
Կանադահայերն իրենց երախտագիտությունն են հայտնել Ենգոյան ամուսիններին՝ գնելով 40 կգ մեղր եւ նվիրելով լվացքի մեքենա
Շիրակի մարզի Արփենի գյուղի բնակիչ, 89-ամյա Հովսեփ Ենգոյանի եւ կնոջ փոխանցած 1 մլն դրամ նվիրատվությունը «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի կողմից իրականացվող «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին, շատերին էր հուզել: Հոկտեմբերի 20-ին «Հետք»-ում հոդված էր հրապարակել թոշակառու ամուսինների մասին: Հրապարակման արձագանքները տարբեր էին, որոնցից մեկը գործնական բնույթի էր: Խմբագրություն էր զանգահարել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակչուհի Էլիզա Սարգսյանը, ում միջոցով Տորոնտոյում ապրող մեր հայրենակիցները ցանկություն էին հայտնել որեւէ կերպ փոխհատուցել ամուսինների կատարած նվիրատվությունը:
«Զարմուհիս՝ Սոֆյա Սարգսյանը, որ ապրում է Կանադայում, կարդացել էր «Հետք»-ի հոդվածը, որոշել էր ընկերների հետ դրամահավաք կազմակերպել եւ հավաքած գումարով օգնել Հովսեփ Ենգոյանի ընտանիքին: Սկզբում մտադրություն կար այնքան գումար հավաքել, որ փոխհատուցեն թոշակառու ամուսինների կատարած փոխանցումը հիմնադրամին: Հետո տեղեկացանք, որ Ենգոյանները գումարը չեն վերցնի, որոշեցինք իրենց արտադրած մեղրից որոշակի քանակություն գնել եւ լվացքի մեքենա նվիրել, քանի որ հոդվածում կարդացել էինք, որ չունեն»,- ասում է Էլիզա Սարգսյանը:
Ենգոյաններն իրենց ողջ խնայողությունը Հիմնադրամին փոխանցել էին հոկտեմբեր ամսին: «Միլիոն էր, խոմ միլիարդ չէր, օր ըդպես խառնվել եք իրար: Հայրենիքի փրկության համար էդ չնչին գումար է»,- մեր առաջին հանդիպման ժամանակ նշել էր 89-ամյա Հովսեփ Ենգոյանը: Հաջորդ հանդիպումը նոյեմբերին էր, այս անգամ այցելել էինք մեծ խմբով: Ամուսինները հուզված էին անակնկալից: «Վա՜յ, էս ընչի եք ախր նեղություն քաշել, ախր կառնեինք էլի էդ լվացքի մեքենան, ոչինչ, կարող է ուշ էղներ, բայց դե մեղրը կծախեինք՝ կառնեինք»,- շփոթված նկատեց տիկին Ասյան՝ իմանալով նվերի մասին լուրը:
Էլիզան ամուսիններին է հանձնում 40 կգ մեղրի գումարը՝ 160 հազար դրամ եւ լվացքի մեքենայի գնման կտրոնը, քանի որ նվերը պետք է տեղ հասներ մի քանի ժամից:
«Ի սկզբանե հանգանակությամբ հավաքված գումարը նախատեսված էր այս ընտանիքի համար, սակայն իրավիճակն այնպես փոխվեց, որ հանգանակության կազմակերպիչները որոշեցին հավաքած 2.600 դոլար գումարը բաշխել մի քանի տեղ: Այդ գումարով մենք կարողացել ենք աջակցել Արցախից Հայաստան տարհանված 4 ընտանիքի, մեկ զոհված կամավորականի ընտանիքի եւ մեկ ժամկետային զինծառայողի: Երեք ընտանիքի տվել ենք 100 հազարական դրամ եւ մեկին՝ 150 հազար դրամ: Աջակցության պատկերը փոխեց նոյեմբերի 10-ը, բայց վստահ եմ, որ այսպես որոշակիորեն ավելի շատ գործ արվեց»,- նկատում է Էլիզան:
Խորհրդակցելուց հետո, որոշվեց գնված մեղրը հանձնել Գյումրիում գործող «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ին՝ պատերազմից տուժած ընտանիքներին բաժանելու համար: «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն BfDW կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է հումանիտար աջակցություն Արցախից տեղահանված եւ պատերազմում զոհված ու հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքներին:
«Մեր կազմակերպությունն անցած մեկ ամսվա ընթացքում պատերազմից տուժած ընտանիքներին տրամադրել է սնունդ եւ հիգիենայի պարագաներ: Այս պահին դեռ շարունակում ենք բաժանել հումանիտար փաթեթները, դրան կավելանա նաեւ մեղրը, որ Կանադայում իրականացված հանգանակության շնորհիվ և շնորհիվ Սարգսյան քույրերի, հնարավոր եղավ ձեռք բերել Ենգոյաններից»,- նշեց ՀԿ-ի ներկայացուցիչ Մարինա Ջուհարյանը:
Մեկնաբանել