
Ստամբուլի դատարանը ազատ է արձակել НТВ-ի աշխատակիցներին. նրանք արտաքսվել են Թուրքիայից
Դեկտեմբերի 3-ին Ստամբուլում ձերբակալված ռուսական НТВ հեռուստաընկերության աշխատակիցները քաղաքային դատարանի որոշմամբ ազատ են արձակվել։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։
Գործակալության զրուցակցի տվյալներով՝ օպերատոր Իվան Մալիշկինը և թղթակից Ալեքսեյ Պետրուշկոն առաջիկայում կարտաքսվեն Թուրքիայից։ Իր հերթին ռուսական НТВ հեռուստաընկերությունը հայտարարել է, որ դատախազը հրաժարվել է ռուս լրագրողներին մեղադրանք առաջադրելուց։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ Պետրուշկոն և Մալիշկինը գիշերային թռիչքով արդեն իսկ ժամանել են Մոսկվա։
Մալիշկինը և Պետրուշկոն ձերբակալվել էին դեկտեմբերի 3-ին՝ անօդաչու թռչող սարքավորումների արտադրությամբ զբաղվող Baykar Savunma ընկերության մոտ կատարած նկարահանումների համար։ Ավելի ուշ, Ստամբուլի իշխանությունները հայտարարել էին, որ լրագրողները, առանց հատուկ թույլտվության, արգելված գոտում իրականացրել են նկարահանումներ։
Ռուս լրագրողների հետ միասին ձերբակալվել էր նաև Թուրքիայի մեկ քաղաքացի, որն օգնել էր նրանց նկարահանումների կազմակերպման գործընթացում։ Նա ևս ազատ է արձակվել։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել