HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ֆինանսների նախարարը վստահեցնում է` հիմնադրամից կառավարությանն ուղղված գումարները նպատակային են ծախսվել

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանի հերթական նիստում` 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Կառավարությանն ուղղված 101 մլրդ դրամ նվիրատվությանը: Նախարարը հիշեցրեց, որ Ֆինանսների նախարարությունը հաշվետվություն է հրապարակել, ըստ որի՝ ծախսերն ուղղվել են ռազմական դրությամբ պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական ու առողջապահական ծախսերի համար, և բացառապես այդ նպատակների համար է օգտագործվել: Ըստ նախարարի` կան ծախսեր, որոնք հիմնադրամի կողմից պարզապես չէին կարող իրականացվել, այլապես կստացվեր մի վիճակ, որ պետության մեջ պետություն կա: Վերջինս վստահեցրեց` Կառավարությանը նվիրաբերված գումարներն ամբողջությամբ ծառայել են նպատակին, նախատեսված ծրագրից շեղում չի եղել:

«Հիմնադրամից բյուջե փոխանցված գումարները փորձ է արվել կապել մի ծախսատեսակի հետ, որի անվանման բարձրաձայնումն արդեն իսկ հակազդեցություն է առաջացնում։ Չգիտեմ՝ ասե՞մ խոսքը վերաբերում է ինչին, թե՞ բոլորի համար պարզ է»,- ասաց ֆինանսների նախարարը` նկատի ունենելով պետական ծառայողներին հատկացվող պարգևավճարները:

Ջանջուղազյանը խոսեց պետական ծառայողների աշխատավարձերի մասին` ընդգծելով, որ նույնիսկ ոչ այդքան օրինաչափ քաղաքական գործընթացների ժամանակ պետությունը ցույց Է տվել, որ ունի կայացած պետական կառավարման համակարգ: Իսկ կայացած համակարգ նշանակում է կարգավորումներ, որոնք թույլ են տալիս ունենալ համարժեք ծառայություն` վարձատրության համակարգ: Նախարարը հիշեցրեց Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքը, թե ինչ եղանակով է հաշվարկվում և իրականացվում հանրային ծառայողների վարձատրությունը, և այդ շրջանակում տարբեր կատեգորիաներ կան, ինչպես` հիմնական աշխատավարձ, հավելավճար, պարգևավճար:

«Հիմնական աշխատավարձի համար սահմանված է սանդղակ, օրինակ` կրտսեր դասի, փորձառություն չունեցող քաղաքացիական ծառայողի համար սահմանված է 1,25 գործակից, նախարարի համար` 12։ Օրենքը կարգավորում է մնացած հարաբերությունները, օրենքով նաև սահմանված է, որ քաղաքացիական ծառայողների համար յուրաքանչյուր տարի պետք է նախատեսվի 10 %-ի չափով պարգևատրման ֆոնդ` աշխատավարձի ֆոնդից, որը հաշվարկվում է տվյալ տարվա համար»,- պատմեց նախարարը:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` նախկինում շուրջ երկու տասնամյակ միայն ֆինանսների նախարարության համար նախատեսված է եղել առանձին տողով պարգևավճար, ինչպես նաև տարբեր գերատեսչություններ ունեցել են իրենց արտաբյուջետային միջոցները, որոնք հնարավորություն են տվել առանց խորհրդարանի կողմից հաստատվելու նախահաշվի շրջանակում գերատեսչությունը ֆինանսավորել այնչափով, որքանով այդ արտաբյուջետային գործառույթներից մուտքեր կառաջանային: Ըստ նրա` գործող կառավարությունը միասնական լուծում է տվել այն տրամաբանությամբ, որ մինչև 20 %-ի չափով բոլորի համար նախատեսվի պարգևավճար, այլ ոչ թե ընտրովի: Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցները գոյացել են երթևեկության կանոնների խախտումներից: Նախարարի խոսքով`այժմ խախտումները բյուջեի համար մուտքեր են, և ոստիկանի բարեկեցության աստիճանը կախված է ոչ թե խախտումներից, այլ դրանք կանխարգելելուն ուղղված ջանքերից ու խորհրդարանի վերաբերմունքից առ պարգևավճարները:

Նախարարը բարձրացրեց այն հարցը, որ շատերին է հուզում, թե ինչու մինչ այժմ չի վերանայվել բազային աշխատավարձը կամ վերանայվել աշխատավարձի գործակիցները: Նրա խոսքով` Կառավարությունը կգնա այդ լուծմանը, երբ վստահ լինի, որ պետական համակարգը ծանրաբեռնված չէ հաստիքներով, որոնք արդյունք չեն ստեղծում:

«Սա միջանկյալ լուծում է, քանի դեռ չենք կարողացել համոզվել, որ օպտիմալ է կառավարման համակարգը, և ծանրաբեռնված հաստիքներ, որոնք գործնականում արդյունք չեն ստեղծում, չկան: Այդ ժամանակ կարող ենք հիմնարար լուծում տալ հարցին, իսկ մինչ այդ սա հնարավորություն է, որոշակի մոտիվացիա` համակարգում խթաններ ստեղծելու համար: Հնարավորություն է անհրաժեշտ համակարգում որակյալ կադրեր ներգրավելու համար»,- ասաց նա:

Պետական համակարգի 19 709 հաստիքի միջին ամսական աշխատավարձը 370 հազար դրամ է` ներառյալ հավելավճարներն ու պարգևավճարները։ Նախարարի խոսքով՝ առանց դրանց աշխատավարձը կլինի 280 հազար դրամ:

Անդրադառնալով հաջորդ տարվա պետական բյուջեին նախարարը նկատեց` շատ է քննարկվում այն հարցը՝ արդյոք այս վիճակում բյուջեի այս նախագիծը ունենալու կարիք կա, թե ոչ: Ֆինանսների նախարարի համոզմամբ` հատկապես այս վիճակում այն կենսական նշանակություն ունի, և առաջիկա ժամանակահատվածի ծրագիր է:

«Բյուջեն մի կողմից ազդեցության գործիք է` հակաբյուջետային քաղաքականության նախագծում է, թե ինչպիսին պետք է լինի` զսպող, ընդլայնող, կախված է նրանից, թե ինչպիսին են մակրոտնտեսական կանխատեսումները, և մյուս կողմից հետևանք է այն ոլորտային քաղաքականությունների, որոնք մեր երկրում բխում են օրենսդրական կարգավորումներից: Ոլորտային քաղաքականությունների գերակշիռ մասը ամրագրված է օրենքներով, բյուջետային ծախսերի 80 %-ն օրենքներով ամրագրված պարտավորությունների արտացոլումն են: Եկեք վերանայենք առաջնահերթությունները, և ըստ դրա՝ փոխենք նախագիծը»,- ասաց նախարարը` դիմելով խորհրդարանին:

Խոսելով ֆինանսական ցուցանիշների մասին նախարարը հայտնեց, որ դրանք վերանայվել են։ Կանխատեսվում է 3,2 % չափ տնտեսական աճ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter