HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդդիմությունը ցույց է անում Ազգային ժողովի դիմաց

16 ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց միացած քաղաքացիները շարունակում են անհնազանդության ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ «Նիկո՛լ, հեռացի՛ր» վանկարկումներով նրանք այսօր՝ դեկտեմբերի 9-ին, երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով։ 

Նշենք, որ այժմ Ազգային ժողովում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջը մեկն է՝ Փաշինյանը պետք է հեռանա․  

«Մենք գտնում ենք, որ ժողովրդի կողմից մեծ աջակցության կա դեպի մեզ, և ժողովուրդը հասկանում է, որ Փաշինյանի՝ մեկ օր ավել իշխանության մնալը, բերելու է մեր երկրի կործանմանը։ Հանրային ճնշումն ամեն օր շատանալու է, և մենք հասնելու ենք մեր նպատակների իրագործմանը։ Ստացված տեղեկությունների վերլուծությունը հիմք է տալիս բոլորիս ենթադրել կամ փաստել, որ այս իշխանությունները վաճառել են մեր հայրենիքը։ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է ձգում և փորձում է իր իշխանությունը պահել»,- ասաց նա։

ԱԱԾ նախկին տնօրենը նշեց մի քանի պատճառ, թե ինչու գործող վարչապետը չի ցանկանում հեռանալ իշխանության ղեկից․

«Առաջին պատճառն այն է, որ նա ունի դեռևս չկատարած ինչ-որ խոստումներ, որոնք պետք է դեռ կատարի։ Երկրորդն այն է, որ նա ուղղակի փորձում է պահել իր իշխանությունը և օգտվել իշխանության բարիքներից։ Եվ երրորդը՝ նա ուղղակի վախենում է։ Ես ասել եմ՝ պետք չէ վախենալ։ Մենք պատրաստ ենք նրան տալ անվտանգության երաշխիքներ»։

Վանեցյանի խոսքով՝ մինչև Փաշինյանը որոշում կայացնի, որ պետք է հեռանա, հնարավոր է, ունենանք անդառնալի հետևանքներ ներքին կյանքում։ 

«Հայրենիքի» ղեկավարն ասաց, որ Փաշինյանը գնալու է, որևէ մեկը այդ հարցում կասկած չունի, և նոր կարգախոս առաջարկեց՝ «Ամանորն առանց Նիկոլի»։ 

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ հայտնեց, որ Ազգային ժողովն այսօր հարցուպատասխանի ժամանակ չունի, մի օրակարգով պետք է նիստ անի՝ քննարկի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter