HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

20-ամյա Վազգենը հունվարին պետք է վերադառնար և տունը վերանորոգեր

«Յուրահատուկ հպարտ քայլվածք ուներ, երբ դարպասը բացվում էր, արդեն գիտեի, որ ինքն է ներս գալու։ Մտնում էր ներս, գոռում՝ մա՛մ, ես արդեն տանն եմ։ Գրեթե երկու տարի է այդ ձայնը չեմ լսել, ու երբեք էլ չեմ լսելու»,-պատմում է զոհված զինծառայող Վազգեն Մկրտչյանի մայրը՝ Արմինե Հարությունյանը։ 20-ամյա Վազգենը 2021թ․ հունվարին պիտի զորացրվեր։ Զոհվել է Հադրութում հոկտեմբերի 14-ին։ Սյունիքի մարզի Մեղրու շրջանի Լեհվազ գյուղից էր։

Ծառայակից ընկերներից մեկը ծնողներին ասել է, որ Վազգենը սկզբում վիրավոր է եղել։ Տղաները շրջափակման մեջ են եղել, Վազգենին չեն կարողացել դուրս բերել, հետո վիրավոր տղայի վրա հակառակորդը նորից է կրակել ու տղան զոհվել է։ Վազգենը որոշել էր միշտ մնալ հայրենի գյուղում։ Ծնողները հորդորում էին գյուղից դուրս գալ, ծառայությունից հետո տեղափոխվել Երևան։ Տղան ասում էր, որ Մեղրին իր սիրած վայրն է, ուրիշ տեղ ապրել չի ուզում։

Դպրոցում սիրած առարկան մաթեմատիկան էր, լավ էր սովորում։ Որոշել էր ավտոմեխանիկ դառնալ, սովորում էր Մեղրու պետական քոլեջում։ Նա ընտանիքի կրտսեր զավակն է։ Մեծ եղբայր էլ ունի՝ Գագիկը։ 

Եղբայրն ասում է, որ չնայած ինքն էր եղբորից մեծ՝ 3 տարով, բայց շատ հարցերում Վազգենն ավելի հասուն էր մտածում։ «Ինքն իր տարիքում էնքան մեծ էր մտածում։ Ես իրենից 3 տարի մեծ եմ, բայց երբեք էդ տարբերությունը չէի զգում, մեծի պես էր մտածում, գործում, մեկ-մեկ նույնիսկ ինքն էր ինձ ուղղություններ տալիս»,-պատմում է Գագիկը։

Մեր այցելության պահին նրանց տանն էր նաև հարևանը՝ Թամարա Աղամալյանը։ Արմինեն ասաց, որ Թամարան իրենց ընտանիքին շատ հարազատ է։ Հարևանը պատմեց մեզ, որ շատ էր սիրում Վազգենին, տղան մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր։ Բոլորի հետ լեզու էր գտնում։ Բոլորին հարմարվում էր։ Կատակասեր ու աշխույժ էր։ Վազգենն ուշադիր էր բոլորի հանդեպ, հիշում էր բոլորի ծննդյան օրերը։ Արմինեն ասում է, որ բանակից զանգում էր ու հիշեցնում, թե որ օրն ում տարեդարձն է։ Հարևանը՝ Թամարան էլ հիշեց, որ հոկտեմբերի 10-ին զանգել ու իր աղջկա տարեդարձն էր շնորհավորել։

«Աղջկաս ծնունդը հոկտեմբերի 10-ին էր։ էնտեղից՝ չնայած նրան, որ կռվի դաշտում էր, զանգել ու շնորհավորել էր աղջկաս՝ Արևիկի ծնունդը։ Շատ ուշադիր էր, էնքան ուշադիր, որ երբ զանգում էր, բոլորի որպիսությունից հարցնում էր, անգամ իմ սկեսուրի ու սկեսրայրի, քանի որ տարեց են ու վատառողջ»,-ասում է հարևանը։ 

Արմինեն պատմում է, որ մի օր, երբ զանգել է Վազգենին, զրուցելիս եղանակից է հարցրել, Վազգենն ասել է, որ տաք է, չեն մրսում, ամեն ինչ լավ է, մի քանի վայրկյան հետո ուժեղ ձայն է լսել, մայրը եզրակացրել է, որ հրթիռակոծում են։ Վազգենն անջատել է հեռախոսը, հետո նորից զանգահարել ու ասել է, որ ամպերն են գոռում, կտրուկ եղանակը փոխվել է, վատացել։ Մայրն, իհարկե, չի հավատացել, տղան ուժեղ էր ու երբեք չի ցանկացել ծնողներին վախեցնել կամ ընկճել։

«Վազգենը երբեք չի դժգոհել, չի բողոքել, իր պատմելով` ծառայությունը խաղ ու պար էր, չկար ոչ մի դժվարություն։ Անգամ պատերազմի օրերին, երբ հարցնում էինք` ոնց է, երբեք չէր ասում, որ իրավիճակը վատ է»,-պատմում է մայրը։

Հետո աչքերը տղայի նկարին հառած մեզ պատմում էր, որ Վազգենը շատ երազանքներ ուներ, իսկ ինքը համոզված է, որ Վազգենն ամեն ինչ անելու էր, նպատակասլաց էր, ասել էր, որ գալու է, միասին տունն են վերանորոգելու։ 

Վազգենն ու իր ավագ եղբայր Գագիկը իրարից շատ տարբեր են։ Մայրն ասում է՝ լրիվ հակապատկերներ են։

«Այ եթե Վազգենը հիմա էստեղ լիներ, էսպես լուռ ու մունջ չէինք նստի, կատակներ կաներ, զվարճալի դեպքեր կպատմեր»,-ասում է մայրը։ 

Արմինեն ասում է, որ կյանքն իր համար ավարտվել է, չի ապրում, այլ ուղղակի գոյություն ունի։ 

«Գիտե՞ք` միշտ հպարտ եմ եղել, որ երկու տղա եմ լույս աշխարհ բերել, գիտեի, որ մեջք ունեմ: Hիմա, կարծես թե, մեջքս կոտրվել է»,-ասաց Արմինեն։

Գլխավոր լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter