
Մահացությունների թիվն աճել է, ամուսնություններինը՝ նվազել․ Հայաստանի ժողովրդագրական պատկերը հունվար-հոկտեմբերին
Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ժողովրդագրական ցուցանիշները։ Կոմիտեն հայտնել է, որ «2020 թվականի վիճակագրական ծրագրով» նախատեսված էր ժողովրդագրական ցուցանիշներն ամփոփել և հրապարակել եռամսյակային պարբերականությամբ, սակայն, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, ամփոփվել են շտապ եղանակով:
Հրապարակված այս վիճակագրությունը ներառում է Հայաստանում հունվար-հոկտեմբերի ամիսներին գրանցված ամուսնություններն ու ամուսնալուծությունները, ծնելիության և մահացության ցուցանիշները։
Մինչ առանձնացված անդրադառնանք այդ ցուցանիշներին, նշենք, որ 2020թ. հոկտեմբեր ամսին Հայաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից գրանցվել է Արցախի Հանրապետության բնակիչների՝ 67 ծննդյան և 58 մահվան դեպք:
Ծնելիության և մահացության վիճակագրությունը
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում ծնվել է 30 242 երեխա, մահացել՝ 24 916 մարդ։ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է թե' ծնելիության և թե' մահացության թիվը։ Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ Հայաստանում 332-ով ավելի երեխա է ծնվել և 3313-ով ավելի մարդ մահացել։ Մահացության այս ցուցանիշը նաև 2018-ի համեմատ է աճել։
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ մահացության կեսից ավելին եղել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից։ Տարվա առաջին 10 ամիսներին այս հիվանդությունից 12 594 մարդ է մահացել։
Մահացությունների 18 տոկոսը եղել է նորագոյացություններից։ Այս հիվանդությունից մահացել է 4 499 մարդ։
Երրորդ տեղում շնչառական օրգանների հիվանդություններից մահացությունն է։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին այն կազմել է մահացությունների 8.6 տոկոսը՝ 2 144 մարդ։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ COVID-19-ից մահացել է 1 403 մարդ։ Հոկտեմբեր ամսին գրանցվել է կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը՝ 360 մահ։
Քիչ չեն նաև դժբախտ պատահարներից, թունավորումներից, վնասվածքներից և մարսողական օրգանների հիվանդություններից մահացությունները։
Ամուսնություններն ու ամուսնալուծությունները՝ հունվար-հոկտեմբերին
Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ այս տարվա առաջին 10 ամիսներին նվազել թե' ամուսնությունների, թե' ամուսնալուծությունների թիվը։
Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է 9 953 ամուսնություն և 2 678 ամուսնալուծություն։
Եթե համեմատենք այս ցուցանիշները 2019-ի հունվար-հոկտեմբերի հետ, կփաստենք, որ ամուսնությունների թիվը նվազել է 3063-ով, ամուսնալուծությունները՝ 536-ով։
Մեկնաբանել