․Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

16 ընդդիմադիր կուսակցություններն այսօր՝ դեկտեմբերի 5-ին ,Ազատության հրապարակում «համազգային հանրահավաք» են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ «Հանուն հայրենիքի փրկության»․  այս խորագիրն է կրում հանրահավաքը։ Ավելի վաղ ընդդիմադիր ուժերը հայտարարություն էին տարածել,  որտեղ հանդես էին եկել «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնությունը ստեղծելու մասին։

Հանրահավաքին մասնակցող քաղաքացիները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան», «Հայրենիքը փրկողը դու ես», «Ես եմ Արցախը», «Դավավաճանը պետք է հեռանա»։ 

Հանրահավաքին միանալու համար եկել են նաև մարզերից։ Սևան-Աբովյան-Երևան մայրուղով քաղաքացիները ոտքով հասել են Ազատության հրապարակ։

Հանրահավաքի կազմակերպիչներից ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց, որ սպասում են նաև «Բարգավաճ Հայաստանի» մեծաքանակ մասնակիցներին։

Մինչ հանրահավաքի մեկնարկը, Գեղամ Մանուկյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմում զոհվածների հիշատակը։  Այնուհետև խոսքը փոխանցեց Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին։ Վերջինս առաջարկեց հանրահավաքը սկսել աղոթքով։ 

«Այսօր ես շատ տխուր եմ։ Տխուր եմ նրա համար, որ կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, որ այսօր մեր զինվորնների մարմինները գտնվում են այնտեղ, ուր թշնամին է։ Բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ։ Հպարտությունը մեծ մեղք է։ Սիրելի ներկաներ, եկել եք այստեղ ձեր արդար ձայնը բարձրացնելու, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել։ Մենք պիտի մաքրենք մեր երկիրը։ Սա դեռ սկիզբն է։ Մենք պետք է հզորանանք մեր հավատքի, մեր սիրո մեջ։ Մեր տարածքները մեզ են սպասում»,- ասաց քահանան։

Հիշեցնենք, որ 16 ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն է Վազգեն Մանուկյանը։

Վազգեն Մանուկյանը շուտով հանդես կգա ելույթով, որտեղ կներկայացնի իր ճանապարհային քարտեզը։

Լուսանկարը՝ 16 կուսակցությունների՝ նոյեմբերի 11-ի հանրահավաքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter